Հայաստանը մտադիր չէ հրաժարվել նոր ատոմակայանի կառուցումից. Էներգետիկայի նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը չի հրաժարվի նոր ատոմակայանի կառուցումից, նշվում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հաղորդագրության մեջ։
«Չնայած կառավարությունը պատրաստվում է երկարացնել Մեծամորի ատոմակայանի գործող բլոկի շահագործման ժամկետը, այնուհանդերձ դա ամենևին չի նշանակում, թե Հայաստանը հրաժարվում է նոր ատոմային կայան կառուցելու մտադրությունից», – նշվում է հաղորդագրության մեեջ։
ՀՀ կառավարությունը 2014 թ.–ի մարտին որոշեց երկարացնել ԱԷԿ–ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետները միջուկային նոր էներգաբլոկի կառուցման հարցում ձգձգումների կապակցությամբ։ «Ռոսատոմը» հայ փորձագետների հետ համատեղ պայմանավորվել է աշխատել 10 տարով (մինչև 2026 թ.–ը) ԱԷԿ–ի շահագործման ժամկետի երկարացման նախագծի իրականացման ուղղությամբ։ Նախատեսվում է, որ այդ աշխատանքները կսկսվեն 2017 թ.–ի գարնանը և կտևեն մոտ կես տարի։ Ռուսաստանն այդ նպատակով Հայաստանին կտրամադրի 300 մլն դոլար։
Ինչպես նշում է նախարարությունը, նոր ԱԷԿ-ի կառուցման մասին Հայաստանը հայտարարեց տարիներ առաջ և այդ նախաձեռնությունը շարունակում է մնալ օրակարգում։
«Մեկընդմիշտ պետք է գիտակցել, որ Հայաստանը ատոմային էլեկտրակայանին այլընտրանք չունի։ Պարզապես տարբեր պատճառներով վերջին շրջանում գործընթացը դանդաղել է», – նշել են նախարարությունից։
Ըստ հաղորդագրության` նախ՝ դրան խանգարեց Ֆուկուսիմայի վթարը, որից հետո ամբողջ աշխարհում փոխվեց վերաբերմունքը ատոմային էներգիայի օգտագործման նկատմամբ։ Դրանից հետո գտնվեցին նույնիսկ երկրներ, այդ թվում՝ նաև Գերմանիան, որոնք որոշեցին հրաժարվել ատոմային էներգիայի օգտագործումից։
Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ ատոմային էներգիան շարունակում է համարվել էլեկտրաէներգիայի ամենաարդյունավետ, որակյալ, հուսալի և էժան ռեսուրսներից մեկը։ Հայաստանը ևս չի պատրաստվում հրաժարվել դրա օգտագործումից։ Եվ անկախ ամեն ինչից, մինչև 2027թ. Հայաստանը պետք է ունենա նոր ատոմային բլոկ», – նշվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Նախարարությունում կարծում են, որ ատոմակայանի գործող բլոկի շահագործման ժամկետի երկարացումը ստեղծում է հնարավորություններ մեկ անգամ ևս մանրակրկիտ դիտարկելու նոր ԱԷԿ-ի կառուցման ծրագիրը։ Դրա համար Հայաստանը երկու-երեք տարի ժամանակ ունի։ Այդ ընթացքում կուսումնասիրվեն այն նոր տեխնոլոգիական լուծումները, որոնք առաջարկում է շուկան։ Տարածաշրջանում հայկական միակ ԱԷԿ–ը գտնվում է Երևանից 30 կիլոմետր դեպի արևմուտք։ Ներկայում գործում է ատոմակայանի 407.5 ՄՎտ հզորությամբ միայն երկրորդ բլոկը։ Փորձագետների գնահատականներով, ԱԷԿ–ը կարող է գործել մինչև 2016 թվականը, սակայն Եվրամիությունը պնդում է, որ այդ ԱԷԿ–ի աշխատանքը պետք է դադարեցվի։ –0–