Հրապարակվել է սահմանադրական նախագծի վերջնական տարբերակը
Երեւան: Մեդիամաքս: Ազգային Ժողովի կայքում հրապարակվել է սեպտեմբերի 5-ին ընդունված սահմանադրական փոփոխությունների նախագծի վերջնական տարբերակը, որը դրվելու է հանրաքվեի:
Նախագծի հոդված 125-ում (Հանրապետության նախագահի ընտրության կարգը) ասվում է, որ ՀՀ նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից:
Ըստ նախագծի, ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը: Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
Նշենք, որ հուլիսի 15-ին հրապարակված ՀՀ Սահմանադրության 1-7 գլուխների նախագծի նախնական տարբերակում նշվում էր, որ ՀՀ նախագահն ընտրվելու է ընտրիչների ժողովի կողմից, իսկ ընտրիչների ժողովը կազմված է լինելու ԱԺ ժողովի պատգամավորներից եւ նրանց թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց կազմից ընտրված ներկայացուցիչներից:
Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերջնական տարբերակի հոդված
89-ում (Ազգային ժողովի կազմը եւ ընտրության կարգը) ասվում է, որ Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով:
«Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձեւավորումը: Եթե ընտրության արդյունքով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձեւավորվում, ապա կարող է անցկացվել ընտրության երկրորդ փուլ: Երկրորդ փուլի անցկացման դեպքում թույլատրվում է նոր դաշինքների ձեւավորումը: Քաղաքական կոալիցիա կազմելու սահմանափակումները, պայմանները եւ կարգը սահմանվում են Ընտրական օրենսգրքով», - նշված է փաստաթղթում: