ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Հայաստանը բարելավել է դիրքերը Համաշխարհային մրցունակության ցուցիչով` 140 երկրների շարքում զբաղեցնեով 82–րդ տեղը

0
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը 2015 թ.–ին 140 երկրների շարքում զբաղեցրել է 82–րդ տեղը Համաշխարհային մրցունակության ցուցիչով` բարելավելով դիրքերը երեք կետով, չորեքշաբթի լրագրողներին ասաց «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը` ներկայացնելով 2015-2016թթ. մրցունակության գլոբալ հաշվետվության տվյալները։

Հայաստանը 2005 թ.–ին առաջին անգամ ներառված է Համաշխարհային մրցունակության զեկույցում` աշխարհի 117 երկրների շրջանում զբաղեցնելով 79–րդ տեղը։ Դրանից հետո երկրի դիրքերը փոքր–ինչ տատանվեցին` մնալով, սակայն, միևնույն մակարդակում։ Եթե 2010 թ.–ին Հայաստանի դիրքերը վատացան, և այն 139 երկրների շրջանում զբաղեցրեց 98–րդ տեղը, ապա արդեն 2013 թ.–ին վարկանիշը կրկին բարձրացավ` 148 երկրների շրջանում զբաղեցնելով 79–րդ տեղը։ 2014 թ.–ին Հայաստանն աշխարհի 144 երկրների շրջանում զբաղեցրել է 85–րդ տեղը։

«Հայաստանի դիրքերը մրցունակության գնահատման գրեթե բոլոր չափորոշիչներով չեն տարբերվում նմանատիպ երկրներից, բացառությամբ շուկայի չափի, ինչը պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով», –ասաց Հերգնյանը։

Նրա խոսքով` վարկանիշում Հայաստանի մոտ հարևաններն են Տաջիկստանը (80–րդ տեղ), Հունաստանը (81), Լաոսը (83) և Մոլդովան (84)։ Միաժամանակ Հայաստանն ու Վրաստանն այն երկրների թվում են, որոնք տնտեսական զարգացման հարցում գտնվում են արդյունավետության վրա հիմանված փուլում։ Իսկ Ադրբեջանը գտնվում է նախորդ փուլում, որը հիմնված է ռեսուրսների վրա։

Ինչ վերաբերում է ԱՊՀ երկրներին, ապա, ինչպես նշեց Հերգնյանը, Հայաստանն առաջ է անցնում միայն Մոլդովայից (84–րդ տեղ) և Ղրղըզստանից (102)` զիջելով Ադրբեջանին (40), Ղազախստանին (42), Ռուսաստանին (45), Վրաստանին (66), Ուկրաինային (79), Տաջիկստանին (80)։

Նա նշեց, որ Հայաստանն անկում է գրանցել 12 հիմնական կատեգորիաներից միայն 5–ում` մնացած կատեգորիաներում աճ գրանցելով 2–16 կետով։ Միաժամանակ ամենաբարձր աճը (14 և 16 կետերով) գրանցված է, համապատասխանաբար, ապրանքային շուկայի և աշխատաշուկայի արդյունավետության կատեգորիաներում։

Հայաստանի վարկանիշում տեղի ունեցած առավել հետաքրքիր փոփոխությունների թվում Հերգնյանն առանձնացրեց պետական քաղաքականության թափանցիկությունը` 51–րդ տեղ (անկում` 12 կետով), փոքր բաժնետերերի շահերի պաշտպանությունը` 108–րդ տեղ (անկում` 11 կետով)։ Հետաքրքիր է նաև այն փաստը, որ ներդրողների պաշտպանության ցուցանիշում 26 կետով անկման դեպքում Հայաստանը, այդուհանդերձ, այդ ցուցանիշով զբաղեցրել է առաջատար դիրքեր` 48–րդ տեղը 140 երկրների շրջանում։

Ինչպես նշեց Հերգնյանը, որոշ առումով Հայաստանը բարելավել է իր դիրքերը բջջային կապի բաժանորդների թվով, բայց միաժամանակ կրճատել է դիրքերը ավիաուղևորների թվով։

«Ինչ վերաբերում է մակրոտնտեսական քաղաքականությանը, ապա հիմնական փոփոխությունը կարելի է դիտել գնաճի գծով, որտեղ Հայաստանը բարելավել է դիրքերը 48 կետով և զբաղեցրել 58–րդ տեղը` միաժամանակ պահպանելով ցածր դիրքերը երկրի ՀՆԱ–ի նկատմամբ համախառն ազգային խնայողությունների հարաբերակցությամբ, որտեղ Հայաստանը զբաղեցրել է 113–րդ տեղը (անկումը 10 կետով)։ Միևնույն ժամանակ բարելավվել է ՀՆԱ նկատմամբ պետբյուջեի մնացորդի ցուցանիշը (աճը 13 կետով` 51–րդ տեղը)»,– ասաց կենտրոնի ղեկավարը։

Բարելավում է նկատվել առողջապահության, տարրական կրթության որակի, մաթեմատիկական և բնական գիտությունների ուսուցման, կադրերի նախապատրաստման, ապրանքային շուկաների արդյունավետության, մասնավորապես, հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության, ներդրումների վրա հարկերի ազդեցության ոլորտներում։

Խոսելով ֆինանսական շուկայի զարգացվածության ցուցանիշների մասին` Հերգնյանը նշեց, որ կապիտալի շուկաների հաշվին ֆինանսավորման ցուցանիշով Հայաստանը գտնվել է 120–րդ տեղում` նվազեցնելով ցուցիչը 8 կետով։

«Դա մեր ամենավատ ցուցանիշներից է, որը ցույց է տալիս կապիտալի տեղական շուկայի զարգացման ցածր մակարդակը»,– ասաց Հերգնյանը։

Զեկույցում ցածր աճ է նշվում վենչուրային կապիտալի հասանելիության ցուցիչով, որտեղ Հայաստանը բարելավել է դիրքերը 6 կետով և զբաղեցրել 90–րդ տեղը, իսկ բանկերի կայունացման մակարդակով, որտեղ Հայաստանն ավանդաբար զբաղեցրել է կայուն դիրքեր, այս տարի գրանցվել է անկում 17 կետով (83–րդ տեղը)։

Նրա խոսքով` լավ ցուցանիշ է գրանցված երկրում գիտնականների և ինժեներների առկայությամբ (59–րդ տեղը` աճ 16 կետով), ինչը վկայում է այն մասին, որ բիզնեսը գիտակցում է պրոֆեսիոնալ կադրերի և նրանց վերապատրաստման պահանջարկը։ Միաժամանակ Հայաստանը զգալիորեն ետ է մնում այլ երկրներից այնպիսի ցուցանիշով, ինչպիսին են հետազոտությունների և մշակումների մեջ ընկերությունների ներդրումները (անկում 7 կետով` 109–րդ տեղը)։

Խոսելով Հայաստանի առավել հետաքրքիր առավելությունների մասին` փորձագետը նշեց, որ երկրում հասուն բնակչության շարքում ՁԻԱՀ–ի տարածման ամենացածր մակարդակն է (1-ին տեղը)։ Հայաստանն առավել բարձր ցուցանիշներ է գրանցել այնպիսի ցուցիչներով, ինչպիսիք են բիզնեսը սկսելու համար անհրաժեշտ ընթացակարգերը (3–րդ տեղ), օրերի քանակը, որոնք պետք են նոր բիզնես սկսելու համար (8–րդ տեղ), հարկադրույքը (13–րդ տեղը), աշխատանքի ընդունվելու և ազատվելու փորձը (15–րդ տեղը)։

Առավել հետաքրքիր թերությունների շարքում Հերգնյանը նշեց նավահանգստային ենթակառուցվածքների որակը (132–րդ տեղ), ինչը բնական է Հայաստանի համար, որը չունի ծովային ճանապարհներ, տարրական կրթության մեջ ներգրավվելը (122–րդ տեղ), ինչը պայմանավորված է միգրացիայով, որի պատճառով երեխաները հաշվառվում են Հայաստանում, բայց սովորում են այլ երկրներում։ Թերությունների շարքում նա նշեց մարքեթինգային գործիքների օգտագործումը (121–րդ տեղը), արտաքին շուկայի չափի գործակիցը (120–րդ տեղ), կապիտալի ներքին շուկայի հաշվին ֆինանսավորումը (120–րդ տեղ)։

Երկրների առաջին տասնյակը գրեթե անփոփոխ է վերջին տարիների` Շվեյցարիա (1), Սինգապուր (2), ԱՄՆ (3), Գերմանիա (4), Նիդեռլանդներ (5), Ճապոնիա (6), Հոնկոնգ (7), Ֆինլանդիա (8), Շվեդիա (9) և Մեծ Բրիտանիա (10)։

Հայաստանը մասնակցում է մրցունակության գլոբալ հաշվետբությանը, որն իրականացվում է ձեռնարկատերերի շարքում վիճակագրական տվյալների և հարցումների հիման վրա, 2005թ.–ից։ Այս տարի հարցումներին մասնակցել են 80-100 հայկական կազմակերպություններ խոշոր և փոքր ու միջին բիզնեսի ոլորտներից։

Համաշխարհային տնտեսական համաժողովն անկախ միջազգային կազմակերպություն է, որի առաքելությունն է լավացնել աշխարհում ստեղծված իրավիճակը առաջնորդների միջև գործընկերություն հաստատելու միջոցով` գլոբալ մասշտաբով, ինչպես նաև տարածաշրջանների և բնագավառների մակարդակում օրակարգ ձևավորելու նպատակով։

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը «Համաշխարհային տնտեսական համաժողովի» մրցունակության գլոբալ ցանցի գործընկերն է։-0-