ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2022

Փաշինյան. Հայաստանը շարունակելու է աջակցել ԼՂ պաշտպանության խնդիրներին

0

Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առիթով արված շնորհավորական ուղերձում նա, մասնավորապես, նշել է.

«Միջազգային հանրությունը պարտավոր է ջանքեր գործադրել 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրմանը եւ թույլ չտալ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականության իրականացումը։

ՀՀ-ը շարունակելու է աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում բնականոն կենսագործունեության ապահովմանը, անվտանգության եւ մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին։ Այսօր մենք մեր գնահատանքի խոսքն ենք ասում Լեռնային Ղարաբաղը մարմնավորող Մարդուն, եւ մեր խնդիրն է՝ խաղաղ, քաղաքակիրթ միջոցներով, բանակցային եղանակով ապահովել խաղաղ ապրելու եւ արարելու նրա անօտարելի իրավունքը:

31 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի եւ Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանն ինքնորոշման իրավունքի կիրառմամբ որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման մասին։

Մեր հայրենակիցների այս որոշումը պատասխանն էր գոյութենական սպառնալիքի, որի դրսեւորումներն էին Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը։ Այս որոշումը կայացվեց որպես երաշխիք արցախահայության անվտանգության եւ իրավունքների պաշտպանության։

Անկախության հռչակագրին հաջորդեցին 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեն, Արցախյան 1-ին պատերազմը, 4-օրյա պատերազմը, 44-օրյա պատերազմը։ Փաստը, որ Լեռնային Ղարաբաղում կամ դրա մի հատվածում շարունակում են ապրել մեր հայրենակիցները, մնաց նույնը։ Եվ նրանք իրավունք ունեն ապրել իրենց բնօրրանում՝ անվտանգ միջավայրում, որտեղ պաշտպանված կլինեն իրենց իրավունքները։ Ըստ էության, սրանում է կայանում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը։

Այսօր մենք խոնարհումով ենք հիշում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության համար նահատակված մեր եղբայրներին ու քույրերին, եւ նրանց առաջ մեր պարտավորությունն է՝ ապահովել խաղաղ Լեռնային Ղարաբաղ, խաղաղ Հայաստան, խաղաղ Հարավային Կովկաս»: