ՀՀ ՊՆ անձնակազմը վերապատրաստվում է «Մայքրոսոֆթ»-ում
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԱՄՆ-ում տեղակայված «Մայքրոսոֆթ» ընկերության գրասենյակ:
Ինչպես տեղեկացնում են ՊՆ մամուլի ծառայությունից, այցը տեղի է ունեցել ՀՀ կառավարության եւ «Մայքրոսոֆթ» ընկերության միջեւ ստորագրված «Կառավարության անվտանգության ծրագրի վերաբերյալ» պայմանագրի շրջանակում:
ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է ընկերության Կիբեր հանցագործությունների պայքարի գրասենյակ եւ Տվյալների պահպանման կենտրոն, ինչպես նաեւ հանդիպել ընկերության փոխնախագահ Վահե Թորոսյանի հետ:
Քննարկվել են ՀՀ կիբեր անվտանգության ծրագրի մշակման եւ ՀՀ ՊՆ ու այլ շահագրգիռ գերատեսչությունների կիբերանվտանգության ոլորտում համապատասխան անձնակազմի պատրաստության գործում «Մայքրոսոֆթ» կողմից հնարավոր աջակցությանն առնչվող հարցերը:
Պատվիրակության կազմում ընդգրկված «ԵրՄՄԳՀԻ» տնօրեն Արսեն Թառոյանը «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչներին է ներկայացրել կիբերանվտանգության բնագավառում առկա մարտահրավերներին դիմագրավման նպատակով ՀՀ-ում «Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոն հիմնադրամի ստեղծման նախաձեռնության մանրամասները եւ ընկերության հետ համագործակցության հնարավոր ուղղությունները:
ՀՀ կառավարության եւ «Մայքրոսոֆթ»-ի միջեւ ստորագրված պայմանագրի համաձայն՝ սեպտեմբերի 28-30-ը «Մայքրոսոֆթ» ընկերության ուսումնական կենտրոնում վերապատրաստում է անցնում ՀՀ ՊՆ եւ այլ շահագրգիռ գերատեսչություններից կազմված տեխնիկական անձնակազմը: