Հայկական բիզնեսը կոչ է անում իշխանություններին միջամտել. դրամի արժևորումը հսկայական բացասական ազդեցություն է թողնում Հայաստանի տնտեսության վրա
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./ԱՌԿԱ/. Հայկական բիզնես ասոցիացիաները կոչ են արել ԿԲ-ին, էկոնոմիկային նախարարությանն ու ֆինանսների նախարարությանը կանգնեցնել դոլարի նկատմամբ դրամի հետագա արժևորումը՝ զգուշացնելով ռիսկերի մասին:
«Դրամի արժևորումը, ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հատվածում, հսկայական բացասական ազդեցություն է թողնում Հայաստանի տնտեսության վրա։ Դրամի արժևորումը հատկապես բացասաբար է անդրադառնում արտահանող և արտահանման հետ կապ ունեցող ոլորտների ընկերությունների վրա՝ բարդացնելով նրանց վաճառքները, երբեմն նաև դրսի շուկաների համար դարձնելով անմրցունակ», - նշվում է «ԱՌԿԱ» գործակալություն ստացված՝ «Մանթաշյանց» գործարարների միության, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիա ՀԿ-ի բաց նամակում:
Նամակում նշվում է, որ տուժում են տեխնոլոգիական ոլորտի ընկերությունները, որոնք արդեն այս պահին ստիպված են իրենց ծառայությունների գները բարձրացնել մոտ 20 տոկոսով, ինչը անխուսափելիորեն կթուլացնի մրցակցային դիրքերը արտերկրի շուկաներում և կհանգեցնի հաճախորդների կորստի։
«Տուժում են գինի, կոնյակ, հյութեր ու գյուղատնտեսական այլ ապրանքներ արտահանող հայկական այն ընկերությունները, որոնք շուկայի դիվերսիֆիկացիայից ելնելով ռուսական շուկաներից բացի վաճառքներ են իրականացնում ԱՄՆ-ի, եվրոպական և ասիական շուկաներում։ Շատ ընկերություններ գնորդներին չկորցնելու համար իրենց ապրանքները՝ կարճաժամկետ հատվածում, վաճառում են ինքնարժեքով կամ նույնիսկ ինքնարժեքից ցածր, ինչը, հասկանալի պատճառներով, երկար չի կարող շարունակվել: Որոշ ընկերություններ առժամանակ դադարեցրել են արտահանումները՝ արտարժույթի շուկայում դրամի տարեսկզբի փոխարժեքին վերադառնալու ակնկալիքով», - հայտարարում են գործարարների միությունից:
Բաց նամակում նշվում է, որ դրամի նման տեմպերով արժևորումը բացասական է ազդում նաև զբոսաշրջության, կառուցապատման ոլորտի ընկերությունների վրա, ինչպես նաև թանկացնում է ապրանքների լոգիստիկան՝ ազդելով Հայաստանից իրականացվող միջազգային բեռնափոխադրումների գների վրա: Բացասական ազդեցությունից չի խուսափում նաև Հայաստանի ներդրումային ոլորտը, քանի որ նույն արդյունքին հասնելու համար արդեն պետք է 20 տոկոսով ավելի շատ արտարժույթային ներդրումներ անել, ինչը երկարաժամկետ մեծ տնտեսական վնասներ է առաջացնելու:
«Վստահ ենք, որ տարեսկզբին ՀՀ-ում տնտեսվարող սուբյեկտներից և ոչ մեկն իր տարեկան բյուջեում չի նախատեսել դրամի նման արժևորում, և շատերը չունեն բավարար պահուստներ առաջացած վնասները փոխհատուցելու համար: Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՀ Կենտրոնական Բանկին, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը, ՀՀ Ֆինանսների նախարարությանը կոչ ենք անում շտապ քայլեր ձեռնարկել դրամի հետագա արժևորումը դադարեցնելու և դրամը տարեսկզբյան փոխարժեքին մոտ վերականգնելու համար, կամ արտահանողների համար շտապ սուբսիդավորման ծրագրեր ներդնել, որոնք դոլարի արժևորման կուրսին համապատասխան փոխհատուցում կհատկացնեն ՀՀ արտահանողներին», - նշվում է բաց նամակում:
Բաց նամակը ստորագրել են «Մանթաշյանց» գործարարների միությունը (180 խոշոր և միջին գործարար), Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (մոտ 100 ՏՏ ընկերություն), «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն (միավորում է ավելի քան երեք տասնյակ անդամ կառուցապատող ընկերություն), «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիա ՀԿ-ն (հարթակ, որը միավորում է մոտ 8000 անդամ):
Պաշտոնական վիճակագրական տվյալներով, այս տարվա հունվարին դրամի նկատմամբ դոլարի միջին փոխարժեքը կազմում էր 482 դրամ, ապրիլին՝ 471 դրամ: ՀՀ ԿԲ-ի հաշվարկային փոխարժեքը հունիսի 23-ի դրությամբ կազմում է 410,82 դրամ (հունվարի համեմատ անկումը կազմել է մոտ 15%):-0-