Մոսկվան չի կարող պարտադրել իր կամքը կողմերին, կարծում է դե Վաալը
Այս մասին Թոմաս դե Վաալը գրել է Politico առցանց ամսագրում՝ «Կորցնելով վերահսկողությունը Կովկասում» վերտառությամբ հոդվածում:
Ըստ փորձագետի՝ Ռուսաստանը, մյուս կողմից, զենք վաճառելով երկու կողմերին, ապակայունացնում է իրավիճակը հակամարտության գոտում:
Անդրադառնալով վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղում եւ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին՝ փորձագետը նկատել է, որ դիպուկահարների կրակոցներին եկել են փոխարինելու ականանետները:
«Դեռեւս վաղաժամ է խոսել լայնածավալ պատերազմի վերսկսման մասին, սակայն Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներն ամրապնդում են իրենց պատերազմական դիրքորոշումները, որոնցից նրանք դժվարությամբ կհրաժարվեն: Այստեղ խոսք չկա «Ռուսաստանի ձեռագրի» մասին, թեեւ Ռուսաստանի վարքագիծը չի օգնում: Կովկասի համար վտանգն այն է, որ այստեղ տիրող իրավիճակի համար որեւէ մեկն ամբողջությամբ պատասխանատու չէ, եւ Ղարաբաղը դառնում է Ուկրաինայից մինչեւ Սիրիա ձգվող բռնարարքների հերթական օղակը, որում Ռուսաստանը ներգրավված է, սակայն ամբողջությամբ չի վերահսկում իրավիճակը»,- գրել է Թոմաս դե Վաալը:
Ըստ փորձագետի՝ Ռուսաստանը փորձում է ձեւավորել այս վտանգավոր իրավիճակը, սակայն մինչեւ վերջ չձգել լարերը: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը, դե Վաալի կարծիքով, ռազմավարական շահեր է հետապնդում հակամարտության կարգավորման հարցում եւ երբեմն խաղում է պատասխանատու խաղաղարարի դերը: Սակայն Մոսկվան պարբերաբար օգտագործում է հակամարտությունը՝ Հայաստանից եւ Ադրբեջանից մարտավարական օգուտներ քաղելու եւ Հարավային Կովկասում իր ազդեցությունը պահպանելու համար:
«Ուկրաինական ճգնաժամի շուրջ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ պայքարը թուլացնում է խաղաղ գործընթացը եւ մթագնում տրամադրությունները: Ինչպես Սիրիայի պարագայում, այստեղ էլ նրանք կարող են հետապնդել որոշ նպատակներ, բայց ակնհայտ է, որ դրանց հասնելու ճանապարհին այդ երկրներն ունեն տարբեր տեսակետներ եւ շատ քիչ վստահություն միմյանց նկատմամբ»,- գրել է հեղինակը:
Նրա գնահատմամբ՝ այսօր Հարավային Կովկասն ավելի անկայուն եւ կանխատեսելի է, քան մի քանի տարի առաջ: Հրադադարի ռեժիմի վերջին խախտումները մեծացնում են նոր, «փոքր» պատերազմի վերսկսման հավանականությունը, որից չի կարող հետ կանգնել կողմերից եւ ոչ մեկը:
«Ռուսաստանի պահվածքը թույլ չի տալիս կանխել այս միջադեպերը, սակայն որեւէ մեկը դեռեւս ի վիճակի չէ վերջ տալ այս մղձավանջային սցենարին»,- եզրափակել է Թոմաս դե Վաալը: