Գյումրի տեղափոխված Դավիթն ու Քրիստինան «ժողովրդական առանձնատուն» են հիմնել
«Գյումրին հնարավորությունների քաղաք է». Դավիթի եւ Քրիստինայի այս խոսքերի արտացոլումը Գյումրում կենտրոնում՝ Ղորղանյան փողոցի վրա բացված Communa Guest House հյուրատունն է: Երիտասարդ զույգը Գյումրի տեղափոխվել որոշել է ամուսնությունից հետո՝ 2019 թվականին, բնակարան գնել պատմամշակութային արժեք ներկայացնող շենքում եւ «այնտեղ երկար չեք մնա, կձանձրանաք» ասողներին հակառակն ապացուցել իրենց գործով:
Մեդիամաքսի հետ զրույցում հետ զրույցում Դավիթ Ավետիսյանը եւ Քրիստինա Սոլոյանը պատմել են Գյումրի տեղափոխվելու որոշման, «ժողովրդական տան» եւ «Կոմմունա»-ի բացման մասին:
«Մենք Գյումրիում ապագա տեսանք»
Դավիթ
Ինձ եւ Քրիստինային Գյումրի հասցրեց ամուսնությունից հետո մեր տունն ունենալու փնտրտուքը: Երեւանում տարբեր թաղամասերի նորակառույցներում, հին շենքերում բնակարաններ էինք փնտրում, մեր ուզած տունը չէինք գտնում: Կենտրոնից հասանք ծայրամասեր, հետո՝ Պռոշյան, Աշտարակ, այնտեղից էլ՝ Գյումրի: Այնտեղ տուն գնելու որոշումը միայն կապված չէր Երեւանում մեր ուզած գնով ու պայմաններով տուն չգտնելու հետ: Մայրաքաղաքը մեզ համար գերբեռնված է եւ ավելի է խտանում: Գյումրին գրավեց մեզ. քաղաքը տրամադրող է:
Սկսեցինք Գյումրիում բնակարանների շուկայական գներով հետաքրքրվել, բավականին մատչելի էին ու չէի հասկանում՝ ինչու: Նայում ես՝ 1800-ականների շենքեր են, արժեք ունեցող, բայց մարդիկ բավականին էժան գներով վաճառում, հեռանում են քաղաքից, քանի որ այստեղ ապագա չեն տեսնում: Մեզ մոտ կարծես հակառակը ստացվեց՝ մենք այստեղ ապագա տեսանք: Գյումրիում կյանքը սիրուն է, ակտիվանում է, սրճարաններ, հյուրատներ են ավելանում, բայց չեն ճնշում, ինչն էլ օգնում է, որ երկրաշարժի շղարշը անցնի եւ քաղաքն ասոցացվի տուրիստական կենտրոնի հետ:
Քրիստինա
Մենք ճիշտ ժամանակին Գյումրիում ապրելու որոշում կայացրեցինք: Բնակարանը գնեցինք 2019 թվականին: Այս տան գնով, հավանաբար, կարողանայինք բնակարան գնել Երեւանի ծայրամասում, այն էլ՝ ոչ բարվոք վիճակում, իսկ այստեղ պատմամշակութային արժեք ունեցող շենքի մի մեծ բնակարան գնեցինք: Միայն մեր տանը այնքան պատմական շերտեր կան, որ պետք է ուսումնասիրել, կարդալ՝ լիարժեք հասկանալու համար, թե որտեղ ես ապրում:
Հիմա գրեթե անհնար է մատչելի գնով տուն գնելը այստեղ, ինչը նաեւ ուրախացնում է, քանի որ նշան է այն բանի, որ պահանջարկ կա եւ քաղաքը երիտասարդանում է:
Ղասաբովների ժողովրդական առանձնատունը
Քրիստինա
