ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Ֆուտբոլային տոնը, բարեգործությունն ու Յուրի Ջորկաեֆը

0

Հանդիպումը բարեգործական էր, իսկ այն իր ներկայությամբ ավելի հետաքրքիր էր դարձրել ֆուտբոլի Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը:

Ջորկաեֆը հանդես եկավ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» կազմում, իսկ Հայաստանի լրագողների թիմում ելույթ էր ունենում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, «Փյունիկ» ակումբի գործադիր տնօրեն Վարդան Մինասյանը: Երկու ֆուտբոլիստներն էլ խաղադաշտ դուրս եկան երկրորդ խաղակեսում:

Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ ողջ հասույթը ուղղվելու է սահմանամերձ Խաչիկ գյուղի դպրոցի եւ Գավառ քաղաքի մանկատան սաների համար մարզական հանդերձանքի ձեռբերմանը:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում Վարդան Մինասյանն ասաց, որ միանգամից է համաձայնվել մասնակցել այս միջոցառմանը, քանի որ այն կրում է բարեգործական բնույթ. «Շատ լավ միտք է, իսկապես շատ կարեւոր է նման բարեգործական հանդիպումներ կազմակերպելը: Այսօր էականը խաղը չէր, այլ այն գաղափարը, որի շուրջ հավաքվել էինք բոլորս, հաճելի էր նաեւ, որ ներկա էր Յուրի Ջորկաեֆը»:

Ջորկաեֆն էլ խոստովանեց, որ այսպիսի բարեգործական խաղերի հաճախ է մասնակցում ու նաեւ կազմակերպում, միշտ հաճույքով է օգնում տարբեր խնդիրներ ունեցող երեխաների:

«Սիրում եմ Հայաստանը, մարդկանց: Անչափ լավ ժամանակ եմ այստեղ անցկացրել, շատ շնորհակալ եմ բոլորիցդ: Առաջին իսկ օրից շատ լավ են ինձ ընդունել, անմոռանալի ու հուզումնալից օրեր եմ ունենում այստեղ: Վաղը կիսամարաթոնին եմ մասնակցելու, ողջ տարածությունը չեմ հաղթահարի, բայց իմ մասնակցությամբ էլ ցույց կտամ, որ սպորտով զբաղվելն անչափ կարեւոր է: Կհանդիպենք վաղը»,- ընդգծել է ֆուտբոլիստը: