Գեղամ Պետրոսյան. Իմ աղջիկը
“Աչքդ լույս, աղջիկ ես ունեցել… Հորով-մորով լինի, առողջ երեխա, արժանի զավակ….”
Բարեմաղթանքները շարունակվում էին, ու ես այլեւս ոչինչ չէի լսում: Ես միայն հիշում էի բժիշկի դեմքը, ակնոցների տակից պսպղացող աչքերը, ականջներիս մեջ լսվում էր նրա ձայնը: Իննը ամիս սպասում էինք քո գալուստին, բայց որ դու կգայիր ու միանգամից այդպես կներխուժեիր իմ կյանք, ամբողջովին տակն ու վրա անելով, դա իսկապես չէի պատկերացնում: “Ես հայր եմ դարձել”, - անընդհատ ասում էի ինքս ինձ, այն էլ աղջիկ երեխայի:
Հիշում եմ, հայրս քույրերիս ավելի շատ էր սիրում. ամեն դեպքում, ես այդպես էի մտածում: Նրանց նկատմամբ ավելի ուշադիր էր, բայց շատ խիստ: Երբ երեխաներով կռվում էինք ու քույրերս միշտ մեղավոր էին լինում, հայրս նրանց չէր պատժում.ասում էր, դե~ աղջիկ են էլի….:
Հիմա դերերը փոխվել էին, ու ես հայտնվել էի հորս դերում: Բայց դեռ ամբողջովին չէի գիտակցում, որ դու լինելու ես իմ ամենափոքր ընկերը, խորհրդատուն: Չէի կարող պատկերացնել, որ երբ աշխատանքից ուշ տուն վերադառնամ ամենաշատը ամաչելու եմ քեզանից, որ քո հետ չեմ խաղում, հեքիաթ շատ քիչ եմ պատմում, ու դու էլ մեծ աչուկներով նայելու ես ինձ ու ասես. “Պապ,էլի հոգնած ե՞ս, բայց դու խոստացել ես, որ այսօր միասին տուն ենք կառուցելու, չէ՞ պապ”: Իսկ վերջում մեծ աչուկներդ լայն բացած ասելու ես. “Պապ արի մի բան անենք, մամային գժվացնենք”: Հենց այդ բառից սկսվում է իմ օրվա հաջորդ փուլը, ամբողջ տունը իրար ենք խառնում ու այն մի հետաքրքիր խաղադաշտ սարքում… արդեն տասը րոպե հետո մայրիկիդ բարկացած ու “զգաստացնող” ձայն ենք լսում…. Ու սուս ու փուս պարտիզանների նման հեռանում ենք, կարծես թե ոչինչ չի եղել:
Ես միշտ զարմանում եմ այն մարդկանց վրա, որ տխրում են, երբ իմանում են, որ աղջիկ են ունենալու: Երբեք չեմ հասկացել ու երեւի չեմ էլ հասկանա: Առավոտ շուտ շտապում եմ աշխատանքի: Կոստյումս եմ փնտրում, չեմ գտնում: Հետո սկսում ենք ես ու կինս փնտրել` չկա ու չկա:
“Ա~յ քեզ բան համբարձվեց երկինք”, - խառնված ասում է կինս: Հանկարծ տեսնում եմ, որ բարձրացել ես աթոռին, մի քանի տակ ծալել կոստյումս թեւքերրիդ վրա, ու թոթվախոս ձայնով կանչում ես. “Պա~պ պահեմ հագի”:
Այդ պահին հիշեցի հորս: Քույրերս էլ ժամանակ առ ժամանակ նման բաներ էիր անում, իսկ արդեն հասուն տարիքում կոստյումը պահելու, կամ վերնաշապիկը արդուկելու համար գումար էին աշխատում: Քթիս տակ ժպտում եմ, ու Նանեիս պարզ ու մեծ աչուկների ներքո հագնում կոստյումս ու դուրս գալիս: Չեմ մոռանում քո պատրաստած սուրճը, որ պատրաստել էիր մայրիկիցդ թաքուն՝ ամբողջովին կեղտոտելով գազը: Դա ուրիշ համ ուներ, դա միայն սուրճ չէր, այլ ամեն ինչ: Քո կարոտն էր, խռովկան լինելն էր ու քո մեծ սերն էր: Նանես, ամեն օրդ վայելում եմ, ու ասում. “Երջանկություն է աղջիկ ունենալը”: Նույնիսկ եղբորդ ծնունդով չպակասեց իմ սերը, ասում եմ, որ էլ չհարցնես. “Պապ ինձ ես շատ սիրում,թե ապերին”:
