Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6–ին
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6–ին։ Փոփոխություններով նախատեսվում է անցնել խորհրդարանական իշխանավարման։
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համապատասխան հրամանագիրը ստորագրել է հինգշաբթի։
Հոկտեմբերի 5–ին սահմանադրական բարեփոխումների նախագծին հավանություն է տվել ՀՀ խորհրդարանը։
Նոր Սահմանադրության նախագծի համաձայն` Հայաստանի նախագահը, որի լիազորությունները զգալիորեն կկրճատվեն, ընտրվում է յոթ տարով (ներկա հինգի փոխարեն) ոչ թե համազզային քվեարկության, այլ խորհրդարանի միջոցով։ Միևնույն մարդը կարող է նախագահի պաշտոնում ընտրվել միայն մեկ անգամ։ Նախատեսվում է, որ առաջին փուլում պետության ղեկավարը պետք է ընտրվի պատգամավորների ձայների ¾–ով, իսկ եթե դա չհաջողվի, ապա նշաձողն իջեցվում է մինչև 3/5։ Եթե այս դեպքում ևս ընտրություններն արդյունքի չհանգեցրին, ապա նախագահը կընտրվի պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ։
Ըստ փաստաթղթի` գործադիր իշխանության բարձրագույն մարմինը կառավարությունն է, որը մշակում և իրականացնում է ներքին և արտաքին քաղաքականությունը` սեփական ծրագրի հիման վրա։ Կառավարությունը նաև ղեկավարում է պետական կառավարման համակարգը։
Նոր նախագագծով նախագահը վարչապետի պաշտոնում նշանակում է խորհրդարանական ընտրություններում հաղթած կուսակցության կամ դաշինքի թեկնածուներից մեկին։ Միաժամանակ եթե խորհրդարանական ուժերը չկարողանան պայմանավորվել վարչապետի պաշտոնի շուրջ, ապա Ազգային ժողովն ազատ կարձակվի։ Վարչապետի նկատմամբ անվստահության քվե կարող է ներկայացվել նրա նշանակումից մեկ տարի հետո։
Հրապարակված փաստաթղթի համաձայն` Զինված ուժերը ենթարկվում են կառավարությանը, իսկ պատերազմի ժամանակ ԶՈւ–ի գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է։
Բացի այդ, նախագծով սահմանվում է, որ համամասնական համակարգով հինգ տարի ժամկետով ընտրվող Ազգային ժողովը բաղկացած կլինի առնվազն 101 պատգամավորից։ Օրենսդիր մարմնում նախատեսվում է տեղեր տրամադրել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին։
Ընդ որում ընտրությունների արդյունքում խորհրդարանում կայուն մեծամասնության բացակայության դեպքում նախատեսվում է անցկացնել քվեարկության երկրորդ փուլ, որին կմասնակցեն ձայների մեծամասնությանն արժանացած երկու կուսակցությունները։ Երկրորդ փուլի հաղթողը կստանա լրացուցիչ մանդատներ։
Նոր նախագծով փոխվում է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորման կարգը։ Մասնավորապես, ԿԸՀ–ի անդամներն ընտրվում են ԱԺ–ի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5–ի կողմից։ Միևնույն մարդը չի կարող երկու անգամ անընդմեջ զբաղեցնել ԿԸՀ անդամի կամ նախագահի պաշտոնը։
Գործող օրենսդրությամբ` ԿԸՀ–ի անդամներին նշանակում է հանրապետության նախագահը Մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի և Փաստաբանների պալատի ներկայացուցիչների առաջարկով։–0–