Հայտարարությունների կայքի միջոցով Գյումրիում հինգ տուն էինք ընտրել, երբ գնացինք նայելու՝ առաջինն այս տունը մտանք եւ առանց մյուսները նայելու՝ միանգամից որոշեցինք, որ սա է լինելու մեր տունը: Տունն այնքան լուսավոր ու արեւոտ էր, որ կարծես մեզ գրկեր:
1856 թվականին կառուցված շենքը, որտեղ մեր բնակարանն է, հուշարձանների ցանկում գրանցված է որպես Ղասաբովների ժողովրդական առանձնատուն, այն ժամանակ նաեւ նման շենքերն անվանել են շահութաբեր տուն: Այդպես են անվանել այն տները, որոնց տերերը տան սենյակներից մեկը վարձով են տվել կամ տան մի մասն օգտագործել են եկամուտ ստանալու համար: Ղասաբովների առանձնատուն անունն արդեն հուշում է, որ այստեղ մսավաճառներ են ապրել, դրա մասին է վկայում նաեւ բնակարանի նկուղում պահպանված միս կախելու հատուկ հատվածը։
Դավիթ
Տունը գնեցինք եւ Քրիստինան մեկ տարով մեկնեց Լոնդոն՝ սովորելու, ես էլ պետք է այդ մեկ տարին օգտագործեի տան վերանորոգման համար։ Բայց, քանի որ, տունը հուշարձան է, ես հասցրեցի այդ ժամանակն օգտագործել միայն շինարարական աշխատանքներ կատարելու թույլատվություն ստանալու համար: Հետո Քրիստինան վերադարձավ եւ միասին սկսեցինք վերանորոգման գործերը: Հենց այս ժամանակ էլ հասկացանք, որ տունը մեզ համար շատ մեծ է, ամբողջ տարածքն օգտագործել չենք կարող եւ որոշեցինք տան մի մասը հյուրատուն դարձնել։ Նախորդ ամառ՝ տան վերանորոգումն ավարտելուց կարճ ժամանակ անց, սկսեցինք հյուրատան հետ կապված աշխատանքները:
Հյուրատունն իր դեմքն ու անունը ստացավ
Դավիթ
Հյուրատան դեմքը ստանալու համար տան մեջ շատ բաներ վերամշակել եւ վերաօգտագործել ենք: Տունը լավ փայտից հատակ ուներ, որին ասում են «Սարիղամիշի փայտ», բայց մի մասը վնասված էր, իսկ մնացած մասը, որն արդեն որպես հատակ չէր օգտագործվում, հանեցինք եւ աստիճաններ, պատուհանագոգեր, սեղաններ սարքեցինք: Տան հին պատուհանները, խորհրդային ժամանակաշրջանից պատի մեջ ներկառուցված վառարանը վերականգնեցինք:
Communa-ի առաջին հարկում նախասրահ է, որը պայմանականորեն հանրային տարածք ենք անվանում: Այստեղ հյուրերը կարող են նստել, սրճել, զրուցել: Երկրորդ հարկում առանձին սենյակներն են, իրենց առանձին լոգասենյակներով: Երկու սենյակները միասին կարող են ընդունել չորսից վեց անձի: Հյուրատունը երկրորդ հարկում նաեւ պատշգամբ ունի, իսկ առաջին հարկում՝ փոքրիկ բակ:
Առաջին հարկում ունենք խոհանոց, որից հյուրերը կարող են ցանկացած պահի ուտելիք պատրաստել: Սա նաեւ հարմար կլինի այն հյուրերի համար, որոնք ցանկանան ավելի երկարաժամկետ մնալ մեզ մոտ:
Մինչ հյուրատան պաշտոնական բացումը մեր ընկերներին թեստային հրավիրում էինք մեզ մոտ, որպեսզի գան, մնան, կիսվեն տպավորություններով, ասեն՝ ինչն է հարմար, ինչը կարիք կա փոխելու:
Տունը մեծ ավտոտնակ ունի, որը որոշել են ոչ հեռու ապագայում գինետան վերածել: Գյումրիում մասնագիտացված գինետները քիչ են, մտածում ենք գինետուն բացել, որը կունենա նաեւ իր մառանը: Ավտոտնակի տակ թունել կա, գյումրեցի հնագետ Բեն Վարդանյանը ուսումնասիրել եւ պարզել է, որ այն եղել է ստորգետնյա ուղի՝ քյարիզ, որն էլ կարող ենք որպես մառան օգտագործել:
Քրիստինա
«Կոմմունա» անունը ամենալավն է նկարագրում մեր կոնցեպտը, միջավայրն ու սոցիալական կապերը, որի կարիքն ունեինք եւ գտանք այստեղ. շատ մոտ ապրող մարդիկ, որոնք ընտանիքներով ընկերություն են անուն, իրար աջակցում: Ուզում ենք, որ «Կոմմունա»-ն հյուրերի համար էլ դառնա հանգստի, դրական ու պայծառ մտքերի, երկար զրույցների ու ուրախ հիշողությունների տեղ։
«Նախավաճառքն օգնեց մեզ»
Քրիստինա
Վերջնական տեղափոխվելուց հետո Դավիթն աշխատանքի անցավ Գյումրիի «Թումո» կենտրոնում, իսկ ես շարունակեցի աշխատել հեռավար: Հյուրատան աշխատանքները կատարում էինք ամեն ամիս փոխանցվող մեր աշխատավարձերից եւ այդպես առաջ էինք գնում, բայց եկավ մի պահ, երբ պետք էր շտապել եւ բացվել, որպեսզի զբոսաշրջային սեզոնը բաց չթողնեինք:
Հիմնականում մնացել էր ավարտել կահավորումն ու կոսմետիկ աշխատանքները: Վարկ վերցնել չէինք ուզում, որոշեցինք հյուրատան օրերի նախավաճառք սկսել: Գաղափարը սա էր՝ այն մարդիկ, որոնք մեզ վստահում էին եւ գիտեին, որ ամառը գալու են Գյումրի եւ մնալու մեզ մոտ, նախօրոք վճարեցին, ինչն էլ օգնեց մեզ արագ ու անվարկ ավարտել հյուրատան շինարարությունը։
Դավիթ
Արդյունքը մեր ակնկալածից լավ ստացվեց: Նախատեսել էինք վաճառել 25 օր, հիմա արդեն 35 օր վաճառել ենք: Եղան մարդիկ, որոնք ուղղակի նվիրատվություն արեցին մեր գաղափարի համար: Սա ամենահաճելի պահն է, երբ ինչ-որ մեկը կարող է քո գաղափարն աջակցել եւ օգնել, որ նպատակիդ հասնես:
Փոդքասթ Գյումրու մասին
Դավիթ
Շատերն էին հարցնում՝ ինչո՞ւ եք տեղափոխվում, այնտեղ ի՞նչ կա, ձանձրանալու եք, փոշմանելու եք՝ հետ գաք: Նույն հարցն էլ տեղացիներն են տալիս՝ ինչո՞ւ եք եկել, քանի որ իրենց մեծ մասը որպես հնարավորությունների քաղաք դիտարկում է Երեւանը: Բնական եմ համարում շարժը, որ մարդիկ մարզերից ցանկանում են գնալ Երեւան, որոշներն էլ Երեւանից գնում են մարզեր, սա ինչ-որ տեղ նաեւ փորձի փոխանակում է:
Տեղափոխման հետ կապված հարցերին պատասխանելու համար՝ Քրիստինայի հետ որոշեցինք Gyumri Podcast սկսել, որտեղ պատմում ենք Գյումրիում առօրյայի եւ հյուրատան շինարարության մասին, ինչպես նաեւ ներկայացնում մեզնից առաջ Գյումրի տեղափոխված երիտասարդների մասին:
Արփի Ջիլավյան