Ամալ Քլունիի պաշտպանյալը ազատության մեջ է
Հոկտեմբերի 7-ին Ֆահմին եւ նրա փաստաբան Ամալ Քլունին հանդիպել են լրագրողներին Լոնդոնի Frontline մամուլի ակումբում:
Մոհամեդ Ֆահմին եւ Al Jazeera-ի եւս երկու աշխատակիցներ ձերբակալվել էին Եգիպտոսում 2013 թվականի դեկտեմբերի 29-ին: Նրանց մեղադրել էին «Մուսուլման եղբայրներ» խմբավորմանն աջակցելու համար:
Սեպտեմբերին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին ներում շնորհեց
Մոհամեդ Ֆահմիին:
Ամալ Քլունին ասել է, որ Եգիպտոսի նախագահը գնացել է այդ քայլին միջազգային ճնշման ներքո: Նա նկատել է, որ Աբդել Ֆաթահ ալ Սիսին լրագրողին ներում շնորհեց Նյու Յորք մեկնելուց մեկ օր առաջ, որտեղ նա պետք է ելույթ ունենար ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում:
Հիշեցնենք, որ ս.թ. հունվարին Ամալ Քլունին ներկայացնում էր Հայաստանի շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի լսումների ժամանակ:
Ելույթ ունենալով ՄԻԵԴ-ի դատավորների առջեւ, Աման Քլունին ասել էր, որ Հայոց Ցեղասպանության հարցում Թուրքիայի դիրքորոշումը երեսպաշտություն է, քանի որ այդ երկիրը խոսքի ազատության, ինչպես նաեւ Թուրքիայում բնակվող եւ 1915 թ.-ի ջարդերը ցեղասպանություն անվանող հայերի հետապնդման տեսանկյունից ամոթալի համբավ ունի:
Ամալ Քլունին նշել էր, որ Հայաստանը, ներգրավվելով այս գործում, բնավ նպատակ չի հետապնդում սահմանափակել խոսքի ազատության իրավունքը կամ պատմական հարցերի քննարկումները:
«Հայաստանն այստեղ չէ՝ վիճարկելու խոսքի ազատության իրավունքը ճիշտ նույն կերպ, ինչպես Թուրքիան այստեղ չէ՝ պաշտպանելու խոսքի ազատությունը: Այս դատարանը շատ լավ գիտի, թե Թուրքիան ինչ համբավ ունի խոսքի ազատության բնագավառում: Ձեր դատարանը խոսքի ազատության հարցերի վերաբերյալ 224 դատական գործ է ուսումնասիրել, որոնք ներկայացվել են թուրքական կառավարության դեմ»,- նշել էր փաստաբանը: