Քիփ Թորն եւ Լիա Հալորան. սեւ խոռոչներ, տիեզերական պատկերներ եւ պոեզիա
Նոբելյան մրցանակի դափնեկիր, աստղաֆիզիկոս Քիփ Թորի պոեզիան եւ դրան ուղեկցող գեղանկարներն առաջին անգամ ներկայացվեցին ԵՊՀ դահլիճի բեմից: STARMUS VI գիտության եւ արվեստի փառատոնի շրջանակում Քիփ Թորնը եւ նկարչուհի Լիա Հալորանը ԵՊՀ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պատմեցին արվեստի ու գիտության համագործակցության եւ դրա արդյունք դարձած իրենց գրքի մասին:
Ոգեշնչելով սերունդներին
Նոբելյան մրցանակակիրը դասախոսությունն սկսեց իր մանկության պատմությունից՝ նշելով, թե ինչպես է 13 տարեկանում տիեզերքով տարվել ֆիզիկոս Ջորջ Գամովի «Մեկ երկու երեք .... անսահմանություն» գրքի շնորհիվ:
«1960-ականների սկզբին ես սկսեցի հասկանալ, որ մեր տիեզերքը կարող է ունենալ կորացած կողմ՝ մարմիններ եւ երեւույթներ, որոնք մատերիայից չեն: Ամենահայտնի օրինակը սեւ խոռոչներն են: 1966-2016 թվականներին՝ մոտ կես դար, ես զբաղված էի տիեզերքի կորացած կողմի ուսումնասիրմամբ ինչպես տեսական հաշվարկներ կատարելով, այնպես գրավիտացիոն ալիքների միջոցով տիեզերքի հետազոտման նոր ձեւեր ստեղծելով:
Դա անում էի որպես Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր՝ իմ հոյակապ ուսանողների ու կոլեգաների հետ համագործակցությամբ: Իմ կարիերայի ընթացքում փորձում էի ոգեշնչել մյուսներին նույն կերպ, ինչպես ինձ ոգեշնչել են Ջորջ Գամովը եւ Ջոն Ուիլերը»,- պատմել է Քիփ Թորնը:
Գիտության եւ արվեստի հիբրիդ
2009 թվականից աստղաֆիզիկոսը սկսում է աստիճանաբար իրեն նոր կարիերայում փորձել: Նա ցանկանում էր մի այնպիսի բանով զբաղվել, որն իր համար նորություն էր, բայց միեւնույն ժամանակ կրկին կապված կլիներ տիեզերքի կորացած կողմի հետ:
Այսպես, նա գտնում է իրեն գիտության ու արվեստի խաչմերուկում՝ երաժշտության, ֆիլմերի եւ արվեստի այլ ճյուղերի միջոցով նպաստելով գիտության հանրամատչելիությանը:
2014 թվականին էկրան բարձրացած «Ինթերսթելեր» գիտաֆանտաստիկ ֆիլմի գլխավոր պրոդյուսերը Քիփ Թորն է: ԵՊՀ-ում հանդիպման ընթացքում նա ակնարկեց սպասվող նոր գիտաֆանտաստիկ ֆիլմի մասին, որն էկրան կբարձրանա առաջիկա տարիների ընթացքում:
«Մանրամասներ ասել չեմ կարող, սակայն այս ֆիլմը նախաձեռնել էինք Սթիվեն Հոքինգի հետ, որն իմ շատ-շատ մտերիմ ընկերն էր»,- նշել է նա:
Համագործակցության մեկնարկը
Տարիներ առաջ Քիփ Թորնը սկսեց հետաքրքրվել նաեւ պոեզիայով՝ դրան ձուլելով գիտությունը: Նկարչուհի Լիա Հալորանի հետ համագործակցությամբ աստղաֆիզիկոսը մեկնարկեց աշխատանքը «The Warped Side Of Our Universe» («Տիեզերքի կորացած կողմը») գրքի վրա:
Լիա Հալորանը Լոս Անջելեսի Չեփմեն համալսարանի պրոֆեսոր է, որտեղ դասավանդում է նաեւ գիտության ու արվեստի հատմանն առնչվող առարկա:
Նկարչուհու խոսքով՝ գիտությունը մեծ ազդեցություն է թողել իր արվեստի վրա այն բանից հետո, երբ ծանոթացել է Քիփ Թորնի «Սեւ խոռոչները եւ ժամանակի կորությունը. Այնշտայնի աղաղակող ժառանգությունը» գրքին:
«Միանգամայն բախտի բերումով հանդիպեցի Քիփին կոկտելային երեկույթի ժամանակ եւ նրանց ասացի, թե ինչ մեծ ազդեցություն է թողել իր գիրքն իմ արվեստի վրա: Նա ինձ ասաց, որ մի երիտասարդ կինոռեժիսոր կա, որը հետաքրքրված է գիտական ֆիլմի ստեղծմամբ եւ, գուցե, ես կարող եմ օգնել վիզուալիզացնել այն: Ես, իհարկե, համաձայնեցի:
Այդ երիտասարդ կինոռեժիսորը Սթիվեն Սփիլբերգն էր, որ նախատեսում էր նկարահանել «Ինթերսթելերը»: Իմ եւ Քիփի համագործակցությունը սկսվեց դեռեւս այդ ժամանակվանից: Շուրջ 12 տարի է, ինչ աշխատում ենք այս գրքի վրա, որի համար ես ստեղծել եմ 400 գեղանկարներ, որոնք էլ Քիփը վերածել է պոեզիայի»,- մանրամասնել է Լիա Հալորանը:
Ճանապարհորդություն սեւ խոռոչներով
Հանդիպման ընթացքում Քիփ Թորնը եւ Լիա Հալորանը միասին ընթերցեցին պոեզիան, իսկ էկրանին ցուցադրվեցին համապատասխան գեղանկարները՝ ներկայացնելով դրանք առաջին անգամ:
Գիրքը յուրատեսակ ճանապարհորդություն է սեւ խոռոչներով, որտեղ պատկերներն ու պոեզիան բացահայտում են տիեզերքի գաղտնիքներն ու արտասովոր երեւույթները: Հեղինակները ձգտել են անդրադառնալ այնպիսի թեմաների, ինչպիսիք են տիեզերքի ստեղծումը, տիեզերքի կորացած կողմի՝ նյութական աշխարհի վրա ազդեցությունը, սեւ խոռոչների ու տարածաժամանակային կորության գաղտնիքները:
Այս ճանապարհորդությունն ավելի անձնական դարձնելու համար պատմությունը ներկայացվում է հերոսուհու՝ Ֆելիսիայի միջոցով:
«Մենք ցանկանում էինք այնպիսի բան ստեղծել, որն ավելի զգայուն կլիներ, ինչպես պոեզիան եւ գեղանկարչությունն է: Սա բոլորովին նոր ձեւ է գիտության հետ առնչվելու: Հույս ունենք, որ նկարիչները կնայեն այս գրքին ու կասեն, որ սա իրենց գիրքն է, նույնը կասեն պոէտները, և նույնն էլ գիտնականները»,- նշել է Լիա Հալորանը:
Գիրքը լույս կտեսնի 2023 թվականին:
Հաջողված համագործակցության գաղտնիքը
Անդրադառնալով սերունդների միջեւ համագործակցությանը՝ Քիփ Թորնը կարեւորել է տարբեր ու հարուստ փորձառությունների համադրումը:
«Տարիքով գրեթե երկու անգամ մեծ եմ Լիայից, բայց մենք չենք նկատում այս տարիքային տարբերությունը: Մեր կյանքի փորձը շատ տարբեր է, եւ մենք համապատասխանաբար ներկայացնում ենք տարբեր տեսակետներ: Հենց դա է դարձնում մեր համագործակցությունը հիանալի, դա մեծ ուժ է տալիս ու հաճույք պատճառում»,- ընդգծել է նա:
Լիա Հալորանն էլ հավելել է, որ իր ուսանողներին խորհուրդ է տալիս ընտրել այնպիսի գործընկերներ, որոնց հետ կցանկանան շատ ժամանակ անցկացնել: Իր եւ Քիփ Թորնի դեպքում հենց այդպես է;
«Ֆանտաստիկ համագործակցությունն այն է, երբ երկու մարդիկ, որոնք մասնագիտացած են տարբեր ուղղություններով, միավորվում են ստեղծելու որեւէ երրորդ՝ մի նոր բան, ինչը չէին կարողանա անել առանց մեկը մյուսի: Երբ մենք սկսեցինք աշխատել գրքի վրա, Քիփը արձակ էր գրել, որը ակնկալելի էր գիտական գրքում տեսնելու առումով: Դա նկարագրություն էր, թե ինչպես է աշխատում սեւ խոռոչը: Բայց երբ նա տեսավ նկարները, հասկացավ, որ դրանց կողքին պետք է պոեզիա լինի: Այսպես, նման համագործակցության միջոցով ծնվեց գաղափարը՝ գրքում ունենալ նկարներ եւ պոեզիա: Նախկինում եթե մեզ ասեին, որ նման բան ենք անելու, գուցե ինքներս չհավատայինք»,- խոստովանել է նկարչուհին:
Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյան