ՀԾԿՀ–ն հավանություն է տվել ՀրազՋԷԿ–ի վաճառքին
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ուրբաթ նիստի ժամանակ միաձայն հավանություն է տվել «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ–ի բաժնետոմսերի 100 տոկոսի վաճառքի մասին հայտին։
«Սեպտեմբերի 22–ին ՀԾԿՀ–ին դիմել է «Ինտեր ՌԱՕ» ընկերությունն` իրազեկելով, որ նախատեսում է վաճառել իրեն պատկանող «ՀրազՋԷԿ»–ի բաժնետոմսերի 100 տոկոսը «Լիոմարնդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը։ Սեպտեմբերի 28–ին նման հայտ է ներկայացվել «ՀրազՋԷԿ» ԲԲԸ–ի կողմից», – ասաց ՀԾԿՀ–ի իրավաբանական և լիցենզավորման բաժնի պետ Սեդա Շահինյանը։
Նրա խոսքով` Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը հավանություն է տվել այդ առաջարկին։
«Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ–ն Հայաստանի վեց խոշոր գեներացնող ընկերություններից մեկն է և Հայաստանի էներգետիկ համակարգում ունի բալանսավորող կայանի դեր` արտադրելով էլեկտրաէներգիա միայն ներքին շուկայում պակասուրդի առաջացման դեպքում։ «ՀրազՋԷԿ» ԲԲԸ–ի մասնաբաժնին 2014 թ.–ին բաժին է ընկել հանրապետությունում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալի 12,3 տոկոսը։ –0–