ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Շնորհակալություն, ցտեսություն…

0

ԵՎՐՈ-2016 ընտրական փուլով նոր ժամանակաշրջան սկսեց եվրոպական ֆուտբոլի պատմության մեջ: Առաջին անգամ մայրցամաքի առաջնությանը մասնակցելու էին 24 հավաքականներ: Շրջադարձային ժամանակաշրջան, որտեղ կարող էին երերալ նույնիսկ Հոլանդիայի նման հսկաները, սակայն ամեն մի արկածախնդիր էլ կարող էր գտնել իր հաջողությունը, ձեռք գցել ու փախցնել իր պատառը ճոխ սկուտեղից:

Այլեւս կարեւոր չէր՝ ով ես եղել դու մինչ այս: Կարեւորն այն է, թե ով ես դու սկսած փուլի առաջին խաղից: Այսպես, Եվրոպայի առաջնության ուղիղ մասնակցություն ապահոված երկրներից Ուելսը, Ալբանիան եւ Հյուսիսային Իռլանդիան նախորդ՝ Աշխարհի առաջնության ընտրական փուլում իրենց խմբերում 5-րդն էին, Թուրքիան ու Լեհաստանը՝ 4-րդը: Կարծես մի անտեսանելի ձեռք, հավանաբար՝ Պլատինիինը, բոլորին բերեց հավասարեցրեց նույն կետի, որտեղից էլ տրվեց մեկնարկային սուլիչը:
[[gallery1]]
Ինչ էր պետք անել՝ լինել առավելագույնս ճարպիկ ու արագաշարժ, նախանշել եզրագծին հասնելու ամենաօպտիմալ ճանապարհը եւ առանց վարանելու սլանալ դրանով: Սա նման է մեծ մրցանակային ֆոնդով, բայց փոքր մուտքավճարով ազատ մարաթոնային վազքի, որտեղ մեկնարկային ազդանշանից հետո մասնակիցների առաջին շարքը հայտնվում է գետնին՝ կոխկրտվելով հետեւից եկող մասնակիցների կողմից, որից հետո հարց է` կկարողանա այլեւս վեր կենալ, թե ոչ: Հայաստանը Շալանդի հետ հայտնվել էր հենց առաջին շարքում, բայց շվեյցարացին բավարար փորձ եւ, որ ամենակարեւորն է, երիտասարդի թարմ արյուն այս մրցավազքի համար չուներ:

Շալանդը մտածող ու երազող ծերուկ էր, բայց ուժերն այդ տարիքում հերիքում են միայն տան բակում գեղեցիկ պարտեզ կառուցելու համար, երբ պետք է ստեղծել եւ ոչ թե պայքարել: Գուցե եւ պետք էր նրան պահել Հայաստանում, որպեսզի շարունակեր իրականացնել ֆուտբոլի զարգացման իր ներկայացրած ծրագիրը, աշխատեր հայ մանուկների հետ ու, վստահ եմ, արդյունք կունենար: Նա կռվի մեջ էլ լիովին չտապալվեց, նրա ղեկավարությամբ բոլոր 4 պաշտոնական խաղերում մեր թիմը պարտվել է ընդամենը 1 գնդակի տարբերությամբ, նրա թիմը երերում էր ստացած հարվածներից հետո, բայց կանգնում էր ոտքի վրա: Նա, այնուամենայնիվ, մարզիչ էր, ուներ որակներ, թեեւ՝ ոչ բավարար հաղթանակի համար:

