ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2022

Եզրաս Թելլալյան. Հողի հետ կապն զորացնում է սահմանում ապրողներին

0

Ներքին Խնձորեսկի մանկապարտեզի նկուղի վերանորոգման եւ այն շուրջ 100 մարդու համար ապահով ռմբապաստարան դարձնելու նպատակով Հայ օգնության ֆոնդի «Այո» հարթակը շարունակում է դրամահավաքը: Ծրագրի շրջանակում «Այո»-ն նախաձեռնել էր առցանց հանդիպում ամերիկահայ լուսանկարիչ Եզրաս Թելլալյանի հետ:

Մեդիամաքսն առանձնացրել է զրույցի հետաքրքրական դրվագները:
 
Հայկական արմատներ

Սփյուռքում ծնված հայերի երրորդ սերնդից եմ, ինչը նշանակում է, որ պապիկ-տատիկներս եւս ԱՄՆ-ում են ծնվել: Ծնողներս հայերեն չեն խոսում, արեւմտահայերենով մայրիկիս մայրիկի հետ էի խոսում միայն: Այսպես, ես մեծացել եմ բավականին ամերիկյան միջավայրում, սակայն մշտապես կապված եմ եղել եկեղեցու հետ: Հիշում եմ կիրակնօրյա դպրոցները, եկեղեցու ճամբարներին մասնակցելը եւ այլն: (Եզրասը հիմա սարկավագ է՝ հեղ.)

Հայաստան առաջին այցիս ժամանակ այստեղ մի քանի ամիս կամավորական աշխատանք կատարեցի եւ երեւի այդ ժամանակ էր, որ հայկական սերմը իրականում դրվեց ինձանում:

Մեկնելու որոշումը

Երբ 2020 թվականին պատերազմը սկսվեց, առաջին ինքնաբուխ արձագանքը սա էր՝ ես ուզում եմ գնալ, ես ուզում եմ այնտեղ լինել: Հետո ոգեշնչվեցի բողոքի ակցիաներից, երբ սկսեցի զգալ, որ պետք է ավելին անեմ, քան պարզապես այդ ակցիաները նկարելն էր: Պատերազմի ժամանակ ընկերներիցս մեկը զոհվեց, եւ դա պատերազմն ինձ համար ավելի անձնական դարձրեց: Հոկտեմբերի սկզբներին խոսեցի հորս հետ եւ նա սատարեց ինձ: Ինչ-որ իմաստով Արցախում լինելն ու անգամ հարձակման տակ գտնվելն ավելի հեշտ էր, քան այդ ամբողջը հեռվից դիտելը:

Շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք օգնեցին ինձ կապեր հաստատել ու ես կարողացա կամավոր աշխատել «Սիվիլնեթ»-ի հետ: Դա բերեց մի ամբողջ փորձառության, մի ամբողջ կյանքի:

Ես մեկնում էի Արցախ ոչ միայն որպես լուսանկարիչ, այլեւ որպես հոգեբան ու որպես սարկավագ: Մենք պետք է կենտրոնանայինք նրա վրա, թե ինչ էր կատարվում քաղաքացիների հետ: Հիմնական լրատվական հոսքը ռազմական գործողությունների, զոհվող զինվորների, խփված ուղղաթիռների ու տանկերի քանակի մասին էր:

Մենք փորձեցինք ավելի խորությամբ նայել, լինել այն մարդկանց ու երեխաների հետ, որոնք ապաստարաններում էին, լինել Շուշիի Սուրբ Ամենափրիչ Ղազանչեցոց եկեղեցում ամուսնացող զույգի հետ: Այդ ժամանակ բոլորս մեր կյանքն էինք վտանգում, որովհետեւ եկեղեցին արդեն երկու անգամ ռմբակոծվել էր: Չնայած դրան՝ զույգը որոշել էր չփոխել հարսանիքի օրը:

Մոտ երկու տասնյակ մարդիկ էին երկու սենյակներում մոտ 10 մետր լայնքով ու 25 մետր երկարությամբ: Նրանք միշտ մեզ թանապուր էին հյուրասիրում, երբ իրենց մոտ էինք լինում:

