ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2022

STARMUS-ը հասավ Լոռի եւ պատմեց ծնվող ու մեռնող աստղերի մասին

0

«STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» գիտության եւ արվեստի փառատոնը սեպտեմբերի 10-ին հասել էր Լոռի: Լուրը, որ իրենց մարզում կարեւոր միջազգային իրադարձություն է սպասվում, լոռեցիներին շատ էր ոգեւորել: Ոմանք տիեզերքի մասին դասախոսություններ լսելու, մյուսները պարզապես տոնական մթնոլորտը զգալու համար եկել էին Հայաստանի մանուկներ հիմնադրամի (ՔՈԱՖ)՝ Դեբետում գտնվող ՍՄԱՐԹ կենտրոն:

Նախորդ տարի ՔՈԱՖ-ը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ, Լոռու զբոսաշրջային ներուժը զարգացնելու նպատակով ծրագիր էր սկսել: «STARMUS օրը ՍՄԱՐԹ-ում» այդ ծրագրի շրջանակներում է: Այն մի կողմից հեղինակավոր փառատոնը հասանելի է դարձնում Լոռու երիտասարդներին, մյուս կողմից՝ Լոռին լայն շրջանակներին ներկայացնելու հնարավորություն է ստեղծում:

«Այս միջոցառումը շատ հոգեհարազատ է մեր առաքելությանը՝ գիտելիքը, կարողությունները,  հետաքրքրական շարժը հնարավորինս ապակենտրոնացնել՝ Երեւանից բերելով մարզեր: STARMUS-ը դրա հոյակապ օրինակն է:

Առաջին նպատակը, որ հետապնդում ենք այս փառատոնով, այն է, որ Լոռու մարզի մեր շահառու համայնքների երեխաներին առիթը տանք ծանոթանալ, լսել համբավով գիտնականներին, ֆիզիկոսներին, Նոբելյան մրցանակակիրներին, եւ մեզ հետ միասին երազել: Երկրորդ նպատակն այն է, որ ՍՄԱՐԹ-ը կրթական կենտրոն լինելուց բացի նաեւ հարթակ է դառնում նմանատիպ միջազգային միջոցառումների կամ գիտաժողովների կազմակերպման համար: Եվ երրորդ նպատակը զբոսաշրջության զարգացումն է: Զբոսաշրջությունը միայն պատմամշակութային հուշարձաններով ու մեր չքնաղ Լոռվա բնությամբ չի կարող սահմանափակվել: Պետք է մարզը զբոսաշրջիկին հետաքրքիր ու գրավիչ դարձնել, որ գալու շարժառիթ ունենա»,- ասում է ՔՈԱՖԻ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը:

STARMUS-ը Լոռի է հասել ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորում է Եվրոպական միությունն ու Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարությունը, իրականացնում՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ):

«Մենք օգնում ենք ՔՈԱՖԻՆ զարգացնել Լոռու մարզը, ինչը հիմնադրամի երկարաժամկետ տեսլականն է: Աջակցում ենք նրանց տարբեր ուղղություններով ու նաեւ այնպիսի փառատոններով, ինչը, իսկապես, մեծացնում է մարզի նկատմամբ հետարքրքությունը: Մարդիկ, որ նախկինում չեն եղել Լոռիում, գալիս ու տեսնում են այս գեղեցկությունը: Գուցե, նրանք ցանկանան գիշերակացով գալ ընտանիքների հետ՝ հասկանալու, թե մարզն իրենց ինչ կարող է առաջարկել: Ուրախ ենք այս համագործակցության համար: Պատրաստ ենք մեր ունեցած հնարավորություններով աջակցել, որ մարզը զարգանա ու ավելի գրավիչ դառնա»,- ասում է GIZ-ի զբոսաշրջային բաղադրիչի ղեկավար Սեբաստիան Ֆալքը:

Կեսօրից մինչեւ կեսգիշեր ՍՄԱՐԹ կենտրոնի ապակեպատ շենքն ու հարակից կանաչապատ տարածքը լեցուն էր այցելուներով: Ոմանք փակ ամֆիթատրոնում դասախոսություններ էին լսում տիեզերքի, ծնվող ու մեռնող աստղերի ու այլ մոլորակներում կյանքի մասին, մյուսները բակում ծանոթանում էին լոռեցիների՝ առանձին տաղավարներում ներկայացված արտադրանքին, քիչ ավելի հեռու բեմն էր. ելույթ էին ունենում հայաստանյան եւ միջազգային երաժշտական խմբեր:

«Հարցը, որ հիմա մեր առջեւ ծառացած է՝ արդյո՞ք կյանքը տիեզերական անհրաժեշտություն է: Ի՞նչ է այս նախադասությունը նշանակում: Ենթադրենք մենք ունենք բոլոր անհրաժեշտ բավարար պայմանները՝ մթնոլորտ, ջուր եւ այլն: Արդյոք կա՞ հնարավորություն, որ կյանք կառաջանա այդ մոլորակի վրա, ինչպես առաջացավ երկրագնդի վրա: Աստղագետները փորձել են գտնել նեոմարկերներ՝ փոքրիկ փոփոխություններ մթնոլորտի քիմիական կազմում, որոնք հույս են տալիս, որ միգուցե այդ մթնոլորտում կարող է կյանք առաջանալ: Մենք փորձում ենք կյանքի գոյացմանը նպաստող ինչ-որ քիմիական բաղադրիչներ գտնել»,- իր պատանի լսարանին բացատրում է Նոբելյան մրցանակակիր Միշել Մայորը:

Միջոցառումն առաջին հերթին ուղղված էր ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի աշակերտներին՝ Լոռու քաղաքային ու գյուղական համայնքներից մոտ 1800 երեխաների, որոնք ՍՄԱՐԹ-ում տարատեսակ գիտելիքներ ու հմտություններ են ստանում: Բայց Նոբելյան մրցանակակիրների, ճանաչված գիտնականների հետ հանդիպելու ու տիեզերքի մասին բացահայտումներ անելու հնարավորությունը բաց չէին թողել նաեւ հյուրերը՝ Լոռուց, այլ մարզերից ու Երեւանից:

«Քանի որ  Լոռու երեխաները հեռու են Երեւանից եւ մեծ քաղաքներից, իրենց համար սա նորություն է: Բոլորը մոտիվացված, հետաքրքրված, լիքը էմոցիաներով եկել են լսելու ռոք խմբերին, որոնց ծանոթ չեն: Այսօր մեզ համար տոն է, չգիտենք՝ էլ երբ էսպիսի բան կլինի:

Ինձ հատկապես հետաքրքրեց փառատոնը, որովհետեւ ՍՄԱՐԹ-ում թվային նկարչություն եմ սովորում ու նկարչությունը կապում եմ տիեզերքի հետ. այդ ամեն ինչը շատ անիրական է թվում, իսկ նկարչությամբ կարող ես անիրականը նկարել ու քո պատկերացմամբ այդ ամենը ստեղծել»,-ասում է Նվարդ Պետրոսյանը:

«Ես Վանաձորից եմ, որոշել էի գնալ Երեւան՝ STARMUS-ին մասնակցելու, բայց չկարողացա: Քանի որ փառատոնի վերջին օրը ՍՄԱՐԹ-ում էր՝ մեզ մոտ, եկանք: Երեք դասախոսություն եմ լսել, շատ հետաքրքիր էր, հատկապես՝ վերջինը՝ աստղերի մահանալու եւ սեւ խոռոչների մասին: Այս դասախոսություններն ինձ ավելի ոգեշնչեցին, որ սկսեմ ավելի շատ զբաղվել գիտությամբ եւ ավելի շատ նոր բաներ իմանամ»,- ոգեւորությունն է կիսում Սերոգ Թովմասյանը:

STARMUS-ն իր հետաքրքիր հյուրերով ու ոգեւորող մթնոլորտով էր եկել Լոռի, լոռեցիներն էլ իրենց բազմատեսակ արտադրանքով էին միացել փառատոնին: Մոտ 30 տաղավարում տարբեր համայնքների անհատներ ու փոքր ընկերություններ իրենց արտադրանքն էին ներկայացնում՝ համեղ, գեղեցիկ, տաք, օգտակար:

««Մեղրատուն»-ը ներկայացնում է մեղվաբուծական արտադրանք՝ մեղրի գինի՝ կիսաքաղցր եւ դառը, մեղրից բացի ուրիշ ոչինչ չենք խառնում, ունենք մեղրի օղի, ակնամոմի բալզամ, տարբեր տեսակի մեղրներ՝ տարբեր փաթեթավորումներով՝ հուշանվերային, շրջանակով. այն ամենը, ինչ հնարավոր է ստանալ մեղրից: Ունենք նաեւ դամասկոսյան վարդից գինի, մուրաբա, չորացրած վարդ եւ այլն»,-իր 10-ամյա բրենդն է ներկայացնում Հարություն Զաքարյանը:

«Շյուղիկ»-ը Ամրակից համայնքի այցեքարտերից մեկն է: 4 տարի առաջ Ամրակիցում բացվեց «Գրադարակ» ժամանակակից գրադարանը: Հետո այստեղ գործելու խմբակ ձեւավորվեց. սկզբում աշակերտները, հետո նրանց ծնողները միացան խմբակին, կատարելագործեցին իրենց հմտություններն ու երբ պատրաստ էին ապրանքը հանել շուկա, ստեղծեցին «Շյուղիկ» բրենդը:

«Քանի որ ծրագիրն արդեն 3-րդ տարին է գործում, աղջիկներ, կանայք, տատիկներ են միացել մեզ: Նրանց հմտություններն այնքան լավ են, որ որակի հարցում ոչ մի կասկած ու մտավախություն չունենք: Շարֆեր, գլխարկներ, պայուսակներ ենք գործում: Հասել ենք այն շեմին, որին ի սկզբանե ցանկանում էինք հասնել, բայց հույս չունեինք: Տարբեր տոնավաճառների ենք մասնակցել ու շատ հաճելի էր, որ մարդիկ գալիս, հետաքրքրվում են՝ շատ սիրուն է, երեւում է, որ շատ որակով է, ձեռքի աշխատա՞նք է, ինչպե՞ս է հնարավոր: Շատ հաճելի է գիտակցել, որ կարողանում ենք դժվարությունները հաղթահարել ու ստանալ շատ որակով ու շուկայի համար հետաքրքիր արտադրանք»,-ասում է «Գրադարակ»-ի համահիմնադիր Արուսիկ Զեյնալյանը:

Ցուցադրությանը նաեւ Վանաձորի տիկնիկային թատրոնն էր մասնակցում՝ իր տիկնիկներով: Այս տարի թատրոնը հիմնադրման 30-ամյակն է նշում: Սեպտեմբերի 24-ին՝ 30 տարի անց, նորից բեմ են հանելու թատրոնի առաջին ներկայացումը՝ «Շունն ու կատուն»: Թեեւ զբաղված են նախապատրաստությամբ, բայց STARMUS-ի շրջանակում ներկայանալու առիթը չէին կարող բաց թողնել:

«Ներկայացնում ենք մեր խաղացանկում գործող ներկայացումների տիկնիկները: Նախընտրությունը տվել ենք տիկնիկների երկու տեսակին՝ պլանշետային եւ ավանդական ձողիկավոր: Թատրոնի թանգարանային բաժնից բերել ենք նաեւ դիմակներ, որոնք ցուցադրության են դրված երեխաների համար, եւ մեր թատրոնի մյուս տեսակի դիմակները, որ երբեմն օգտագործում ենք ոչ տիկնիկային ներկայացումներում. դերակատարները դրանք կրում ու վերածվում են կենդանի տիկնիկների»,- իրենց տաղավարն է ներկայացնում թատրոնի տնօրեն Սեւակ Սարգսյանը:

Սթարմուսյան վերջին անակնկալն աստղադիտումն էր: Քաղաքային լույսերից հեռու՝ աստղերն ու տիեզերքը շատ մոտ էին թվում:

Լուսինե Ղարիբյան