ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճով

0
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Նյու Յորքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճով, հաղորդում է Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել ստեղծված լարված իրավիճակի կապակցությամբ` կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ խնդրի կարգավորումը»,– ասվում է հաղորդագրությունում:

Նախագահը Բան Կի Մունին տեղեկացրել է գործընթացի ներկա փուլի, առկա խնդիրների և Ադրբեջանի կողմից հատկապես վերջին օրերին հրադադարի խախտման հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում առաջացած լարվածության մասին, որին անդրադարձել է նաև ՄԱԿ-ի 70-րդ վեհաժողովի նստաշրջանում:

Սեպտեմբերի 25-ին ղարաբաղյան ուժերի ուղղությամբ հրթիռահրետանային հարվածի հետևանքով զոհվել է ԼՂՀ պաշտպանության բանակի չորս զինծառայող։ Նախօրեին Հայաստանի հյուսիսային բնակավայրերի ադրբեջանի կողմից հասցված կրակոցների պատճառով  մահացել են երեք խաղաղ բնակիչներ։ Կրակոցների ժամանակ Ադրբեջանի ԶՈւ–ն օգտագործում է հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետեր և նռնականետեր։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային արդի խնդիրների, աշխարհում տեղի ունեցող մտահոգիչ իրադարձությունների` նորանոր հակամարտությունների, տարածվող ահաբեկչության և ծայրահեղականության, Միջին և Մերձավոր Արևելքում աճող լարվածության շուրջ:

Բան Կի Մունը ողջունել և շնորհակալություն է հայտնել մեր երկրին` Հյուսիսային Իրաքից և Սիրիայից փախստականներին Հայաստանում ապաստան տալու քայլերի համար:

Նախօրեին ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 70–րդ նտսաշրջանում` Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը մինչ օրս ընդունել է ավելի քան 16 հազար փախստական Սիրիայից։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կարևորել է առաջիկայում Երևանում կայանալիք խաղաղապահության գլոբալ մարտահրավերներին նվիրված համաժողովը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-