ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2022

Հարությունյան. Հայոց պետականությունը կանգնած է աղետալի պատերազմի շեմին

0

Հայոց պետականությունը կանգնած է նոր պատերազմի շեմին

Ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանն ունի եւ կարճաժամկետ, եւ երկարաժամկետ անվտանգության ապահովման խնդիր, որը մերօրյա գլխավոր մարտահրավերն է: Հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին, որը կարող է ոչ պակաս ծանր հետեւանքների հանգեցնել, քան՝ 44-օրյա պատերազմը: Այդ վտանգի կանխումը կամ կառավարումը պետք է տեղի ունենա եւ անվտանգային, եւ քաղաքական գործիքակազմերով:

Հաշվի առնելով աղետի վտանգը՝ համոզված եմ, որ միակ լուծումը հատկապես Հայաստանում բոլոր հիմնական դերակատարների ջանքերի համատեղումն է: Անկախ նրանից, թե ինչ գործիքակազմով հնարավոր կլինի կանխել աղետը, միեւնույն է՝ համախմբումը պետք է տեղի ունենա, որպեսզի կարողանանք պատվով թոթափել այս ծանր ու վճռական մարտահրավերը: Մեր սեփական խնդիրների լուծումը մեծապես հենց մեզնից է կախված:

Անվտանգության երկարաժամկետ երաշխիքներ

Այս խիստ փխրուն աշխարհակարգի ու տարածաշրջանային ցնցումների պայմաններում ոչ ոք դեռ չի կարող մեզ տալ անվտանգության երկարաժամկետ երաշխիքներ: Ռուսաստանի զբաղվածությամբ եւ ուշադրության շեղմամբ պայմանավորված՝ ռուսական խաղաղապահների երաշխիքները որոշակի ճեղքման են ենթարկվել, որից օգտվում է Ադրբեջանը: Չնայած աշխարհում ու տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերադասավորումներին ու առկա մարտահրավերներին, այդուհանդերձ, Ռուսաստանը շարունակում է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը, թեեւ այն փխրուն եւ հարաբերական կայուն է: Մենք հույս ունենք, որ հնարավոր կլինի բարձրացնել Ռուսաստանի խաղաղապահ առաքելության արդյունավետությունը եւ ապահովել դրա անժամկետ առկայությունն Արցախում՝ որպես մեր ժողովրդի անվտանգության կարեւորագույն երաշխիք՝ անկախ դրա ոչ լիարժեք բնույթից:

Արցախը հայկական պահելու միակ ուղին

Մենք պետք է հնարավորինս ջանքեր գործադրենք երկարաժամկետ խաղաղության երաշխավորման ուղղությամբ, որը հնարավորություն կտա Արցախը պահել հայկական ու թեւակոխել ժողովրդագրական կայուն աճի փուլ: Արցախը հայկական պահելու միակ ուղին Արցախում ապրելն ու արարելն է, իսկ ի լրումն միջազգային ու պետական երաշխիքների ու ջանքերի՝ Արցախում բնակվող յուրաքանչյուր անձ եւս պետք է պատրաստ լինի ստանձնելու Արցախը հայկական պահելու սուրբ գործի իր բաժին ռիսկն ու պատասխանատվությունը. մեր հազարավոր քույրերն ու եղբայրները այդ նպատակով զոհաբերել են իրենց ամենաթանկը:


Արտաքին քաղաքականություն

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, եւ դեռ պետք է կարգավորվի՝ առաջնահերթորեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի եւ դրա իրացման արդյունքների լրիվ ու անսակարկելի ճանաչման հիման վրա: Ինքնորոշման իրավունքը Արցախի ժողովրդին տրված է ոչ միայն միջազգային իրավունքի հանրահայտ փաստաթղթերով, այլեւ՝ հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ փաստաթղթերով: Ավելին, 44-օրյա պատերազմի հետեւանքով անհիմն ու ժամանակավրեպ են դարձել հակամարտության կարգավորման հիմքում ընկած երեք սկզբունքներից երկուսը՝ տարածքային ամբողջականությունը, ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը, իսկ ադրբեջանական ագրեսիան ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները անառարկելիորեն ամրապնդել են մեր ինքնորոշման իրավունքի լրիվ ճանաչման ու պաշտպանության անհրաժեշտությունը՝ որպես եւ միջազգային հանրության կողմից չիրականացված սկզբունք ու պարտավորություն, եւ Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության երաշխիք: Կուզեի հերթական անգամ հորդորել միջազգային հանրության դերակատարներին կատարել իրենց պարտավորությունները եւ ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու Արցախի անկախությունը:

Ինքնորոշման իրավունքի եւ մեր ազգային շահերի հիման վրա՝ մենք շարունակում ենք ձգտել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմանը, որը մեր ընտրած ուղին է 1991 թվականից ի վեր, որը, մյուս կողմից, չպետք է հարվածի տակ դնի Մայր Հայաստանի հետ ինտեգրման բարձր մակարդակը:


Արցախը չի կարող դիտարկել որպես Ադրբեջանի մի մաս

Մեզ համար անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որը կարող է Արցախը դիտարկել որպես Ադրբեջանի մի մաս: Այդ առումով մենք պարբերաբար քաղաքական խորհրդակցություններ ենք անցկացնում ՀՀ իշխանությունների հետ, որոնց ընթացքում ներկայացրել ու ներկայացնում ենք մեր դիրքորոշումները Արցախի ապագայի, հատկապես՝ անվտանգության ու կարգավիճակի հետ կապված: ՀՀ իշխանությունները քանիցս հավաստիացրել են, որ առանց մեզ հետ քննարկելու եւ Արցախի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու՝ Արցախին առնչվող որեւէ փաստաթուղթ չի ստորագրվելու: Կրկին հավաստիացնում եմ, որ մենք չենք ընդունելու Արցախի ժողովրդի շահերին հակասող որեւէ փաստաթուղթ եւ այդ մասին հայտարարում եմ նաեւ հիմա՝ ի լուր աշխարհի:

Ադրբեջանի հետ հարաբերությունները

Մենք բաց ենք ադրբեջանական կողմի հետ բանակցություններով կարգավորել բոլոր հիմնախնդիրները, այդ թվում՝ անվտանգային, հումանիտար ու ենթակառուցվածքային բնույթի: Պետք է գիտակցենք, որ ցանկացած խնդիր, որը հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով, պետք է լուծել բանակցելով: Այդ տրամաբանության շրջանակներում են հետպատերազմյան ժամանակահատվածում մեր պարբերական շփումները ադրբեջանական կողմի հետ՝ անհայտ կորածների որոնման, ջրային ռեսուրսների օգտագործման, ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման, գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման եւ այլ նպատակներով: Եվ այդ շփումներն ամենեւին կապ չունեն Արցախի կարգավիճակի հետ, նման քայլերով մենք փորձում ենք որոշակի բարենպաստ պայմաններ ապահովել պետության ու ժողովրդի կենսագործունեության համար՝ հաշվի առնելով մերօրյա իրողությունները: Արցախի իշխանությունները որեւէ կարմիր գիծ չեն խախտում ու չեն խախտելու ադրբեջանական կողմի հետ նմանատիպ փոխշփումների ընթացքում, հակառակը՝ դրանց միջոցով կարողացել ենք բազմաթիվ մեծ ու փոքր հիմնախնդիրներ լուծել եւ կանխել: