Մարկոս Պիզելի. Երկրպագուների սուլոցները ճիշտ են, իսկապես ամոթ է
Ինչպես միշտ, այս անգամ էլ լրագրողների հետ չհրաժարվեց խոսել կիսապաշտպան Մարկոս Պիզելին:
Նա մեղքն ու վատ խաղն ընդունեց միանգամից, ըստ նրա, խաղադաշտ դուրս եկած ֆուտբոլիստները պետք է ուշադիր գործեին:
«Ալբանիային միայն հաղթանակ էր պետք: Խաղից առաջ մարզիչը մեզ հետ լավ էր խոսել, բայց ոչինչ չստացվեց: Ամբողջ պատասխանատվությունը մեզ վրա է: Պետք է աշխատենք ու սովորենք, այս դեպքում հայկական ճիշտ խոսք կա՝ ամոթ է»,- նշել է Պիզելին:
Նա կարծում է, որ Ալբանիայում չկան այնպիսի ուժեղ ֆուտբոլիստներ, ինչպիսին խաղում են Հայաստանի թիմում, բայց ֆուտբոլում կարեւոր են բոլոր 11 խաղացողները:
«2-3 տարի առաջ մենք լավ ֆուտբոլ էինք խաղում, որովհետեւ մեծ ցանկություն կար, ամեն ինչ կար: Ֆուտբոլում ամեն ինչ փոխվում է, ու ֆիզիկապես, թե տակտիկապես պետք է սովորենք: Ֆուտբոլը 90 րոպե է տեւում, ամբողջ խաղի ընթացքում պետք է զգոն լինել: Գոլ խփելու շանս ունեինք, բայց չօգտագործեցինք այն, ու դրանում բոլորս ենք մեղավոր: Երկրպագուները ճիշտ են սուլում, իրենք միշտ գալիս են ստադիոն ու աջակցում մեզ, հիմա էլ բողեքելու իրավունք ունեն»: