ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2022

ՀՖՀՀ նոր ռեկտորի նորամուտը, Հայաստանի ապագան եւ «փափուկ» հմտությունները

0

Հայաստանում ֆրանսիական համալսարանում պարբերաբար կազմակերպվում են բաց դռների օրեր, որպեսզի համալսարանով հետաքրքրվող դիմորդները կարողանան ծանոթանալ ՀՖՀՀ միջավայրին, ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Սեպտեմբերի վերջին կազմակերպված հերթական բաց դռների օրը դիմորդներին ու նրանց ծնողներին համալսարանում ողջունել է նաեւ ՀՖՀՀ նորանշանակ ռեկտոր Սալվա Նակուզին.

«Հուսամ՝ մյուս ուսումնական տարվա մեկնարկին հայերենով ավելի շատ բառեր կկարողանամ ասել: Ամեն օր մեկ նոր բառ եմ սովորում», - ասել է ռեկտորն ու գործընկերների հետ ներկայացրել Ֆրանսիական համալսարանի ուսանող լինելու առավելություններն ու դժվարությունները:   

«Ձեր ապագան նաեւ Հայաստանի ապագան է»

«Եթե որոշել եք Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանող դառնալ, մենք ձեզ շատ լավ կընդունենք, բայց ինչն առավել կարեւոր է՝ կփորձենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի հետագայում լավ կարիերա ունենաք», - ՀՖՀՀ այցելած դիմորդներին ասել է նորանշանակ ռեկտոր Սալվա Նակուզին:

Նրա խոսքով՝ Ֆրանսիական համալսարանն առաջին հերթին առանձնանում է պրոֆեսիոնալիզացիայով, տրամադրվող մասնագիտական կրթության որակով.

«Բայց այսօր ես ձեզ կպատմեմ ոչ թե տեխնիկական հմտությունների մասին, որոնք ձեռք կբերեք այստեղ, այլ կխոսեմ մարդկային, «փափուկ» հմտությունների մասին: Դուք ֆրանկոֆոն համալսարանում եք, իսկ Ֆրանկոֆոնիան ունի համաշխարհային արժեքներ: Մենք կարեւորում ենք համերաշխությունը, միասնականությունը, լայն աշխարհայացքն ու աշխարհի հանդեպ բաց լինելը: Հիմա դիմում եմ ձեզ՝ որպես երիտասարդների, որոնց ձեռքերում Հայաստանի ապագան է, քանի որ ձեր ապագան նաեւ ձեր երկրի ապագան է: Այն լավագույնս կառուցելու համար առաջին հերթին պետք է որակյալ կրթություն ստանալ ու լինել լավ մասնագետ»:

Սալվա Նակուզին նկատել է՝ Հայաստանում մի քանի լեզու իմանալը տարածված երեւույթ է: ՀՖՀՀ ռեկտորի դիտարկմամբ՝ հայերենը բարդ լեզու է, հետեւաբար հայերն օտար լեզուներ բավականին հեշտ են սովորում.  

«Եթե մեր համալսարան ընդունվեք, ձեր իմացած օտար լեզուներին ավելացնելու եք նաեւ ֆրանսերենը: Կարծում եմ՝ մենք այնպիսի ժամանակաշրջանում ենք ապրում, երբ լեզուների իմացությունը մեծ առավելություն է ու լավ կարիերա կառուցելու համար պարտադիր պայման»:

Ռեկտորը ներկայացրել է համալսարանի ուսումնական ծրագրերն ու նշել, որ դրանք բավականին հագեցած ու բարդ են.

«Իմացեք՝ մեր դռները միշտ բաց են ձեր առջեւ, բայց մենք շատ խստապահանջ ենք լինելու», - ասել է Սալվա Նակուզին:

«Հարգում ենք ուսանողի աշխատանքը»

«Ավարտելով Հայաստանում ֆրանսիական համալսարանը՝ հեշտությամբ կընդունվեք աշխատանքի», - ասել է ՀՖՀՀ ուսումնական գծով տնօրեն Զարուհի Սողոմոնյանը: Ըստ նրա՝ աշխատաշուկային այսօր պետք են ոչ միայն ֆունդամենտալ գիտելիք, այլեւ «փափուկ» հմտություններ՝ պարտաճանաչություն, սթրեսակայունություն ունեցող մարդիկ: Ֆրանսիական համալսարանի ուսանողներն այս ու բազմաթիվ այլ հմտություններ սկսում են ձեռք բերել ուսումնառության առաջին օրից:  

Զարուհի Սողոմոնյանը պատմել է համալսարանում գործող զեղչային համակարգի մասին, որի գլխավոր սկզբունքն անաչառությունն է:

«Մեզ մոտ գործում է կրթաթոշակների համակարգ: Ընդունվելով ՀՖՀՀ, ըստ հավաքած միավորների, կարող եք ստանալ 100, 50 կամ 25 տոկոս ուսումնառության կրթաթոշակ: Կարեւոր է, որ ի տարբերություն շատ այլ բուհերի, մեզ մոտ այդ կրթաթոշակների պատկերը փոխվում է ամեն կիսամյակ: Այսինքն, եթե ընդունվելիս ստանում եք 100 տոկոս զեղչ, առաջին կիսամյակի քննությունների արդյունքներով կարող եք կորցնել կամ պահպանել այն: Սա հնարավորություն է իսկապես լավ սովորող ուսանողների համար՝ հավակնելու ավելի մեծ զեղչերի: ՀՖՀՀ-ում գործում են նաեւ սոցիալական զեղչեր, որոնք տրամադրվում են թե՛ պետության, թե՛ համալսարանի կողմից՝ իր միջոցների հաշվին: Հնարավորինս փորձում ենք թեթեւացնել վարձավճարի հետ կապված ձեր ու ձեր ծնողների բեռը», - ասել է ՀՖՀՀ ուսումնական գծով տնօրենը:

Նա ներկայացրել է նաեւ համալսարանի կարգապահական հանձնաժողովի գործունեությունը, որի նպատակն է ապահովել իսկապես անաչառ մրցակցությունը.

«Այս տարվա ընթացքում մի քանի ուսանող հեռացվել է համալսարանից, քանի որ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել անձնակազմի նկատմամբ կամ փորձել է քննությունների ընթացքում զեղծարարություն կատարել: Դրանով մենք ցույց ենք տալիս, որ հարգում ենք բոլոր այն ուսանողների աշխատանքը, որոնք իրենց անքուն գիշերների հաշվին պարապում են ու պատրաստվում քննություններին»:

«Գրեթե չունենք գործազուրկ շրջանավարտներ»

ՀՖՀՀ 5 ֆակուլտետների դեկանները ողջունեցին Ֆրանսիական համալսարանով հետաքրքրված դիմորդներին, ներկայացրին կրթական ծրագրերը և հիմնական առավելությունները։ Հատուկ ուշադրություն հրավիրվեց այն փաստի վրա, որ դասախոսների շուրջ 30 տոկոսը գալիս է գործընկեր Ժան Մուլեն Լիոն 3 և Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարաններից, կրթական ծրագրերը համապատասխանեցված են այս համալսարանների ծրագրերին, ինչի արդյունքում ավարտելիս ուսանողը ստանում թե՛ հայկական պետական դիպլոմ, թե՛ ֆրանսիական պետական դիպլոմ, որը միջազգային ճանաչում ունի։ Մատնանշվեց նաև շրջանավարտների աշխատանքի տեղավորման բարձր ցուցանիշը․ «Որպեսզի պատկերացնեք, թե մեր շրջանավարտներն ինչ մեծ պահանջարկ ունեն աշխատաշուկայում, մի օրինակ բերեմ: Վերջերս գործատուներից մեկն ինձ խնդրել էր թափուր հաստիքի մասին հայտարարություն անել երրորդ եւ չորրորդ կուրսերում: Հայտարարությունն ուղարկեցի ուսանողներին ու մի քանի հարյուր ուսանողից արձագանքեց ընդամենը մեկ-երկուսը: Պատճառն այն է, որ այդ կուրսերի մյուս բոլոր ուսանողներն արդեն աշխատանք ունեն: 2021թ․-ի շրջանավարտների հետ հարցումների արդյունքում պարզվել է, որ ընդամենը 4%-ն է աշխատանք փնտրում, այսինքն, գրեթե չունենք շրջանավարտ, որը գործազուրկ է», - նշեց ՀՖՀՀ Կառավարման ու Ֆինանսների ֆակուլտետների դեկան Հրանտ Հարությունյանը:

«Դիմելով Ֆրանսիական համալսարան՝ կայացրել եք առաջին ճիշտ որոշումը»

Լեսման Ղազարյանը ՀՖՀՀ Կառավարման ֆակուլտետն ավարտել է 2017թ.-ին: Աշխատել սկսել է դեռ ուսանողական տարիներից ու այսօր նրա նախկին աշխատավայրերի թվում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն է, Առողջապահության նախարարությունը, Համաշխարհային բանկն ու մի շարք խոշոր մասնավոր ընկերություններ:

«Հիմա ուսումս շարունակում եմ Ֆրանսիայում՝ Գրենոբլում: Այստեղ աշխատում եմ դոկտորական աշխատանքիս վրա ու միաժամանակ դասավանդում: Կարող եմ ասել, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանն ինձ առաջին հերթին ճկունություն է տվել՝ թե՛ աշխատանքի ընտրության, թե՛ արագ ու ճիշտ որոշումներ կայացնելու հարցում», - ասում է Լեսմանը:

Նրա խոսքով՝ Ֆրանսիական համալսարանն ուսանողության տարիներին բազմաթիվ մարտահրավերներ է նետում ու դրանց հաղթահարումն օժտում է ուսանողներին հմտություններով, որոնք նրանք հաջողությամբ կօգտագործեն աշխատաշուկայում.

«Ես աշխատել եմ հանրային ու մասնավոր մի շարք ընկերություններում ու երկու դեպքում էլ ինձ լիովին բավարարել են ՀՖՀՀ-ում ձեռք բերած հմտությունները: Դրանց թվում թե՛ առարկայական գիտելիքն է, թե՛ այն կիրառելու կարողությունը: Այստեղ ձեռք բերած հմտություններն ու որակներն այսօր ինձ օգնում են ոչ միայն աշխատանքում, այլեւ անձնական կյանքի տարբեր իրավիճակներում: Ֆրանսիական համալսարանը մեզ մրցակցային է դարձնում աշխատաշուկայում, քանի որ այստեղ՝ բուհի ներսում, մրցակցությունը շատ խիստ է ու արդար: Դա կոփում է ուսանողներին»:

Լեսման Ղազարյանը հաջողություն է ցանկացել բոլոր դիմորդներին ու ավելացրել.

«Դիմելով Ֆրանսիական համալսարան՝ արդեն կայացրել եք ձեր առաջին ճիշտ որոշումը»:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի