ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2022

Երեւանում կարծում են, որ «Ադրբեջանը միտված է տապալելու խաղաղության գործընթացը»

0

«Հայկական կողմի տեսակետն Ադրբեջանի կողմից առաջարկված հինգ կետերի վերաբերյալ անփոփոխ է: Ինչպես ասել ենք նախկինում, 2022թ. մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին փոխանցած մեր պատասխանով մենք լրացրել ենք օրակարգը եւ հետեւաբար՝ այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների շարունակությանը: Սա եւս մեկ անգամ վերահաստատվել է վարչապետ Փաշինյանի կողմից Բրյուսելում տեղի ունեցած վերջին քննարկումների ընթացքում:

Այս տեսակետը չլսելը կամ չլսելու փորձերը հայկական կողմին հիմք են տալիս կասկածելու Ադրբեջանի՝ խաղաղության հասնելու մտադրության անկեղծության մեջ։ Ավելին` բանակցությունների շարունակական կամայական, իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունները եւ պայմանավորվածությունների կատարումից խուսափելը թույլ են տալիս մտածելու, որ Ադրբեջանը միտված է տապալելու խաղաղության գործընթացը եւ ուժի կիրառման միջոցով շարունակելու էթնիկ զտումների իր քաղաքականությունը», - ասել է Արարատ Միրզոյանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սեպտեմբերի 2-ին հայտարարել էր, որ Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարները «գործնական բանակցություններ կվարեն խաղաղության պայմանագրի շուրջ՝ հիմնված Բաքվի առաջարկած եւ Երեւանի կողմից ընդունված հինգ սկզբունքների վրա»։

«Այս հինգ սկզբունքները ներառում են երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչում, տարածքային պահանջներից փոխադարձ հրաժարում, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, սահմանների սահմանազատում եւ հաղորդակցության ուղիների բացում։ Այս սկզբունքներն առաջարկվել են Ադրբեջանի կողմից։ Հայաստանին, եւ Հայաստանի վարչապետն ընդունել է դրանք։ Դա վերահաստատվեց երկու օր առաջ Բրյուսելում մեր հանդիպման ժամանակ»: