ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Վայոց Ձոր մարզում հոկտեմբերի 2–4–ը կանցկացվի «Արենի» գինու 7–րդ փառատոնը

0
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 2–4–ը Վայոց–Ձորի մարզում 7–րդ անգամ կանցկացվի «Արենի» գինու ավանդական փառատոնը, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տուրիզմի բաժնի պետ Մեխակ Ապրեսյանը։

Փառատոնի շրջանակում նախատեսված միջոցառումները կանցկացվեն Ռինդ և Արենի գինեգործական համայնքներում։

Ապրեսյանի խոսքով` նման միջոցառումների անցկացումն օգնում է լուծել մի շարք կարևոր խնդիրներ։ «Խոսքը մարզերի համաչափ տնտեսական զարգացման, մարզերում, համայնքներում տուրիզմի զարգացման, հայկական տուրիզմի արդյունքների դիվերսիֆիկացման մասին է», – ասաց Ապրեսյանը։

Նա նշեց, որ հենց նման միջոցառումներն են օգնում գյուղական համայնքներին ներկայացնել իրենց տնտեսական ներուժն ինչպես ներքին, այնպես էլ միջազգային շուկաներում։

«Դա նպաստում է կոնկրետ համայնքների զարգացմանը, օգնում է ստեղծել աշխատատեղեր։ Այս տեսակետից բոլոր նման փառատոնները խնդիրների լուծման հզոր գործիքներ են», – ավելացրեց Ապրեսյանը։

Նրա խոսքով`փառատոնին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել օտարերկրյա հյուրեր` սերտիֆիկացված սոմելյեներ Ջեյկոբ Քլեյթմանը (Իսրայել) և Քեթի Ջուրխաձեն (Վրաստան)։

Միջոցառման կազմակերպիչ, «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանն իր հերթին նշեց, որ հայկական գինուն անծանոթ պրոֆեսիոնալ սոմելյեները կմասնակցեն տարբեր մրցույթների և համտեսի ժամանակ հնարավորություն կունենան գնահատել այդ ըմպելիքը։

Նրա խոսքով` փառատոնի շրջանակում կանցկացվեն «Գինու լավագույն մրցույթը», «Տնական գինիների մրցույթը» և «Արենի» գինու փառատոնը։

«Փառատոնին կներկայացվեն կարմիր և սպիտակ գինիներ։ Այս տարի Հայաստանում կա նաև որակյալ վարդագույն գինի, սակայն դեռևս շուտ է անցկացնել այդ գինու մրցույթը», – ասաց Մանուկյանը։

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն իր հերթին նշեց, որ «Արենի» փառատոնի առանձնահատկություններից է այն, որ այստեղ մարդիկ կկարողանան հաճելի միջավայրում անցկացնել իրենց հանգստյան օրերը։

«Այս ամենը թույլ է տալիս հանգստանալ ընտանիքի հետ, վայելել պատմական ժառանգությունը, ինչպես նաև մասնակցել միջոցառմանը։ Սա հիանալի հնարավորություն է զբոսաշրջիկների համար», – ասաց Երիցյանը։

Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին` օտարերկրացի սոմելյեները նշեցին, որ արդեն հասցրել են համտեսել հայկական գինի, որի համն իրենց հիացրել է։

Միջոցառման կազմակերպիչներն են «Արենի փառատոն» հիմնադրամը` Էկոնոմիկայի նախարարության և Արդյունաբերության զարգացման հիմնադրամի աջակցությամբ, Հայկական համայնքների միության և Վայոց–Ձորի մարզպետարանի հետ համատեղ։

Փառատոնի նպատակն է ներկայացնել Հայաստանը որպես գինեգործության օրրաներից և կարևորագույն կենտրոններից մեկը, ինչպես նաև` գրավիչ երկիր տուրիզմի տեսակետից։ Գինու առաջին փառատոնը կազմակերպվել է 2009 թ.–ին և երեք տարվա ընթացքում հայտնի է դարձել ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս։ –0–