Ոստիկանության Ապարանի բաժնի պետը հեռացվել է պաշտոնից արյունահեղ միջադեպից հետո
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը պաշտոնից հեռացրել է ոստիկանության Ապարանի բաժնի պետ Աշոտ Հայրապետյանին։ Այս մասին հաղորդում է«Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանին։
«Բաժնի նոր պետ է նշանակվել մայոր Ռաֆայել Պողոսյանը», – նշել է Ջանոյանը։
Միջադեպի մասին
Քննչական կոմիտեի հաղորդմամբ, 2022թ. հունիսի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 32–ամյա բնակիչը եղբոր հետ Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելու ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել և կանգնեցրել այն, այնուհետև մոտեցել են վարորդին և մեքենան վարելու հարցի շուրջ զրուցել նրա հետ, ինչին միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որը շարունակվել է Ապարան քաղաքի սկզբնամասում: Նշված խոսակցությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը՝ հունիսի 19-ին, 32-ամյա տղամարդը, նրա եղբայրը մի քանի անձանց հետ գնացել են Ապարան քաղաքում գտնվող գազալցակայանի տարածք, հանդիպել են նախորդ օրը իրենց խոսակցությանը միջամտած անձանցից մեկին և ծեծի ենթարկել վերջինիս: Նույն հարցի շուրջ խոսակցությունը ժամը 19:30-ի սահմաններում շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցին հարակից տարածքում, որի ընթացքում 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ: Արդյունքում, հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձ՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել են բժշկական կենտրոններ։
32-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Միաժամանակ մի շարք ԶԼՄ–ների հաղորդմամբ, միջադեպը տեղի է ունեցել իշխանամետ պատգամավորի հարազատների, տեղի փոխմարզպետի և մի խումբ երիտասարդների միջև, ովքեր «ոչ պատշաճ արտահայտություններ են թույլ տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին»։ Նշվում է, որ տեղի է ունեցել հրաձգություն, որի ժամանակ կիրառվել է «Կալաշնիկով»։–0–