ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2022

Փաշինյան. ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների ամբողջական ցանկը չհրապարակելը չի նշանակում, թե այն գաղտնի է պահվում

0
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում հարցազրույցի ժամանակ պարզաբանել է, թե ինչու չեն հրապարակվում զոհերի անուններն Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով:

«Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների ամբողջական ցանկը չհրապարակելը չի նշանակում, թե այն գաղտնի է պահվում: Պարզապես նախորդ պատերազմի փորձը հաշվի առնելով՝ որոշում է ընդունվել նահատակների անունները հրապարակել ինստիտուցիոնալ մեխանիզմով», - ասաց վարչապետը՝ պատասխանելով այն հարցին, թե սահմանային վերջին բախումներից շուրջ 15 օր անց ինչու դեռ չեն հրապարակվել ՀՀ Զինված ուժերի՝ Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհված զինծառայողների անունները:

Նրա խոսքով, դա զինծառայողների ապահովագրության հիմնադրամում արձանագրվող ցուցակն է, և անունները հրապարակվում են այնտեղ:

«44-օրյա պատերազմի զոհերի անունների ամբողջական ցանկը նույնպես հրապարակվել է այնտեղ, և մենք կարծում ենք, որ այդպես պետք է լինի ինստիտուցիոնալ մոտեցումը: Բայց զոհերի անունների ամբողջական ցանկը չհրապարակելը չի նշանակում, որ դա գաղտնի է պահվում, որովհետև նույնականացված զոհերի ընտանիքները, բնականաբար, տեղեկացված են: Նաև հաշվի առնենք, որ կան մարմիններ, որ պետք է նույնականացվեն վերջնական», - պարզաբանեց վարչապետը:

Նա նաև հիշեցրեց, որ 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո, ցավոք, դեպքեր են եղել, երբ սխալ անուններ են հրապարակվել, նույնիսկ եղել է դեպք, երբ հարազատները վիզուալ ճանաչել են, բայց հետո ԴՆԹ նույնականացմամբ այլ բան է պարզվել:

«Այդ պատճառով, նման թյուրիմացություններից խուսափելու համար ճիշտ է, որ կա գործող օրենքով սահմանված ինստիտուցիոնալ մեխանիզմ, որը պետք է հրապարակի այն դեպքերը, որոնք դե յուրե հաստատվել են», - նշեց Փաշինյանը:

Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ-ն հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել է ինտենսիվ կրակ վարել Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև հարվածային ԱԹՍ-ներ: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 135 է, կան բազմաթիվ վիրավորներ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։-0-