ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Անցնող շաբաթը Վրեժ Քասունու հետ

0

Մեդիամաքսը շարունակում է «Անցնող շաբաթը» նախագիծը: Տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ մեր խնդրանքով մեկնաբանում են անցնող շաբաթվա իրադարձությունները Հայաստանում, աշխարհում, ինչպես նաեւ իրենց կյանքում:

Անցնող շաբաթը մեկնաբանում է ReAnimania կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն, երգիծանկարիչ Վրեժ Քասունին

***

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու մասին

Վերջին հինգ ամիսների ընթացքում նկարահանումներով էի զբաղված, հիմա էլ սկսել ենք ReAnimania փառատոնի նախապատրաստական աշխատանքները եւ ժամանակի սղության պատճառով այս հարցին մակերեսային եմ մոտեցել: Բայց պատրաստվում եմ ավելի խորն ուսումնասիրել հարցը: Ինձ համար, որպես քաղաքացու եւ քաղաքական երգիծանկարչի, թեման շատ կարեւոր է:

Ինչ վերաբերվում է սահմանադրության փոփոխության քննարկումներին, նաեւ Ռոբերտ Քոչարյանի` դրանց դեմ լինելուն, իմ կարծիքով, ցանկացած իշխանություն սահմանադրությունը վերափոխում է իր քաղաքական ու անձնական նկրտումների համաձայն: Ամբողջ աշխարհում էլ այդպես է: Կարծում եմ, թե Ռոբերտ Քոչարյանի, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի դեպքում նրանցից յուրաքանչյուրը սահմանադրական փոփոխություններ կնախաձեռներ: Եթե այսօր նախագահ լիներ ոմն X անձնավորությունը, եւս ցանկանալու էր փոխել սահմանադրությունը, որ իր լծակներն ավելի լավ աշխատեն:

Հրադադարի խախտման դեպքերը նվազել են

Շուտով Ադրբեջանում ընտրություններ են սպասվում, իսկ յուրաքանչյուր ընտրությունների շեմին խախտումները շատանում են: Կարծում եմ, վերջին  շրջանում Ադրբեջանը, օգտվելով Հայաստանի` իրենց կարծիքով ներքին քաղաքական անկայուն վիճակից, փորձում է այդ հարվածներով ավելի տկարացնել վիճակը: Ալիեւի քաղաքականությունն է՝ ժողովրդի աչքերում ստեղծել կարծիք, թե Հայաստանն ուր որ է կործանվելու է: Գուցե Ադրբեջանը փորձում է լարվածության մեջ պահել Հայաստանը եւ հետագայում ավելի մեծ հարձակման անցնել: Բայց կարծում եմ, Ադրբեջանը չի համարձակվի նման բան անել, իսկ համարձակվելու դեպքում, վստահ եմ, կտուժի:

Բնականաբար, կա նաեւ Ռուսաստանի գործոնը: Կարծում եմ, պատերազմը նրան այս պահին շահավետ չէ: Ռուսաստանն այսօր ավելի մեծ խնդիրների մեջ է ընկղմված:

Ամենից վտանգավորն այն է, որ Ալիեւը ստեղծեց մի սերունդ, որը լի է ատելությամբ հայերի նկատմամբ ու պատրաստ է սպանել հայերին: Իր հոր կառավարման տարիներին այս աստիճան ատելություն չկար:

Հոկտեմբերի 10-ին եւ 11-ին կայանալու է Էրեբունի-Երեւան տոնը

Կողմնակից եմ այս տոնի կայացմանը՝ դեմ լինելով հավելյալ անիմաստ ծախսերին:

Որպես փառատոնի ղեկավար կարող եմ ասել, որ մենք միշտ փորձում ենք նվազագույն ծախսեր ունենալ: Այդ սկզբունքից ելնելով՝ կցանկանայի, որ ավելի քիչ գումար ծախսվեր: Օրինակ, հրավառությունների համար նախատեսված գումարը կարելի էր ավելի օգտակար ծախսել:

Ամենադժվար պայմաններում նույնիսկ, պատերազմող երկրներում էլ, կարողանում են ստեղծել այդ առիթն ու նշել քաղաքի տոնը: Կարծում եմ, Երեւանը արժանի է այս տոնին: Մարզերից, ծայրամասերից մարդիկ գալիս են քաղաք, զբոսնում են, հավաքվում են հրապարակում, կապվում են մայրաքաղաքի հետ ու վայելում են քաղաքը:

Ռուսաստանը Կասպից ծոցի իր նավերից հրթիռակոծել է Սիրիայի տարածքը

Իհարկե, դեմ եմ այս պատերազմին, այն ինձ մեծ ցավ է պատճառում: Հալեպահայ լինելով՝ հազվադեպ եմ խոսում այս թեմայով: Հաճախ են դիմում ինձ, որ արտահայտվեմ այս թեմայով, բայց հիմնականում լուռ հետեւում եմ: Պատճառն այն է, որ արդեն 16 տարի Սիրիայում չեմ եղել եւ իրավունք չունեմ այնտեղ գտնվող ու իրենց կյանքը վտանգող մարդկանց կյանքը մեկնաբանեմ:

Այս իրադարձությունների մասին կասեմ, որ Ռուսաստանի գործողությունն ամենաճիշտ քայլն էր, որը կարող էլ լինել: Վերջին շրջանում պարզ դարձավ, որ Իրանը, որը միշտ աջակցում էր Ասադին, Սիրիայում մի նոր, անկախ պետություն ստեղծելու ցանկություն ունի: Կարծիք կա, որ հենց նրանք են ուղղակի կամ անուղղակի աջակցում երկրի ներքին պառակտմանը: Կարծում եմ, Ռուսաստանը ճիշտ ժամանակին միջամտեց: Պատերազմը, թերեւս երկար կտեւի, իսկ Ռուսաստանը գերիշխող ուժ կմնա այդ տարածաշրջանում:

Ռուսաստանը, գուցե, մի օր պայմանավորվի Ասադի հետ ու երկիրը նոր`«ժողովրդավարական» ընտրության տանի: Ռուսաստանն ուզում է Արեւմուտքին ու Եվրոպային ցույց տալ, որ իր ներխուժումը կառուցողական էր՝ ի տարբերություն նրանց ներխուժմանը Իրաք ու Լիբիա:

Գրի առավ Լենա Գեւորգյանը
Լուսանկարեց Մարիամ Լորեցյանը