Փաշինյանը կրկին խոսել է միջազգային դիտորդական առաքելության մասին
Վարչապետն ասել է.
«Այն շահարկումները, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ճշգրիտ սահման չկա, քանի որ սահմանը դեմարկացված եւ դելիմիտացված չէ, իրականության հետ կապ չունեն:
Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները երկու երկրների անկախության առաջին ամիսներին դարձել են պետական սահմաններ, քանի որ թե՛ Հայաստանը եւ թե՛ Ադրբեջանը ստորագրել եւ վավերացրել են Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին 1991 թվականի դեկտեմբերի 8-ի համաձայնագիրը: Ընդ որում, երկու երկրներն էլ մինչեւ այս պահը հանդիսանում են ԱՊՀ անդամ: Ուզում եմ ընդգծել, որ այդ համաձայնագրի անբաժանելի մաս է, որ ադմինիստրատիվ սահմանները, գոյություն ունեցող սահմաններն ըստ էության դառնում են պետական սահման եւ համաձայնագրին միացած երկրները ճանաչում են այդ սահմանները:
Սա նշանակում է, որ Ադրբեջանի գործողություններն այլ կերպ, քան գիտակցված ագրեսիա, չի կարելի գնահատել: Ադրբեջանական օկուպացիայի հետեւանքով մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Կարծում եմ՝ միջազգային դիտորդական առաքելության գործուղումն ադրբեջանական օկուպացիայի հետեւանքով տուժած շրջաններ եւ սահմանային գոտի կօգնի, որ միջազգային հանրությունն ուղիղ եւ ոչ թե միջնորդավորված տեղեկություններ ստանա:
Համզոված եմ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նույնպես հարցը պետք է շարունակի պահել ուշադրության կենտրոնում, եւ այս հարցով ակնկալում եմ նախագահող երկրի աջակցությունը:
Գալով երկարաժամկետ լուծումներին, կարծում եմ՝ անհրաժեշտ է 1991 թվականի դեկտեմբերի 8-ի համաձայնագրով վերահաստատված սահմանների փոխադարձ ճանաչմամբ գնալ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Հայաստանը պատրաստ է տարածաշրջանի կոմունիկացիաների բացմանը եւ նոր կոմունիկացիաների կառուցմանը՝ համաձայն այն երկրների ազգային օրենսդրության, որոնց տարածքով դրանք անցնում են:
Կարեւորում ենք նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն եւ անվտանգությունը: Կարծում եմ՝ Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ քննարկումների մեկնարկը կարող է օգտակար լինել: Այս համատեքստում պիտի ընդգծեմ Ֆրանսիայի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր»: