ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2022

Մակրոնը՝ ինքնորոշման իրավունքի, Արեւմուտքի ճգնաժամի եւ հաղթանակների ձգտելու մասին

0

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Le Point-ին տված հարցազրույցում մի շարք հետաքրքիր հայտարարություններ է արել։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ հարցազրույցից։

Արեւմուտքը ճգնաժամի մեջ է

Արեւմուտքը հռչակավոր պատմությամբ քաղաքակրթությունների տարածություն է, որի վրա կառուցվել են ազատական ժողովրդավարությունները, օրենքի գերակայությունը, անհատական եւ հավաքական հիմնական ազատությունները, արվեստներ եւ մշակույթներ, աշխարհում եզակի քաղաքակրթություն, ինչպես նաեւ արտադրության, գիտության եւ նորարարության մոդել, որը հանգեցրել էր վերջին արդյունաբերական հեղափոխություններին:

Արեւմուտքը միատարր չէ։ Եվրոպան Ամերիկա չէ. մենք ունենք տարբեր սոցիալական մոդելներ, համերաշխության եւ եղբայրության տարբեր ընկալումներ, ունիվերսալիզմի կոնցեպցիան շատ է տարբերվում բազմամշակութայնության սկզբունքից։

Ճշմարտությունն այն է, որ Արեւմուտքը ճգնաժամի մեջ է իր արժեքների կայունության եւ իր գործունեության արդյունավետության առումով։ Այն նաեւ ժողովրդագրական ճգնաժամ է ապրում, քանի որ մնացած աշխարհի բնակչությունը շատ ավելի արագ է աճում, մինչդեռ Արեւմուտքը ծերանում է: Արդյունքում Արեւմուտքն ավելի ու ավելի է կորցնում իր առաջատարությունը արդյունաբերական, տեխնոլոգիական եւ ռազմական ոլորտներում։

Մտքի, ճշմարտության եւ պատմության կերպարը նույնպես ձեւավորվում է ոչ այստեղ։ Հետևաբար` տեղի է ունենում աշխարհի «ապակենտրոնացում», ինչն ինքնին վատ չէ։ Մենք պարզապես պետք է այս աշխարհում այլ կերպ մտածենք մեր մասին եւ հասկանանք դա:

Համաշխարհային վերաբալանսավորումը

1945 թվականից ժառանգած բազմակողմ կառույցը ճգնաժամի մեջ է. դա պարզ էր անգամ մինչեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի հակամարտությունը։ Ունիվերսալ արժեքները կասկածի տակ են դրվում. երբ ՄԱԿ-ի հիմնադիրներից մեկը նման բացահայտ կերպով խախտում է Կանոնադրությունը եւ ոտնահարում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, մեր ընդհանուր շենքի հիմքը փլուզվում է։

Այս ճգնաժամն ուղեկցվում է գլոբալ վերաբալանսավորմամբ, որն այս սասանման եւ՛ պատճառն է, եւ՛ հետեւանքը: Մի կողմից, մենք տեսնում ենք աճող բեւեռացում Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ, որոնք մտել են ռազմավարական մրցակցության, նույնիսկ հակամարտության մեջ: Մյուս կողմից, այս սասանումն ամրապնդվում է ապակայունացնող ուժերով եւ ցնցումներով, որոնք խորացնում են աշխարհի պառակտումը:

Ազատական ժողովրդավարությունը կորցրել է իր օրինական մենաշնորհը

Մեր երեւակայության եւ մեր մտքերի մեջ մխրճված է քաղաքական ազատականությունը, որն ամրապնդվում է բուրժուազիայի կենսապայմանների անդադար բարելավման գաղափարով: Ժողովրդավարությունը կանգնած է արդյունավետության ճգնաժամի առաջ։ Եվ մեր հասարակություններն ապրում են փոքրամասնությունների համար ճանաչված իրավունքների եւ մեծամասնության մշակութային անապահովության միջեւ հակասության մեջ: Ծայրահեղականներն ամենուր ուժ են հավաքում եւ գնալով ավելի ու ավելի հեռուն են գնում՝ ապակայունացնելով մեր ժողովրդավարությունները, անգամ հարձակվում են ամերիկյան Կապիտոլիումի վրա:

Ոչ ազատական, ավտորիտար կամ բռնապետական ռեժիմներն իրենց դիրքավորում են որպես հակամոդել: Ազատական ժողովրդավարությունը կորցրել է ընդհանուր իդեալների իր օրինական մենաշնորհը, եթե երբեւէ ունեցել է այդպիսինը:

Սակայն ես չեմ կարծում, որ ազատական մոդելն այս մրցապայքարում պարտվել է։ Հարցրեք ուկրաինացիներին, արդյո՞ք նրանց դուր է գալիս ռուսական մոդելը: Հարցրեք ԵՄ անդամակցության թեկնածու Մոլդովային, թե ո՞ր մոդելն է նա նախընտրում: Հարցրեք Ասիայի ցանկացած երկրի, արդյո՞ք չինական ներդրումներն իսկապես ազատություն են առաջարկում իրենց եւ նպաստում են զարգացմանը։

Ժողովուրդների ինքնորոշումը

Ժողովուրդների ինքնորոշման հիմնական խոչընդոտն այսօր արեւմտյան խնամակալությունը չէ։ Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, որը հեղինակել է Վիլսոնը, գալիս է Կանտից՝ ազատական ավանդույթից... Եվ ես չգիտեմ մի ժողովուրդ, որն այն հնացած կամ անցանկալի կհամարի։

Պարզապես վերջին տասնամյակների ընթացքում մենք խառնում էինք խաղաքարտերը, երբեմն փոխարինում ժողովուրդներին, փոխում նրանց առաջնորդներին եւ մտածում, որ կարող ենք պատերազմել մեր արժեքների համար՝ այդ ժողովուրդների փոխարեն։

Ուզում եմ ընդունել մարտահրավերը

Այս երկերեսանի աշխարհում ես չեմ ուզում մտածել պարտության մասին: Ես ուզում եմ ընդունել մարտահրավերը եւ ձգտել հաղթանակներին, որոնք կարող են իրականության դառնալ՝ հրաժարվել հանածո վառելիքից, պաշտպանել մեր կենսաբազմազանությունը, գտնել խաղաղ լուծումներ մոտ հարեւանությունում, պայքարել անհավասարության եւ ապատեղեկատվության դեմ։ Մարդկության պատմությունը կշարունակվի գրվել այնքան ժամանակ, քանի դեռ կան մարդիկ, ովքեր գործում են, պայքարում են չարի դեմ, երազում են ավելի լավ կյանքի մասին։