«ՀԷՑ»-ի նոր սեփականատերը պետք է միջազգային ISO ստանդարտներ ներդնի
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հայաստանի էլեկտրական ցանցերի» նոր սեփականատերն առաջիկա 5 տարվա ընթացքում պետք է ներդնի միջազգային ISO ստանդարտներ`էապես բարելավելով ընկերության որակի կառավարումը և էներգետիկայի համակարգը, հայտնում է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը:
Հաղորդման համաձայն, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատիրոջ պարտավորությունները վաճառքից հետո բավականաչափ ընդլայնվել են։ Գնորդ ընկերությունը նախկինից բացի, ստանձնել է նաև նոր պարտավորություններ, որոնք էական նշանակություն կարող են ունենալ ՀԷՑ-երի ֆինանսական վիճակի բարելավման համար։
Մասնավորապես, սեփականատիրոջ պարտավորությունների մեջ է մտնում առնվազն 2 տոկոսով նվազեցնել ընկերության տեխնոլոգիական կորուստները։ Մյուս կողմից՝ վերջինս պարտավոր է թույլ չտալ առևտրային կորուստների ավելացում՝ 2014-2015թթ. սակագնային տարվա համեմատ։ Բացի այդ, գնորդը պարտավոր է պայմանագրերում ամրագրված ժամկետներում ապահովել ընկերության կողմից 100 տոկոս վճարումներ՝ արտադրողներին և ծառայություն մատուցողներին։
Սեպտեմբերի վերջին Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» խումբը և «Ինտեր ՌԱՕ» խումբը ստորագրել են Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգետիկ ակտիվների առուվաճառքի պայմանագիր: Գործարքին արդեն հավանություն են տվել Հայաստանի կառավարությունը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ–ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն էր։ Ընկերության հիմնական ուղղությունը էլեկտրաէներգիայի բաշխումն է Հայաստանի սպառողներին, այդ թվում` բնակչությանը։ Այն նաև Վրաստան և ԼՂՀ էլեկտրաէներգիայի արտահանման արտոնագիր ունի։ -0-