BLiink-ը կօգնի խուսափել աչքերի եւ կեցվածքի հետ կապված առողջական խնդիրներից
BLiink-ն արհեստական բանականությամբ աշխատող հավելված է, որն օգնում է համակարգչից օգտվողներին խուսափել աչքերի եւ կեցվածքի հետ կապված առողջական խնդիրներից։ Ստարտափը մշակել է ծանուցումների համակարգ, որի շնորհիվ աշխատանքային ժամերն առավել առողջ եւ արդյունավետ կդառնան։
BLiink-ի գաղափարի ձեւավորման, աշխատանքի սկզբունքի, ներդրումների ու թիմի ծրագրերի մասին iTel.am-ին պատմել է ստարտափի համահիմնադիր Նաիրի Բաղդասարյանը։
Գաղափարը
Մասնագիտությամբ միջուկային էներգետիկ եմ: Լեհաստանում 2-րդ PHD-ն եմ արել եւ 2020 թվականին պատերազմի ժամանակ վերադարձա ու որոշեցի Հայաստանում ապրել։
Սկսեցի ծրագրավորում սովորել, ընդունվեցի աշխատանքի որպես Data Scientist՝ աշխատելով տարբեր ընկերություններում: Տեսողությունս 3-4 տարվա ընթացքում վատթարացավ՝ դառնալով -1,5: Բժիշկս ասաց, որ համակարգչով պետք է քիչ աշխատեմ, աչքի արցունքներ օգտագործեմ, բայց միշտ մոռանում էի ու աչքերս ցավում էին:
[[gallery1]]
BLiink-ի գաղափարը եկավ այդ խնդիրը լուծելու: Սկսեցի ուսումնասիրել ու բացահայտեցի, որ մարդիկ համակարգչով աշխատելիս սովորաբար 3 անգամ քիչ են թարթում աչքերը, հետեւաբար չորանում են, կարմրում, ցավում, որը կարող է նաեւ գլխացավի հանգեցնել: Մեր ուղեղը չի կարողանում զուգահեռ մի քանի պրոցես ղեկավարել, նույնը նաեւ մեջքի ու ճիշտ կեցվածքի պահպանման առումով է: Ինքս մեջքի խնդիր չունեի, բայց ուսումնասիրելու ընթացքում տեսա, որ շատերի մոտ այն առկա է։
Համակարգիչների օգտատերերի գրեթե 40 տոկոսը մեջքի խնդիր ունի, իսկ 50 տոկոսը՝ աչքերի։ Այսինքն՝ գլոբալ խնդիր է։
Արդյունքում հասկացա, որ լավ կլինի, եթե ինչ-որ մեկն ինձ հիշեցնի՝ աչքերս հաճախ թարթեմ եւ ուղիղ նստեմ: Երբ արդեն մեքենայական ուսուցման գիտության մեջ էի, ուսումնասիրեցի մոդելներն ու հասկացա, որ այդ մեկը կարող է լինել հենց համակարգիչը, որը կհիշեցնի այդ մասին եւ ճիշտ կեցվածքով աշխատելու սովորությունը մեզ մոտ կձեւավորի:
Առաջին քայլերը
Ընկերներիս հետ կիսվել էի գաղափարով ու դիմեցինք FAST-ի InVent ծրագրին, որտեղ շատ գիտելիքներ ձեռք բերեցի բիզնեսի ոլորտում: Սկզբում ինձ միացած ընկերներս մեկ ամիս անց դուրս եկան նախագծից, քանի որ չհավատացին գաղափարին։
[[gallery2]]
Այնուհետեւ Արտաշեսը միացավ ինձ եւ Արթուրին ներգրավեց, ով տեխնիկական գծով է պատասխանատու։ Հիմա երեքով համահիմնադիրներ ենք դարձել։ 2021-ի հոկտեմբերից մեկնարկեցինք գործունեությունը։ Բոլորս այլ ընկերություններում աշխատանք ունենք ու շաբաթ-կիրակի օրերին կամ աշխատանքից հետո ենք հիմնականում ստարտափը զարգացնում:
Ինչպես է աշխատում BLiink-ը
Bliink-ը համակարգչային հավելված է՝ նախատեսված Windows օպերացիոն համակարգի համար։ Հարկավոր է ներբեռնել համակարգչում։ Այն աշխատում է առանց համացանցին միանալու, ոչ մի տվյալ չի փոխանցում եւ գործարկելուց հետո այն գործում է ավտոմատ ռեժիմում:
Ծրագիրը վերցնում է օրինակելի դիրքը ու համեմատում մյուս դիրքերի հետ, ծանուցում ուղարկում անհամապատասխանության դեպքում։ Ծանուցումն էկրանից անհետանում է միայն աչքերը թարթելուց եւ/կամ կեցվածքն ուղղելուց հետո։
Օգտատերը կարող է նշել, թե ինչ ձեւով է նախընտրում ծանուցումներ ստանալ, օրինակ, էկրանի որ մասում, ինչ չափով, տեքստով ու պարբերականությամբ:
Ինքս սկսել եմ մեծ հաճախականությամբ ծանուցումներից, աստիճանաբար քչացնում եմ։ Տեսականորեն 66 օրում մարդու մոտ սովորություն է ձեւավորվում։ Այս պրոցեսում մկանային, ենթագիտակցական հիշողություն պետք է ձեւավորել ու սովորություն դարձնել համակարգչով աշխատելիս աչքերը թարթելը եւ ուղիղ կեցվածք ընդունելը։ Մեկ ժամում 5-10 անգամ հիշեցումը բավականին արդյունավետ է։
[[gallery3]]
Համակարգը տրամադրում է նաեւ վերլուծություն, որի միջոցով հնարավոր է տեսնել, թե ինչ փոփոխություններ կամ առաջընթաց կա, քանի անգամ է ստուգվել ու քանիսը սխալ արձանագրվել։ Արհեստական բանականությունն օգտագործում ենք պատկերների ճանաչման, համեմատության համար։
Ներդրումներ եւ աքսելերացիա
InVent ծրագրին մասնակցելուց հետո FAST-ի հրեշտակ ներդրողների ցանցից (STAN) ենք ներդրում ստացել։ Այն սկզբնական փուլում հարկավոր էր սերվերների համար։ Ծրագրին դիմեցինք նաեւ հրեշտակ ներդրողների կապերի, մենտորության համար, որը շատ ավելի մեծ արժեք ունի մեզ համար։ Մասնակցել ենք նաեւ Hero House-ի Armenia Startup Academy-ի աքսելերացիոն ծրագրին, որի ավարտից հետո GIZ-ից դրամաշնորհ ենք ստացել։ Նաեւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից՝ «Գաղափարից բիզնես» նախագծով 10 միլիոն դրամի չափով:
Թիմը
Թիմում 5 հոգի ենք։ Ներդրումներից հետո երկու հոգի միացավ թիմին՝ մարքեթինգի ղեկավար Ինեսսան եւ դիզայներ Կարենը։ Ինձ համար կարեւոր է, որ թիմում լինեն այնպիսի մարդիկ, ովքեր հավատում են գաղափարին ու նվիրվող են։
[[gallery4]]
Մեր թիմային հանդիպումները միշտ չէ, որ գրասենյակային են, երբեմն հեռակա ենք աշխատում։ Որպես կանոն գոնե շաբաթը մեկ անգամ հանդիպում ենք ու բրեյնսթորմ անում, որոշում հետագա զարգացման ծրագրերը։ Մեզ մոտ առաջին տեղում թափանցիկությունն է, բոլորս տեղյակ ենք յուրաքանչյուր գործընթացից ինչ կատարվում է ստարտափում։
Հաճախորդներ ու թիրախ
Երբ սկսեցինք ծրագիրը մշակել, ունեինք ընկերների շրջանակ, որ օգտագործում էին այն ու արձագանքներ տալիս մեզ։ Այդ տվյալները հավաքում ենք ու բարելավում համակարգը։ Սկսել ենք Հայաստանի շուկայից ու թիրախավորում ենք հիմնականում ՏՏ ոլորտի ընկերություններին, որոնք կարող են իրենց աշխատակիցների համար ներդնել համակարգը, որը մինչեւ 20 տոկոս կարող է արդյունավետ դարձնել նրանց աշխատանքը։
Առաջիկա պլաններ
Ներկայում Mac OS-ի համար ենք մշակում այս լուծումը։ Ծրագրում ենք միջազգային շուկա դուրս գալ։ Ցանկանում ենք այնպես անել, որ BLiink-ն օպերացիոն համակարգերում ներկառուցված դառնա։
[[gallery5]]
Մոբայլում հիմնականում պլանավորում ենք աչքերը թարթելու հատվածն ավելացնել, հատկապես երեխաների համար նախատեսված տարբերակ ենք ուզում մշակել։ Ծանուցումների հատվածն ավելի բազմազան կլինի ու անհատականացված։
Նունե Գրիգորյան