ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Թուրքիայում Հայաստանին եւ Իսրայելին հավասարապես չեն վստահում

0

ԱՄՆ-ի Մարշալի Գերմանական հիմնադրամի անցկացրած հարցման արդյունքների համաձայն՝ Հայաստանի նկատմամբ բարյացակամ է տրամադրված Թուրքիայում հարցված բնակիչների միայն 10%-ը: Իսրայելի դեպքում այս ցուցանիշը նույնիսկ ավելի ցածր է եւ կազմում է 8%:

Հարցվածների մեծ մասը հիմնականում անբարյացակամ դիրքորոշում է հայտնել այլ երկրների նկատմամբ, բացառությամբ Ադրբեջանի: Վերջինիս նկատմամբ բարյացակամ է տրամադրված հարցվածների 63%-ը: Ադրբեջանին հաջորդում են Եվրոպական Միությունն ու Գերմանիան՝ համապատասխանաբար 41% եւ 38% բարյացակամ դիրքորոշմամբ:

Թուրքիայի ռազմավարական դաշնակից համարվող ԱՄՆ-ը արժանացել է հարցվածների միայն 23%-ի դրական վերաբերմունքին:

Ռուսաստանի դեպքում այս ցուցանիշը կազմում է 26%: Նրան հաջորդում են Իրանն ու Հյուսիսային Իրաքը՝ մոտ 20%:

Հունաստանի եւ Սիրիայի նկատմամբ դրական վերաբերմունք է արտահայտել հարցվածների 15% եւ 14%-ը համապատասխանաբար:

Հարցին, թե որ երկիրն է Թուրքիայի ռազմավարական դաշնակիցը, հարցվածների 50%-ը չի կարողացել հստակ պատասխան տալ, 41%-ն ասել է, թե չգիտի, իսկ 9%-ը պատասխանել, որ Անկարան ռազմավարական որեւէ դաշնակից չունի:

ԱՄՆ-ի Մարշալի Գերմանական հիմնադրամի հարցումն անցկացվել է ԱՄՆ դեսպանության ֆինանսավորմամբ: Դեմ առ դեմ հարցումներն անցկացվել են 2015թ. հուլիսի 4-13 ընկած ժամանակահատվածում Թուրքիայի 16 նահանգում՝ 1018 մարդու շրջանում: