ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

ԵՄ-ն հաստատել է Հայաստանի հետ բանակցային թիմի մանդատը

0

Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Հոկտեմբերի 9-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Երեւանում Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետնախարար Հարլեմ Դեզիրի հետ հանդիպման ժամանակ հույս էր հայտնել, որ մոտ ժամանակներս Եվրոպական Միության խորհուրդը կհաստատի ԵՄ բանակցային թիմի մանդատը, եւ հնարավորություն կստեղծվի սկսել բանակցությունները։

Հիշեցնենք, որ 2010թ. հուլիսին մեկնարկել էին ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, իսկ 2012թ. հունիսին` Ասոցացման համաձայնագրի մաս կազմող Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ բանակցությունները:

2013թ. հուլիսին Հայաստանը եւ Եվրոպական Միությունն ավարտեցին Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները: Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո ԵՄ-ն հայտարարեց, որ հնարավոր չի լինի նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը: Եվրոպական Միությունն ու Հայաստանն արձանագրեցին, որ ավարտել են Ասոցացման համաձայնագրի, այդ թվում՝ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունները, սակայն, չեն նախաստորագրելու այն, քանի որ Հայաստանն ունի նոր միջազգային հանձնառություններ։

2013թ. նոյեմբերի 29-ի կայացած Արեւելյան գործընկերության Վիլնյուսյան գագաթաժողովի շրջանակում ընդունվել էր Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ համատեղ հայտարարություն, որով վերահաստատվում էր երկուստեք հանձնառությունը շարունակել զարգացնել եւ ամրապնդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը։