ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Ռոբերտ Արզումանյան. Դադարել ենք հավատալ սեփական ուժերին

0

«Ալբանիայի դեմ խաղն ամենավատն էր, որ ես հավաքականում տեսել եմ»,-լրագրողների հետ զրույցը ԵՎՐՈ-2016-ի ընտրական մրցաշարի վերջին խաղում պարտվելուց հետո այսպես սկսեց կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանը:

Ընտրական մրցաշարը շատ վատ ստացվեց Հայաստանի հավաքականի համար՝ հաջող խաղեր միայն մասնակի եղան, կամ առաջին խաղակեսն էր լավ ստացվում, կամ էլ երկրորդը, սակայն ամբողջական լավ հանդիպում այդպես էլ չունեցան:

«Շատ վատ խաղացինք Ալբանիայի հետ ու, երեւի, արժանի էինք այս արդյունքին: Ճիշտ է, մենք էինք մեղավոր գոլային պահերում, շատ էինք գնդակ կորցնում ու հակագրոհների հնարավորություն տալիս մրցակցին: Ամբողջ թիմն է վատ խաղում, ոչ միայն կենտրոնական պաշտպանները: Երկրպագուների մոտ արդարանալու բան չկա, պարզապես շատ վատ ենք խաղացել»,- ասել է Արզումանյանը:

Ալբանիայի դեմ խաղում հայ երկրպագուները մեկ անգամ չէ, որ արտահայտեցին իրենց զայրույթն ու դժգոհությունը: Պահանջներից մեկն էլ այն էր, որ ֆուտբոլիստները երգեն ազգային օրհներգը.

«Որոշ ֆուտբոլիստներ երգում են օրհներգը, ոմանք էլ՝ ոչ: Չեմ կարող ասել ինչու է այդպես: Ես միշտ էլ երգում եմ: Մարդ կա սնահավատության պատճառով չի երգում: Ոմանք էլ, օրինակ Գաել Անդոնյանը, օրհներգի բառերը չգիտեն»:

Արզումանյանը շատ է ցանկանում, որ ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարում թիմը միասնական լինի ու վերադարձնի սեփական ուժերի նկատմամբ հավատը, որը կորցրել է: Ըստ նրա, առանց վստահության անգամ Ալբանիային չկարողացան հաղթել: