ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Սեյրան Օհանյանը գոհ է ԿԽՄԿ-ի հետ համագործակցության մակարդակից

0
Հայաստանի պաշտպանության նախարար, Հայաստանի գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Պատրիկ Վիալին:


Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ հանդիպման նպատակն էր քննարկել պաշտպանության նախարարության և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության միջև համագործակցության ընթացիկ խնդիրներն ու օրակարգային հարցերը, նախանշել առաջիկա համատեղ ծրագրերը:


ԿԽՄԿ պատվիրակներն արժևորել են Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովում Հայաստանի պետական կառավարման մարմինների և հատկապես պաշտպանության նախարարության ներդրումը` շնորհակալություն հայտնելով համագործակցության և ներկայացուցչության բարձր մակարդակի համար:


Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ «Արցախյան ազատամարտի ժամանակ անհայտ կորածների մտացածին թվաքանակի և զանգվածային հուղարկավորության վայրերի վերաբերյալ ադրբեջանական իշխանությունների տարածած ապատեղեկատվությունը և հայկական կողմին հասցեագրված անպատասխանատու մեղադրանքները նպատակամիտված են ոչ միայն միջազգային հանրությանը ապակողմնորոշելուն, այլև ադրբեջանական հասարակությունում հակահայկական տրամադրությունները հանցավոր կերպով խորացնելուն»:


Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ին և դրա հայաստանյան ներկայացուցչությանը համագործակցության բարձր մակարդակի համար՝ վստահեցնելով, որ Հայաստանի պետական կառավարման պատկան մարմինները պատրաստակամ են սատարել կազմակերպության` մարդասիրական ուղղվածության բոլոր նախաձեռնություններին: