ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2022

Հայտնի են 2-րդ ԱԹՍ մրցույթի արդյունքները

0

Սեպտեմբերի 10-11-ը Լոռու մարզի Լեռնապատ գյուղի ԱԹՍ փորձակայանում կայացել է «Հաւք 2022» ԱԹՍ մրցույթի եզրափակիչ փուլը։

Մրցույթին մասնակցել է 41 թիմ, որոնցից 23-ը՝ դպրոցական, 5-ը՝ մասնագիտական, 13-ը՝ սիրողական։ Թիմերն ընտրվել էին օգոստոսի վերջին տեղի ունեցած նախամրցութային փուլերի արդյունքում։ Մրցույթի հիմնական անվանակարգերը երեքն էին՝ դպրոցահասակներ, սիրողական խմբեր ու մասնագիտացած ընկերություններ։

Դպրոցական թիմերի աշխարհագրությունը լայն էր, ներգրավված էին թիմեր Երեւանից, Արցախից, Սյունիքից, Շիրակից, Տավուշից, Լոռիից եւ Արագածոտնից։ Բոլոր անվանակարգերում առաջին, երկրորդ եւ երրորդ հորիզոնականները զբաղեցրած թիմերն արժանացել են խրախուսական դրամական պարգեւների։

«Տարածքում կողմնորոշում եւ իրերի հայտնաբերում» անվանակարգում հաղթող է ճանաչվել Վանաձորի GoSky թիմը։ «Բեռների առաքում» եւ «Հեղուկ նյութերի սփռում» խնդիրները լավագույնս լուծել է ՌՄՎ թիմը՝ Դիլիջանից։

Սիրողական թիմերից «Տարածքում կողմնորոշում եւ իրերի հայտնաբերում» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Հայդեքս» թիմը, «Բեռների առաքում» անվանակարգում՝ «Առաջնեկ» թիմը, իսկ «Հեղուկ նյութերի սփռում» անվանակարգում՝ HighFive թիմը։

Մասնագիտական թիմերից «ՄԻՏ կենտրոն» թիմը հաջողությամբ լուծել է «Բեռների առաքում» եւ «Տարածքում կողմնորոշում եւ իրերի հայտնաբերում» խնդիրները՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը։

ԱԹՍ մրցույթի նպատակն է արտակարգ իրավիճակների համար անօդաչու թռչող սարքերի միջոցով լուծումներ առաջարկելը, որոնք կօգտագործվեն փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար, ինչպես նաեւ՝ երկակի նշանակության տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրությունը բարձրացնելը:  

Մրցույթը կազմակերպվել է Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի կողմից Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) հետ։