Սարգիս Հովսեփյանի ու Բեռնար Շալանդի ղեկավարությամբ մեր թիմի ելույթների վիճակագրությունը բավականին բան է բացահայտում, կամ էլ հաստատում բացահայտը: Գրեթե բոլոր՝ հարվածների, անկյունայինների, փոխանցումների թվի միջին ցուցանիշներն աճել են Հովսեփյանի գլխավորությամբ, մինչդեռ գոլերի քանակը՝ նվազել: Նույն կերպ՝ մեր դարպասին թույլ տված հարվածների, անկյունայինների, մրցակցի՝ գնդակին տիրելու ցուցանիշները նվազել են, իսկ ահա ընդունած գոլերի քանակն՝ աճել: Եվ որ ամենակարեւորն է՝ Շալանդի ղեկավարությամբ անցկացրած խաղերի ցուցանիշները միմյանց մոտ են ու համադրելի, իսկ մեր երիտասարդ մարզչի ամեն խաղ իր հետ բերում էր բոլորովին նոր, իրարից ծայրահեղ տարբեր, ոչ մի կերպ չբացատրվող, նույնն է թե՝ անղեկավարելի թվեր: Առաջինը խաղային ձեռագիր էր, թեկուզ եւ մեր աչքին տհաճ, ընդունենք՝ նաեւ հաջողություն չբերած, սակայն երկրորդը… մեկնաբանեք ինքներդ, եթե համաձայն չեք ՖԱՖ-ի պարզած պաստառի հետ:
[[gallery2]]
Շփոթմունք էր մտածել նաեւ, որ առաջին չորս անհաջող խաղերից հետո մեզ համար բոլոր դռները փակվել են: Այսօր հաջողություն տոնող մի շարք հավաքականներ այդ նվաճումը կերտեցին հենց եզրագծում իրենց հաջող խաղի շնորհիվ, մինչդեռ Հովսեփյանի նշանակումը կատարված էր «միեւնույն է, Պորտուգալիայի դեմ խաղում մենք այլեւս շանսեր չունենք» տրամաբանությամբ: Իսկ եթե ամեն դեպքում վիճակն այդպիսին էր, ուրեմն այդ օրից էլ պետք էր մտածել հաջորդ ընտրական փուլին պատրաստության մասին, փորձարկել նոր ֆուտբոլիստների, վազել ոչ թե արդյունքների հետեւից, այլ փորձարկումներ անել ու խաղ կառուցել: Հաշվի առնելով Հովսեփյանի կողմից վերջին խաղերին հրավիրված ֆուտբոլիստների կազմը՝ նրա առջեւ նման խնդիրներ չէր դրվել: Կներեք, իսկ ուրիշ ի՞նչ խնդիրներ է պետք դնել ժամանակավոր պաշտոնակատարի առջեւ, եթե ոչ ժամանակավոր: Իսկ հավաքականը տալ երիտասարդ մարզչի ձեռքը որպես դասագիրք, որպեսզի նա դրանով սովորի, նույնքան վիրավորական է, ինչքան կարող է լինել խաղ վաճառելը:

Մեղադրում ենք ֆուտբոլիստներին, բայց այս խառնաշփոթի մեջ նրանց եւս դժվար էր իրենց տեղը գտնել: Նրանց համար եւս պետք էր մոտիվացիա ստեղծել, թե թիմային, թե անհատական, պետք էին խոսքեր, աշխատանք, հավատ: Նախկինում մեր ֆուտբոլիստներն աճում էին մեր հավաքականի հետ, նրանք ինքները տեսնում էին դա եւ ձգտում ավելիին: Այս ընտրական փուլում դժվար է նշել մեկին, որ անհատապես աճեց ու օգուտ քաղեց հավաքականում անցկացրած րոպեներից: Թերեւս, միայն Գաել Անդոնյանը:

Ընդհանրապես, Գաել Անդոնյանին կարելի է համարել այս ընտրափուլում մեր հավաքականի հերոսը եւ գլխավոր ձեռքբերումը, միակ դրական կետը ողջ այս սեւության մեջ: Այս տղան, հնարավոր է՝ շփման պակասի արդյունքում, դեռեւս չի ըմբռնել հայկական ֆուտբոլի գորշ էությունը, նա կարծես պատվաստված է ողջ այն վատ մթնոլորտից ու վարակներից, որ կան ինչպես թիմի հանդերձարանում, այնպես էլ մարզադաշտում՝ խաղի ժամանակ: Հանդես գալով ընդամենը 5 հանդիպումներում՝ Անդոնյանը հասցրեց առանց փոխարինման անցկացնել բոլոր խաղերը, արդյունավետ գործել նույնիսկ իր համար անծանոթ դիրքում, ինչպես նաեւ դառնալ լավագույնը մեկ խաղում կատարած փոխանցումների միջին քանակով:
[[gallery3]]
Իսկ մեր աստղը մեզ պետք չեկավ: Մենք ընդհանրապես գաղափար էլ չկազմեցինք, թե ինչպես պետք է նրան ճիշտ օգտագործենք, մենք ընդամենը ընդունեցինք նրան որպես սուպերհերոս ու սկսեցինք նրանից հրաշքներ սպասել: Մինչդեռ նա մեզ նման մարդ է, ով եւս կարող է հիասթափվել, նեղվել ու նյարդայնանալ հայկական ֆուտբոլի բոլոր այն խնդիրներից, որը տեսնում ենք բոլորս, բայց որի մեջ հատկապես խորը մխրճված է նա: Մենք նյարդայնանում ենք միայն այն բանից, որ Արթուր Յուսպաշյանը գնդակ է կորցնում, բայց պատկերացրեք՝ ինչքան ավելի նյարդացուցիչ է, երբ դու ես ստիպված պայքարել նրա կորցրած գնդակի համար: Մենք բողոքում ենք մեր մարզիչների գործողություններից կամ անգործությունից, բայց ինչքան ավելի դժվար է նրա համար, երբ խաղից հետո նա է նայելու մեր աչքերին: Վերջապես, հասկանալու համար, թե իր հարուստ որակների հետ ինչքան է Հենրիխ Մխիթարյան ֆուտբոլիստը կախված մարզչի աշխատանքից, պետք է ընդամենը դիտարկել նրա կտրուկ աճը Բորուսիայում մարզչի փոփոխությունից հետո:

Եվ ընդհանրապես, վերոնշյալ շրջադարձային փոփոխությունների արդյունքում նույնիսկ պետք չէր Հենո ունենալ: Իսլանդիայի, Հյուսիսային Իռլանդիայի ու Ալբանիայի հավաքականները Ֆրանսիա են մեկնելու առանց որեւէ ֆուտբոլիստի, որի տրանսֆերային արժեքը կկազմի գոնե Մխիթարյանի արժեքի կեսը: Նրանք ուղղակի ունեն շատ ավելի հավասարակշռված կազմ, որի ֆուտբոլիստները խաղում են միջին մակարդակի եվրոպական առաջնություններում, մոտավորապես Եվրոպա լիգայի մակարդակի ակումբներում, ինչպիսիք են, օրինակ, «Մոլդեն» ու Մինսկի «Դինամոն»: Եթե թիմերի ընտրությունը ձեզ պատահական թվաց, հիշեցնենք՝ «Մոլդեն» այն թիմն էր, որ ջախջախեց «Փյունիկին» 5-0 հաշվով, իսկ «Դինամոյում» խաղում է Արթուր Եդիգարյանը, ով տեղ չունի մեր հավաքականում: Բայց այս ընտրական փուլում մենք կորցրեցինք ոչ միայն Արթուրին, ոչ միայն նրա նման շատ այլ նվիրյալների, այլեւ Յուրչենկոների, որոնք ամեն ինչ կանեին իրենց հայկական արմատները բացահայտելու ու ի լուր աշխարհի հայտարարելու համար, եթե ընտրական փուլի ավարտից գոնե 2 խաղ առաջ մեր թիմը ԵՎՐՈ դուրս գալու շանսեր պահպաներ:
[[gallery4]]
Այսքանից հետո տրամաբանական կհամարվեր նաեւ լուծումներ առաջարկելը, բայց ոչ: Սովորաբար խնդիրները լուծելու համար պետք է կազմել հավասարումներ, որտեղ պարտադիր լինում են անկախ եւ կախյալ փոփոխականներ: Անկախն այն է, ինչ մենք ստանում ենք արտաքին աշխարհից՝ հանգամանքներ, իրադրություններ, վիճակ, իսկ կախյալը հենց մենք ենք՝ մարդիկ, ովքեր պետք է համապատասխան արձագանքեն լուծումները գտնելու համար: Բայց երբ մարդը ինչ-որ կերպ դառնում է անկախ փոփոխական, ապա զուր է՝ նման հավասարումը լուծում ունենալ չի կարող: Մեզ մնում է հերթական անգամ հանձնել դատարկ տետրը եւ ասել. «Շնորհակալություն, ցտեսություն»…

Կարեն Ռաֆայելյան