Տեր-Պետրոսյան․ Պետք է Փաշինյանին ձեռք մեկնել եւ ցավոտ լուծումների գնալ
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում առաջին նախագահն ասել է, որ այդ առաջարկը տեղ չի գտել հանդիպման արդյունքները ներկայացնող հաղորդագրության մեջ, քանի որ հավանոթյան չի արժանացել այլ մասնակիցների կողմից։
Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ այսօր անհրաժեշտ ինֆորմացիային տիրապետում է միայն Նիկոլ Փաշինյանը։
«Բոլոր լուծումներն էլ վատն են եւ մենք պետք է փորձենք ընտրել ամենաքիչ ցավալին, իսկ դա հասկանալու համար պետք է տիրապետենք ինֆորմացիային։ Եթե մենք Փաշինյանին ձեռք ենք մեկնում, միասին ենք ընտրում քիչ ցավալի տարբերակը, դրանով պատասխանատվություն ենք ստանձնում», - պարզաբանել է Տեր-Պետրոսյանը։
«Պիտի փոխադարձ վստահություն ձեւավորվի, որ գործը գլուխ գա։ Շատերը կարծում են, որ եթե Փաշինյանից ազատվենք, խուսափելու ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ փաստաթղթեր ստորագրելուց։ Ով էլ գա, ստիպված ենք լինելու ստորագրել, միգուցե՝ ավելի վատ տարբերակով», - ասել է առաջին նախագահը։
Նա պնդել է, որ պետք է գնալ «ցավոտ լուծումների, որոնք որեւէ մեկի քիմքին հաճելի չեն լինելու»։
«Եթե ներքին խռովությունները շարունակենք, ավելի ենք բարդացնելու մեր վիճակը, ավելի ենք թուլանալու, իսկ Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջներն աճելու են։ Եթե այսպես կես տարի էլ շարունակենք, երկիր չենք ունենա», - ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը։