ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Հայաստանի նախագահը փաստել է ԵՄ-ի հետ գործակցության նոր փուլի մեկնարկը

0

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում հայտարարել է, որ ԵՄ-ի հետ հարաբերություններում հերթական պատասխանատու փուլ է մեկնարկել:


«Անցած շաբաթ Լյուքսեմբուրգում Եվրոպական Միության խորհուրդը տրամադրեց Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ բանակցություններ սկսելու մանդատը»,- Սարգսյանի խոսքն է մեջբերում նախագահի մամուլի ծառայությունը:

Նախագահը հույս է հայտնել, որ բանակցությունների արդյունքում մշակված փաստաթուղթը կուրվագծի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ փոխգործակցությունը՝ դառնալով Հայաստան-ԵՄ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համատեղ հանձնառության լավագույն երաշխիք։


Իր ելույթում Սարգսյանը նշել է, որ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովը ողջունեց Հայաստանի և Եվրամիության միջև գործակցության ապագա շրջանակի շուրջ նախնական պայմանավորվածություն ձեռք բերելը:

Նախագահը բարձր է գնահատել եվրապացի գործընկերների, այդ թվում` ԵԺԿ-իօժանդակությունը, հույս հայտնելով,  որ բանակցությունների ընթացքում ևս ԵԺԿ-ն Հայաստանի կողքին կլինի՝ դրանք հնարավորինս արագ ավարտին հասցնելու և արդեն նոր իրավական հիմքով Հայաստանի եվրոպական օրակարգը շարունակելու համար:


Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է նաև սահմանադրական բարեփոխումներին, ընդգծելով, որ Հայաստանը շարունակում է զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, իշխանության ճյուղերի հավասարակշռումը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու դատական համակարգի անկախությունը:



«Այդ ուղղությամբ մենք մեծ քայլ ենք կատարել՝ նախաձեռնելով սահմանադրական բարեփոխումներ մեր երկրում, ինչն իրականացնում ենք Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ: Եթե մեր ժողովուրդը դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի ժամանակ հավանություն տա սահմանադրական փոփոխություններին, ապա Հայաստանը կիսանախագահական կառավարման մոդելից կանցնի խորհրդարանական մոդելի, ինչն էլ ավելի արդյունավետ կդարձնի իշխանության տարբեր թևերի փոխգործակցությունը, հիմքեր կստեղծի տնտեսության ավելի ինտենսիվ զարգացման համար, կբարձրացնի մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը, կուժեղացնի ընդդիմության ինստիտուցիոնալ դերակատարումը»,- ասել է նա:

Վերջում Սարգսյանն ասել է, որ հայ ժողովուրդը մեծապես գնահատում է Եվրոպական խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման գործում ԵԺԿ ունեցած ներդրումը, ինչպես նաև ԵԺԿ քաղաքական համաժողովի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» բանաձևը:

«Այդ բանաձևերը գալիս են փաստելու, որ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը՝ որպես Եվրոպական խորհրդարանում ներկայացված ամենամեծ քաղաքական խումբ և եվրոպական ինքնության ու գաղափարի առաջ մղող ուժ, անկախ ամենատարբեր քաղաքական նկատառումներից, հանձնառու է մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը»,- ընդգծել է Սարգսյանը:

Համագումարին, որն անցկացրել է ԵԺԿ ղեկավար Ժոզեֆ Դոլը, մասնակցել են Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան Կլոդ Յունկերը, ԵԺԿ անդամ երկրներ ներկայացնող պետությունների և կուսակցությունների ղեկավարներ:


ԵԺԿ-ն ներկայացված է Եվրամիության քաղաքական բոլոր ինստիտուտներում, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդում:

Հայկական երեք կուսակցություններ` Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Օրինաց երկիր» և «Ժառանգություն» կուսակցությունները 2012 թվականի փետրվարի 10-ին ստացել են ԵԺԿ-ի դիտորդի կարգավիճակ: -0-