ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Զանազանյան. Առանց նրա «Արարատ-73»-ը որբացավ

0

«Երբ մտնում էի ստադիոն, ու 75 հազար երկրպագու միաբերան վանկարկում էր «Արարատ, հուպ տուր», զգում էի, որ ամեն գնով պետք է հաղթենք: Հաճախ ինձ մրցակցի ավագներն ասում էին, որ խաղը չսկսած` դուք արդեն հաղթում եք 1:0 հաշվով»,- մի քանի տարի առաջ էր, զրուցում էինք Հովհաննես Զանազանյանի հետ, իսկ նա ոգեւորված պատմում էր իր ֆուտբոլային ամենամեծ սիրո՝ «Արարատի» մասին:

Ցավոք, մենք ականատես չենք եղել այդ լեգենդար թիմի ու նրա լեգենդար ֆուտբոլիստների խաղին: Հարցազրույցի առաջարկը Զանազանյանն ընդունեց միանգամից, եկավ հանդիպման, գրկեց մեզ ու խոստովանեց, որ անչափ ուրախալի է, որ երիտասարդները հիշում են իրենց: Իսկ զրուցեցինք շատ-շատ երկար, որովհետեւ նա պատմում, ուրախանում ու վերապրում էր ֆուտբոլային ամեն մի օրը:

Երեկ իմացանք Հովհաննես Զանազանյանի մահվան մասին, շատ տխրեցինք: Ու այսօր անընդհատ խոսում ենք նրանից, ափսոսում, հուզվում:

«Հրազդանում» խաղալու էինք «Բավարիայի» հետ: Արդեն մտնում էինք դաշտ, նրանց ավագ Բեկենբաուերը ինձ ձեռքով խփեց, ցույց տվեց դաշտն ու թե «ամիգո, ամիգո, ու, ըստ երեւույթին ասաց, թե հաղթելու են: Շատ բարկացա, հայերեն ասացի, թե դաշտը մերն է, ու հաղթողն էլ մենք ենք լինելու: Այդպես էլ եղավ»,- այնքան բարձր ու ուրախ ծիծաղով այդ օրը պատմեց Զանազանյանը:

Այժմ պատմելու հերթը նրա ընկերներինն է:

Նորայր Մեսրոպյան, «Արարատ-73»-ի պաշտպան

Մենք 1962 թվականից ճանաչում էինք իրար, ավելին էինք, քան ընկերներ: Շատ ընտանիքասեր էր Հովանը, շատ էր սիրում երեխաներին ու հատկապես թոռնիկներին:

Շատ դժվար է լինելու առանց Հովանի, առանց նրա հնարավոր չէ պատկերացնել «Արարատ 73»-ը: Մեր անփոխարինելի ավագն էր, դաշտում նա էր մարզիչը՝ հուշում էր ինչպես խաղանք, որն է ճիշտ փոխանցումը, ու գիտեք, բոլորս լսում էինք նրան: Միասին ուրախանում ու տխրում էինք:
[[gallery1]]
Երեկ էլ մեր տղաներով հավաքվել էինք, վերհիշում ու… գիտեք, թե ընտանիքը, թե ընկերներն ամեն ինչ արեցին, բայց, ցավոք, հիվանդ էր ու չկարողացան փրկել:

Օնիկ Աբրահամյան, «Արարատ-73»-ի մարզիչ

Հովհաննեսն իմ սանն է եղել, ես դեռ դպրոցական տարիքից եմ իրեն ու եղբորը հետեւել, նա իմ աչքի առաջ է մեծացել ու առաջընթաց արձանագրել: Նա անբաժանելի էր «Արարատից»: Առանց Հովանի «Արարատ-73»-ը որբացավ:
 
Հովհաննես Զանազանյանը մեր լավագույն ֆուտբոլիստներից էր, իր վրա ամեն ինչ վերցնող, բոլոր դժվարություններին դիմացող: Կայուն ֆուտբոլիստ էր, չափազանաց աշխատասեր, երկու ոտքերով էլ ուժեղ հարվածների էր տիրապետում: Դաշտում հիանալի էր համագործակցում թիմակիցների հետ: Իսկական պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր բոլոր առումներով:

Նա հիանալի ավագ էր, շատ լուրջ մարդ, կազմակերպչական մեծ ձիրք ուներ, կարողանում էր բոլոր տղաներին համախմբել ու տրամադրել խաղին, անհրաժեշտ խոսքեր ասել: Գեղեցիկ գոլեր էր խփում ու մեզ առաջ տանում: Իսկական առաջատար էր թե դաշտում, ու թե կյանքում: Եթե մտքին մի բան էր դնում, անպայման անում էր:



Նիկոլայ Ղազարյան, «Արարատ-73»-ի հարձակվող

Առանց Հովանի շատ դժվար կլինի: Մենք երկար տարիներ «Արարատի» բոլոր տղաներով շատ մտերիմ ենք եղել, այնքան ենք իրար սովորել, որ հիմա չեմ էլ պատկերացնում, ինչպես ենք կարողանալու առանց նրա: Հովանի կորուստը շատ ծանր է:

Նա մեր լավ ընկերն էր, սիրելի ավագը, որն իր աշխատասիրությամբ, վարպետությամբ, նվիրվածությամբ ու կամքի ուժով օրինակ է եղել մեզ համար: Դրա համար էլ հենց նրան ենք ավագ ընտրել: Միշտ կարողացել է ֆուտբոլիստներին ոգեւորել, մեր խաթրով գնալ, մենք էլ փորձել ենք մեր ավագի հույսերն արդարացնել: Շատ հաճախ խաղի ընթացքը հենց Հովանի շնորհիվ էինք կարողանում փոխել:

Նա շատ ուժեղ ֆուտբոլիստ էր, պատահական չէր, որ նաեւ ԽՍՀՄ-ի հավաքական էր միշտ հրավիրվում ու 1972 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է դարձել: Որտեղ էլ որ նա խաղում էր, իրեն լավ էր դրսեւորում:

Սերգեյ Պողոսյան, «Արարատ-73»-ի հարձակվող

Հովանը մեծ, անչափ մեծ ներդրում ունի «Արարատի» ու հայկական ֆուտբոլի գրանցած հաղթանակներում ու հաջողություններում: Նա իսկական ավագ էր՝ ոսկե ավագ, լավ ընկեր:

Նա էր էներգիա տալիս բոլորիս խաղադաշտում, ղեկավարում էր խաղը, դուխ էր տալիս: Շատ թասիբով ու հայրենասեր տղա էր, մանավանդ, որ դրսում էինք խաղում, այնպես էր բոլորիս ներշնչում, որ հանուն մեր ազգի պետք է հաղթենք:

Մեծ ցավ եմ հիմա ապրում, մենք՝ «Արարատ-73»-ի տղաներս, շատ մեծ բան կորցրինք:
[[gallery2]]
Հովհաննես Զանազանյանը ծնվել է 1946 թվականին: 1959-ից եղբոր՝ Լեւոնի, հետ սկսել է առաջին քայլերը ֆուտբոլում: Զարգացնելով ֆուտբոլային որակները նա աստիճանաբար հետաքրքրել է «Արարատին», դարձել թիմի առանցքային խաղացողն ու ավագը:

Հայաստանի ամենաուժեղ թիմի հետ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն (1973), փոխչեմպիոն (1971), գավաթակիր (1973, 1975), իսկ Խորհրդային Միության հավաքականի կազմում՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: 1971 եւ 1973 թվականներին ընդգրկվել է ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների շարքում:

Զանազանյանն աշխատել է նաեւ որպես մարզիչ, 2013 թվականին երկրին մատուցած ծառայությունների համար ստացել է առաջին աստիճանի մեդալ:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան