ProductConf-ը համախմբել է 280 պրոդուկտ ստեղծողի
Սեպտեմբերի 13-ին կայացավ ProductConf տարածաշրջանում պրոդուկտ կառավարողների համայնքի համաժողովը։
Համաժողովի նպատակն էր համախմբել հայկական տեխնոլոգիական ընկերությունների պրոդուկտ ստեղծողների՝ քննարկելու պրոդուկտի կառավարման եւ նախագծման ամենաթեժ թեմաները:
Միջոցառման կազմակերպիչ Armenian Code Academy-ի համահիմնադիր, տնօրեն Նարեկ Ասլիկյանը iTel.am-ի հետ զրույցում նշեց, որ միջոցառմանը մասնակցում էր 280 մարդ: Միջոցառումը տեղական պրոդուկտ ստեղծողների համայնքի ձեւավորման սկիզբն է, այն մի շարք հնարավորություններ կտա հետագա համագործակցություններ կառուցելու համար:
«Մեծ քանակությամբ մասնագետներ ունենք պրոդուկտի ղեկավարման ոլորտում, բայց համակարգված աշխատանք, գիտելիքների փոխանակում, կամուրջ Հայաստանից դեպի Սփյուռք եւ Սիլիկոնյան հովիտ չկա ընդհանրապես։
Պրոդուկտի ղեկավարումը շատ կարեւոր մասնագիտություն է, որովհետեւ դրա շնորհիվ են ստեղծվում իրական ստարտափներ, ինովացիոն ծրագրեր, որոնք հետո գրավում են աշխարհը։
[[gallery1]]
Մոտ մեկ տարի առաջ նախաձեռնել էինք Product Academy կրթական ծրագիրը, որի ընթացքում փորձ ունեցող որոշ պրոդուկտ մենեջերներին ու դիզայներներին օգնում էինք ավելի կատարելագործվել։ Ներգրավել էինք Սիլիկոնյան հովտի դասավանդողների ու տեղական ամենաուժեղ մասնագետների, որոնք օգնում էին նախագծեր իրականացնել ու պրոդուկտներ ստեղծել զրոյից»,- ասաց Նարեկ Ասլիկյանը։
Օրակարգը բաղկացած էր պանելային քննարկումներից, աշխատաժողովներից եւ ելույթներից՝ հիմնված համաշխարհային միտումների, շուկայի հատուկ պահանջների եւ մարտահրավերների վրա, որոնց առօրյայում բախվում է հայկական պրոդուկտ համայնքը:
[[gallery2]]
Wakie-ի համահիմնադիր Հրաչիկ Աջամյանը կարեւորեց շատ պրոդուկտ ստեղծելու փորձ ձեւավորելն ու ներքին մշակույթի ձեւավորումը։
«Հայաստանը գլոբալ մտածելակերպ ունի: Գլոբալ պրոդուկտ ստեղծելը շատ դժվար է, բայց ի տարբերություն այլ երկրների, մենք թիրախավորում ենք գլոբալ շուկան: Սակայն փորձն է քիչ, ինչը խնդիր է։ Քիչ պրոդուկտներ են ստեղծվել ու ձախողվել։ Մարդկանց պետք են շատ օրինակներ, որ ավելի շատ մարդիկ ներգրավվեն եւ այսպիսով, ներքին մշակույթ ձեւավորվի»,-նշեց Հրաչիկ Աջամյանը։
[[gallery3]]
Նա ProductConf-ի ընթացում վարում է երկու պանելային քննարկում. «Առաջինը պրոդուկտ մենեջերների ու դիզայներների համագործակցության մասին էր, որը բիզնեսի հաջողության համար շատ կարեւոր թեմա է։ Երկրորդը քննարկումը Հայաստանի պրոդուկտները գլոբալ մակարդակում ավելի մրցակցային դարձնելու վերաբերյալ էր»:
[[gallery4]]
Հիմնական բանախոսները գլոբալ առաջատար ընկերությունների մասնագետներ են, որոնք ունեն պրոդուկտի կառավարման ամբողջական ցիկլի փորձ: Միջոցառումը կազմակերպել էր Armenian Code Academy-ին՝ Fastex-ի հովանավորությամբ։