Ապաստարաններում սպասման զգացում կար, նման էր Գոդոյին սպասելուն (Սամուել Բեթեքի հայտնի գրվածքից՝ հեղ.), երբ չգիտես նա կգա, թե ոչ: Այդ լարված սպասումն էր՝ երբ կկարողանանք դուրս գալ, երբ կլինենք ապահով:

Ինչումն է ուժը

Մեզ՝ ԱՄՆ-ում ծնված-մեծացածներիս համար սովորական է մի թաղամասից մյուսը տեղափոխվելը, անգամ մի երկրից մյուսը տեղափոխվելը, դրա համար չկա հողի հետ կապը: Հայաստանում ասում են կարմիր հող, որը ներծծված է արյամբ, ինչպե՞ս կարելի է այն լքել: Ինչպե՞ս կարելի է լքել պապերի, ապուպապերի, նրանց պապերի գերեզմանները: Հայաստանում հողը եւ տունը մեկտեղվում են, քո տունը միայն այն վայրը չէ, որտեղ քո ընտանիքն է, դա նաեւ համայնքն է, քաղաքը կամ գյուղը: Կարծում եմ, որ հողի հետ կապն այն է, ինչ զորացնում է սահմանում ապրողներին:

Մյուս կարեւոր հանգամանքն այն է, որ մարդիկ մնում են իրենց զինվորների թիկունքում, որպեսզի երբ զինվորները կարիք ունենան վերադառնալու 1-2 օրով, նրանք այնտեղ լինեն, զինվորները չվերադառնան դատարկ տներ:

Իրենք մոռացված չեն

Մենք պետք է օգնենք սահմանի բնակիչներին պահպանել իրենց տները, այնպես անել, որ նրանք իրենց տեղում ապահով զգան, եւ այդպես ավելի քիչ մարդիկ կմտածեն լքելու մասին: Անվտանգային հարցը պետք է վերջին պատճառը լինի, որով մարդը կվճռի լքել իր տունը:

Մենք պետք է պատրաստ լինենք: Երեխաները, պետք է պատրաստ լինեն ապաստարաններում ապրելուն այնքան ժամանակ, քանի դեռ մենք պաշտպանում ենք նրանց: 44-օրյա պատերազմի ժամանակ մենք տեսանք, որ բնակավայրերը օրերով ռմբակոծվում էին:

Սահմանին ապրողներին օգնելու համար առաջինը, իհարկե, դրամական աջակցությունն է մտքով անցնում: Բայց մենք կարող ենք այցելել այդ մարդկանց ու դա անգնահատելի փորձ կլինի: Ուղղակի գնալ ու ներկա լինել: Կարծում եմ, որ նրանց համար մեծ նշանակություն ունի այն, որ իրենց չեն մոռացել: Չեմ կարծում, որ ավելի շատ բան կա անելու, քան մեր ժամանակն ու ռեսուրսներն այս մարդկանց օգնելու մեջ ներդնելը: ԱՄՆ-ում ծնվածներս գուցե չհասկանանք այն օրհնությունը, երբ առավոտյան արթնանում ես ու օդային տագնապի ազդանշանը միացված չէ:

Ունենալ էլեկտրականություն, գազ, հոսող ջուր, այս ամբողջը մեծ օրհնություն է, որը ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ աշխարհի շատ վայրերում մարդիկ զրկված են նման ապահովությունից: Սա մեծ խնդիր է մարդկության համար, որովհետեւ մենք սկզբում պետք է ունենանք խաղաղություն, որ դրա հիմքով կարողանանք կառուցել:

Պատերազմի օրերին արված արցախցիների մարդկային պատմությունները ներկայացնող իր լուսանկարները Եզրաս Թելլալյանն ամփոփել է «Մարդկությունը պատերազմի ժամանակ» գրքում: Դրանից ստացված ամբողջ շահույթը լուսանկարիչը նվիրաբերում է Արցախում պատերազմի հետեւանքների մեղմանն ուղղված աշխատանք կատարող հասարակական կազմակերպություններին:

Գայանե Ենոքյան