ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Ս.Սարգսյանը «պատմական» է որակել Իրանի եւ վեցյակի համաձայնագիրը

0

ՀՀ նախագահն այդ մասին ասել է սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում՝ հանդես գալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին:

«Շրջադարձային այդ պայմանավորվածությունն անխոս նպաստելու է համաշխարհային մակարդակով ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծմանն ու փոխադարձ վստահության ամրապնդմանը, ինչը հնարավոր եղավ երկարատեւ ու հետեւողական քաղաքական եւ դիվանագիտական ջանքերի շնորհիվ», - ասել է Սերժ Սարգսյանը:

Խոսելով Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակի մասին, Հայաստանի նախագահն ասել է, որ վայրագությունների հետեւանքով ոչ միայն ոչնչացվում են հայկական հոգեւոր եւ մշակութային ժառանգության նմուշները, այլեւ սպանվում եւ փախստական են դառնում Իրաքում եւ Սիրիայում բնակվող բազմաթիվ հայեր:

«Սիրիացի ժողովրդի համար ծանր ժամանակաշրջանում դժվարությունները կիսում է նաեւ դարերով այդ տարածքներում ապրող հայությունը: Մենք մեր ուժերի ներածին չափով փորձում ենք օժանդակել փախստականներին. մինչ օրս Հայաստանն ընդունել է ավելի քան 16 հազար փախստական Սիրիայից: Նրանց ընդունման թվով Հայաստանն առաջիններից մեկն է Եվրոպայում:

Հայերը լավ գիտեն փախստականի տարագիր ճակատագիրը: Հայոց ցեղասպանության զոհերի թիվն անհամեմատ մեծ կլիներ, իսկ վերապրածների ճակատագիրը` շատ ավելի դաժան, եթե այդ ծանր շրջանում մեր ժողովրդի կողքին չկանգնեին մեր բարեկամ երկրները: Այսօր հարկ է արժանին մատուցել Գերմանիային, Շվեդիային եւ մյուս երկրներին՝ ցուցաբերվող մարդասիրության համար: Ապաստան տալով հարյուր հազարավոր փախստականների՝ նրանք վերահաստատեցին, որ օգնությունը պարտադիր է թե՛ իրավական, թե՛ մարդասիրական տեսանկյունից», - ասել է ՀՀ նախագահը: