ԽՍՀՄ տարիներին Երեւանից Պիցունդա հասած հայկական էլեկտրամոբիլի պատմությունը
Առաջին հայկական էլեկտրամոբիլից պահպանվել են միայն լուսանկարներ՝ Պոլիտեխնիկի թանգարանում։ Չկա նաեւ լաբորատորիան։ Փորձարկողներից էլ միայն Վարդան Պետրոսյանն է շարունակում աշխատել բուհում։ Բայց նույնիսկ նա չգիտի, թե ինչ եղան առաջին հայկական «նոուհաուները»՝ վերափոխված «ԵրԱԶ»-ները։ Ինչպես էին փորձարկում մեքենաները, մինչեւ ուր են հասել եւ թե ինչու էին կարեւոր փորձարկումների արդյունքները՝ այս հարցերի պատասխանը հենց նրանից ստացանք։
Էլեկտրամոբիլների լաբորատորիա. միակը ԽՍՀՄ-ում
«Այդ ժամանակ աշխարհում ընդամենը երեւի 3-4 այդպիսի լաբորատորիա կար։ Մերը միութենական նշանակություն ուներ եւ ֆինանսավորվում էր Մոսկվայից»,- ասում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս Վարդան Պետրոսյանը։ Նա էլեկտրամոբիլների լաբորատորիայում աշխատել է ավելի քան 10 տարի, մինչեւ դրա փակվելը 1990-ականների սկզբին։ Կիբեռնետիկայի ֆակուլտետի ուսանող լինելը չէր խանգարել հաջողությամբ աշխատել լաբորատորիայում եւ մասնակցել հետազոտություններին։
Լաբորատորիան գործում էր 1970-ականների սկզբից, հիմնվել էր համանուն ամբիոնի հիմքով։ Հիմնական կորիզը 10 հոգանոց խումբ էր, բայց մշտապես նաեւ ուսանողներն էին ներգրավվում աշխատանքներում։ Վարդան Պետրոսյանը շեշտում է, որ լաբորատորիան բացառիկ նշանակություն ուներ եւ հայտնի էր նաեւ Խորհրդային միության սահմաններից դուրս։
Համագործակցության առաջարկներ կային ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Կանադայից։ Էլեկտրամոբիլների վերաբերյալ առաջին խորհրդաժողովն անցկացվել էր 1973 թվականին Կալիֆոռնիայում, երկրորդը, որին մասնակցել էր նաեւ Ամերիկան, 1979 թվականին՝ Աղվերանում։
Լաբորատորիայի իրականացրած հետազոտությունների եւ փորձարկումների արդյունքներն օգտագործվում էին նաեւ տիեզերագնացության, կիսահաղորդիչների արտադրության մեջ եւ այլ բնագավառներում։ «Խորհրդային Միությունը հասկանում էր, որ գալու է ժամանակը, երբ պետք է պատրաստ լիներ էլեկտրամոբիլների արտադրության։
Բայց, 1990-ականները մեծ հարված հասցրին կրթությանն ու արդյունաբերությանը։ Այսպիսի լաբորատորիաների ստեղծումը եւ պահպանումը թանկ հաճույք է: ԽՍՀՄ-ը կարող էր իրեն նման բան թույլ տալ, բայց ոչ Պոլիտեխնիկը»,- նշում է մեր զրուցակիցը։
Երեւան, Սեւան, Պիցունդա. էլեկտրամոբիլները «փորձում» են ուժերը
«Երբ դուրս էինք գալիս երթեւեկության, բոլորը զարմանում էին, որ ինչ-որ բան շարժվում է ու ձայն չի հանում»,- հիշում է Վարդան Պետրոսյանը։ Ունեինք երեք մեքենա, բոլորն էլ «ԵրԱԶ»-ներ էին։ Մեքենաներից երկուսը միայն էլեկտրական սնուցմամբ էին աշխատում, երրորդը հիբրիդային էր՝ ներքին այրման շարժիչով եւ էլեկտրական մարտկոցով։
Փորձարկումները հաճախ Երեւանում էին լինում, բայց նաեւ շրջաններ էին հասնում՝ Էջմիածին, Սեւան, իսկ մի անգամ նաեւ՝ Աբխազիա։ Դա հայկական արտադրության էլեկտրամոբիլի անցած ամենաերկար ճանապարհն էր։ Նպատակն էր տեսնել, թե տարբեր բարձրությունների վրա մեքենան ինչպես կաշխատի։ Սեւ ծովի ափին գտնվող Պիցունդայում փորձարկումները բարեհաջող անցան։
Փորձարկումների ընթացքում ի հայտ էին գալիս նաեւ մեքենաների թերությունները, լինում էին վթարներ: «Երբեմն հայտնվում էինք ծիծաղելի վիճակում․ ստիպված երթեւեկության մյուս մասնակիցներին գոռալով զգուշացնում էինք, որ մի կողմ քաշվեն՝ մեքենան չի արգելակում», - ծիծաղով հիշում է Վարդան Պետրոսյանը:
Նա վստահեցնում է, որ լաբորատորիայի ստացած արդյունքներն արդիական են նաեւ հիմա, օգտագործվում են նույն սկզբունքները, պարզապես ավելի ժամանակակից հիմքի վրա:
Օրինակ՝ բարձրացել է կուտակիչների արդյունավետությունը, շարժիչներն ավելի թեթեւ են, իսկ արհեստական բանականությունը հնարավորություն է տալիս մշակել հսկայական ինֆորմացիա։
Էլեկտրամոբիլների նկատմամբ կրթական նոր հետաքրքրություն
Վարդան Պետրոսյանը կարեւորում է էլեկտրամոբիլների ստեղծման, շահագործման վերաբերյալ ծրագրերի ներառումը կրթական համակարգում։ Այդ առումով հայրենի բուհում առաջընթաց կա. 2021 թվականին Պոլիտեխնիկի քոլեջում ընդունելություն են կատարել այս մասնագիտացմամբ, այս տարի ծրագիրն ընդգրկված է նաեւ բակալավրիատի ծրագրում։
Նրա կարծիքով, Հայաստանում ամեն ինչ զրոյից սկսելու անհրաժեշտություն չկա, պետք է եղած հիմքին նոր մոտեցումներ տալ։ Կարելի է նաեւ մեքենաներ ներկրող ընկերությունների հետ կապ հաստատել. եւ՛ ընկերությունները մասնագետներ կունենան, եւ՛ ուսանողները պրակտիկ կկիրառեն գիտելիքները։
Անահիտ Փիլոսյան