«Մորգենթաու անունը անջնջելի է», ասել է Հայաստանի նախագահը
ՀՀ նախագահը սեպտեմբերի 30-ին ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է «Ռաուլ Վալենբերգ» միջազգային հիմնադրամի կողմից կազմակերպված ընդունելությանը, որին ներկա են եղել շուրջ երկու տասնյակ կոնգրեսականներ: Կոնգրեսական ընդունելության ժամանակ ՀՀ Նախագահը հանդես է եկել ելույթով, որի ավարտին հիմնադրամի անդամները Հենրի Մորգենթաուի թոռ Ռոբերտ Մորգենթաուին հանձնել են «Ռաուլ Վալենբերգ» հիմնադրամի մեդալը:
«Այս միջոցառումը հարգանքի դրսեւորում է ոչ միայն զոհերի, վերապրածների, նրանց ժառանգների, այլեւ ողջ հայ ժողովրդի նկատմամբ: Սա հավասարապես հարգանքի դրսեւորում է բոլոր այն ժողովուրդների հանդեպ, որոնք երբեւէ անցել են ցեղասպանություն կոչվող արհավիրքի միջով:
Սա եւս մեկ առիթ է ասելու, որ հանդուրժողականությունը, բազմակարծություն եւ իրավահավասարության հետ միասին, բարձր արժեքների ակունքներից է, բայց այն կարող է նաեւ հանցավոր լինել, երբ հանդուրժվում է չարը, երբ հանդուրժվում է անհանդուրժելին: Նման դեպքերում, ինչպես ասել է Հոլոքոստը վերապրած Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը. «Լռությունն աջակցում է ագրեսորին, բայց ոչ երբեք զոհին: Լռությունը խրախուսում է տանջողին, բայց ոչ երբեք տանջվողին: Երբեմն մենք պետք է միջամտենք: Երբ մարդկային կյանքը վտանգված է, երբ մարդկային արժանապատվությունն է վտանգված, պետական սահմաններն ու շահերը դառնում են ոչ կարեւոր: Աշխարհի որ ծայրում էլ որ տղամարդ կամ կին հետապնդվեն իրենց ռասայի, կրոնի կամ քաղաքական հայացքների պատճառով, այդ վայրը պետք է դառնա տիեզերքի կենտրոնը»:
Այս առումով Հենրի Մորգենթաու ավագին «Ռաուլ Վալենբերգ» հիմնադրամի մեդալով հետմահու պարգեւատրելու նախաձեռնությունն առանձնահատուկ խորհուրդ եւ նշանակություն ունի: Շատ ուրախ եմ որ այսօր մեզ հետ է գտնվում Հենրի Մորգենթաուի թոռը՝ պարոն Ռոբերտ Մորգենթաուն:
Պարո՛ն Մորգենթաու,
Ձեր պապն առաջին ամերիկացին էր, ով աշխարհին պատմեց հայ ժողովրդի նկատմամբ երիտթուրքերի զանգվածային հանցագործությունների մասին՝ դրանք որակելով «ազգի ոչնչացման արշավ»: Որպես Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպան, անձամբ ականատես լինելով այդ արհավիրքին՝ հետագայում նա իր «Դեսպան Մորգենթաուի պատմությունը» գրքում գրելու էր. «Ես համոզված եմ, որ մարդկության ողջ պատմության մեջ չկա նման սարսափելի դրվագ, ինչպիսին սա է: Անցյալի զանգվածային սպանությունները եւ հետապնդումներն աննշան են թվում 1915 թվականին հայ ժողովրդի տառապանքների համեմատ…: Մենք, թերեւս, գործ ունենք մի նոր հանցագործության հետ, որի նպատակը բնաջնջումն է»: Ավելի ուշ Մորգենթաուի բնութագրած այդ նոր հանցագործությունն էր, որ Ռաֆայել Լեմկինի կողմից պիտի որակվեր որպես Ցեղասպանություն:
Ասում են, քանի դեռ կենդանի է հիշողությունը, կենդանի է նաեւ ճշմարտությունը: Հայոց ցեղասպանությանն առնչվող մի շարք փաստեր մեզ են փոխանցվել Հենրի Մորգենթաուի հուշերից: Նրա հուշագրությունն այսօր էլ երիտթուրքերի անմարդկային ու վայրագ հանցագործությունների կանխամտածված բնույթը փաստելու կարեւորագույն սկզբնաղբյուրներից է: Տեղին է հիշել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի` Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթի՝ դեսպան Մորգենթաուին ուղղված հանդիմանությունն առ այն, թե «ինչո՞ւ եք այդքան հետաքրքրված հայերով. Դուք հրեա եք, այդ մարդիկ՝ քրիստոնյա… Ինչո՞ւ եք խանգարում այդ քրիստոնյաների հետ վարվենք այնպես, ինչպես ցանկանում ենք»:
Նույն ինքը՝ Մորգենթաուն էր Ամերիկյան մերձավորարեւելյան նպաստամատույց կազմակերպության ստեղծման գաղափարախոսն ու ջատագովը: Այս կազմակերպության հարյուրավոր աշխատակիցներ տարբեր երկրներում, այդ թվում` Հայաստանում, լծվեցին որբախնամ գործին` վերահաս մահից փրկելով տասնյակ հազարավոր հայ որբերի: Դիվանագիտական առաքելության ավարտից հետո էլ նա շարունակեց իր մարդասիրական գործունեությունը՝ օգնություն ցուցաբերելով հայրենիքից արտաքսված եւ զանգվածային կոտորածներից փրկված հայ, ասորի եւ հույն գաղթականներին: Սա ամերիկյան մարդասիրության խոսուն դրվագներից է:
Հենրի Մորգենթաու անունը յուրաքանչյուր հայի համար անջնջելի է՝ որպես մի նվիրյալ, ով գերադասեց ճշմարտությունը լռությունից, ով նախընտրեց դժբախտության մեջ հայտնվածներին օգնելու անշահախնդիր, երբեմն էլ` վտանգավոր ճանապարհը», - ասել է ՀՀ նախագահը:
«Ամիսներ առաջ ես այցելեցի Միացյալ Նահանգների Հոլոքոստի հուշահամալիր-թանգարան: Այն ցեղասպանության հանցագործության առավել քան ազդեցիկ եւ խոսուն հիշատակարան է: Մարդկության դեմ իրագործված ոճիրներին նվիրված թանգարանները հստակ ուղերձ են ներկա եւ ապագա սերունդներին, որ երբեք չմոռացվեն պատմության դառը եւ արյունալի դրվագները: Բայց մենք չենք կարող մեր հույսը դնել միայն թանգարանների եւ հուշակոթողների վրա: Հավատարիմ «հիշում ենք» կարգախոսին՝ մենք պետք է անենք հնարավորինն ու անհնարինը՝ անվտանգ ապագա ապահովելու համար մեր սերունդներին: Ուստի, Հենրի Մորգենթաուի եւ նրա հետնորդների առաքելության հանրահռչակումը մեծ կարեւորություն է ստանում՝ ոչ միայն հայերի եւ ամերիկացիների ապագա սերունդների մեջ հիշողության պահպանման, այլեւ միջազգային մասշտաբով մարդասիրական դաստիարակության տեսանկյունից: Ցեղասպանությունների զոհերի հիշատակը վառ պահելու համար մենք պետք է համադրենք մեր ջանքերը, որպեսզի կառուցենք բռնություններից զերծ աշխարհ: Ցեղասպանությունների կանխարգելումն ու դրանց ժխտման դեմ պայքարը այդ ճանապարհի կարեւորագույն հանգրվաններից են», - նշել է Սերժ Սարգսյանը: