Էրեբունի-Երեւան տոնն այս տարի կարժենա շուրջ 160 մլն դրամ
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն ասել է, որ տոնակատարությունների համար, բյուջեով նախատեսված գումարից բացի, ներկայում 30 մլն դրամի չափով նվիրատվություն են ստացել:
Լրագրողները հետաքրքրվել են փոխքաղաքապետից, թե արդյո՞ք քննարկվել է բազմաթիվ քաղաքացիների՝ Երեւանի տոնը նշելու փոխարեն այդ գումարները սահմանամերձ բնակավայրերի աջակցությանն ուղղելու առաջարկը:
Արամ Սուքիասյանն ասել է, որ հարցը քննարկվել է, իրենք եւս մտահոգված են սահմանային իրավիճակով, սակայն քաղաքապետարանն իրավասություն չունի իր բյուջեն օգտագործել համայնքից դուրս կամ բարեգործական ծրագրերով:
«Երեւանի քաղաքապետարանն իր լիազորություններն ունի, որոնք օրենքով սահմանված են: Քաղաքային բյուջեն կարող է օգտագործվել Երեւանի հետ կապված խնդիրները լուծելու համար: Ինչ վերաբերում է նվիրատվություններին, ապա հովանավորներն այդ գումարները նպատակային են տալիս, մենք բարոյական իրավունք չունենք այլ նպատակների համար օգտագործել դրանք»,- հավելել է փոխքաղաքապետը:
Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ «Երեւանը համայն հայության մայրաքաղաքն է, եւ պետք է հավուր պատշաճի նշվի տոնը»՝ հավելելով, որ աշխարհի տարբեր երկրների 60 պատվիրակություն, այդ թվում՝ 7 քաղաքապետներ են ժամանելու մայրաքաղաք: