Ամերիաբանկը ներդրել է հեռահար բանկային ծառայությունների նոր համակարգ
Ամերիաբանկը CR2 իռլանդական ընկերության հետ այսօր կնքել է հեռահար բազմաֆունկցիոնալ բանկային ծառայությունների նոր՝ BankWorld համակարգի ներդրման պայմանագիր:
Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ համակարգը Հայաստանում ներդրվելու է փուլերով եւ ամբողջովին պատրաստ կլինի 9-12 ամսում:
«Այս նախաձեռնությունն ուղղված է Ամերիաբանկի ռազմավարական նպատակներից մեկի իրագործմանը, այն է՝ ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ հաճախորդներին առաջարկել ինքնասպասարկման եւ նորարար հեռահար բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ: Ներդրվող համակարգը լիովին նոր հնարավորություններ կստեղծի հեռահար բանկային ծառայություններից եւ ինքնասպարակման սարքերից օգտվելու համար եւ կնպաստի հեռահար բանկային սպասարկման մշակույթի զարգացմանը Հայաստանում»,- ասել է Արտակ Հանեսյանը:
Ըստ Ամերիաբանկի գլխավոր տնօրենի՝ սա «նոր խոսք է ֆինանսական շուկայում, երբ հեռահար սպասարկման բոլոր եղանակները միավորված են մեկ միասնական հարթակում»:
«Այսուհետ Ամերիաբանկի հաճախորդները կարող են ոչ միայն օգտվել շուկայում առկա ծառայությունների ամենամեծ փաթեթից, այլեւ վայելել արագ եւ հարմար սպասարկման բոլոր հնարավորությունները: Մենք անհամբեր սպասում ենք մոտակա ամիսների ընթացքում Ամերիաբանկի կողմից բանկային սպասարկման նորարար լուծումների փաստացի ներդրմանը եւ ուրախ ենք, որ մենք էլ մեր լուման ենք ունեցել Հայաստանում նորամուծությունների ներդրման գործում»,- ասել է CR2-ի գործադիր խորհրդի անդամ եւ կոմերցիոն տնօրեն Կիեռան Կիլքուլլենը:
BankWorld համակարգն ունի 24/7 ռեժիմով ինքնասպասարկման մի շարք գործառույթներ, որոնք առաջին անգամ են ներդրվում հայկական բանկային շուկայում: Այն թույլ է տալիս բանկային ինքնասպասարկման սարքերի եւ հեռահար կապուղիների ինտերֆեյսը եւ առաջարկող ծառայությունների տեսականին ավտոմատ կերպով հարմարեցնել տվյալ հաճախորդի սեգմենտին՝ ապահովելով անհատականացված սպասարկում եւ առավելագույն հարմարություն:
Համակարգը նաեւ հնարավորություն է տալիս բանկոմատները վերածել անհատականացված սպասարկման կետերի, որտեղ հաճախորդը կարող է կառավարել իր բանկային հաշիվները, բանկին ուղղել տարբեր հայտեր եւ իրականացնել գործարքներ, որոնք նախկինում հասանելի էին միայն Ինտերենտ բանկինգի միջոցով, ինչպես նաեւ բանկից ստանալ անհատական առաջարկություններ՝ մշակված հատուկ տվյալ հաճախորդի համար:
Ինտերնետ եւ Մոբայլ բանկինգի, ինչպես նաեւ ինքնասպասարկման սարքերի միջոցով հնարավոր է իրականացնել անձնական դրամական փոխանցումներ (P2P payments)՝ օգտագործելով ստացողի հեռախոսահամարը կամ այլ նույնականացման տվյալ: Ստացված գումարը հնարավոր կլինի բանկոմատներից կանխիկացնել ՝ առանց վճարային քարտերի օգտագործման:
CR2-ն ավելի քան 100 հաճախորդ ունի 60 երկրում: Նրա հաճախորդների թվում են Standard Bank-ը, Standart Chartered Bank-ը եւ այլն: