Հայաստանը չի կարողանա ամբողջովին կատարել 2015 թ.-ի բյուջեն. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը չի կարողանա ամբողջությամբ կատարել 2015 թվականի բյուջեի ցուցանիշները, կարծում է տնտեսական գիտությունների թեկնածու պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը:
«Այսօր աշխարհում գլոբալ զարգացումներ են կատարվում, որոնք էական ազդեցություն կգործեն Հայաստանի տնտեսության վրա: Մենք աշխարհագրական բարդ տարածաշրջանում ենք, գումարած այն փաստը, որ երկիրը հարուստ չէ ռազմավարական ռեսուրսներով: 2015 թվականը թեթև տարի չէր: Այդ ամենը, բնականաբար, կազդի բյուջեի կատարողականի վրա»,- երեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Բոստանջյանը:
Հայաստանի` 2015 թվականի պետբյուջեի վերջնական նախագծի համաձայն, եկամտային հոդվածը կազմում է 1 տրլն 191 մլրդ դրամ, ծախսայինը` 1 տրլն 305 մլրդ դրամ (կամ ՀՆԱ-ի 26,82%): ՀՆԱ իրական աճը ծրագրված է 4,1% մակարդակում, գնաճը`4% (±1,5%), ՀՆԱ անվանական ծավալը` 4867,5 մլրդ դրամ, իսկ ՀՆԱ դեֆլյատորը` – 3,3 տոկոս:
Բոստանջյանի խոսքով, 2016 թվականի ծրագրած պետբյուջեն «8,6 մլրդ դրամով ավելի համեստ է, քան նախորդը»: «Դա խոսում է այն մասին, որ մենք որոշակի բարդություններ կունենանք բյուջեի եկամտային մասի ցուցանիշների ապահովման հարցում»,- ասաց նա:
Տնտեսագետը նաև ընդգծեց, որ, չնայած վերոնշյալին, Հայաստանում բյուջեի սկվեստրի գործը չի հասնի:
Տնտեսական ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիներից մեկը, ըստ Բոստանջյանի, Իրանի հետ գործակցության խորացումն է: Խոսելով ԵՏՄ-ի կազմում գտնվելու ընթացքում Հայաստանի տնտեսական հեռանկարների մասին` փորձագետը նշեց, որ առայժմ չի կարելի խոսել դրանց բացակայության մասին, սակայն այս պահին «ԵՏՄ-ն չի գործում»:
«Այնուամենայնիվ, ԵՏՄ-ն 170-միլիոնանոց շուկա է, և այդ փաստը չի կարելի անտեսել: Յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտի համար կարևոր է մեծ շուկայի առկայությունը, սակայն այդպիսի շուկա մտնելը շատ բարդ է»,- ավելացրեց նա:
Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 1-ին հաստատել է 2016 թվականի պետբյուջեի նախագիծը, որի համաձայն, ՀՆԱ իրական աճը նախատեսված է 2,2%-ի չափով: ՀՆԱ դեֆլյատոր-ցուցիչը կանխատեսվում է 4%, 12-ամսյա գնաճը` 4% (±1,5%), պետբյուջեի պակասուրդը`ՀՆԱ-ի 3,5% -ը: Ծախսային հոդվածը կկազմի 1 տրլն 373,7 մլրդ դրամ, իսկ եկամտայինը` 1 տրլն 183 մլրդ դրամ ($1 – 473,13 դրամ):--0--