ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Կարգավորիչը հավանություն է տվել Հայաստանի տարածքով Էլեկտրաէներգիայի տարանցիկ փոխադրման կարգին

0
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) չորեքշաբթի կայացած նիստում հավանություն է տվել «Հայաստանի տարածքով Էլեկտրաէներգիայի տարանցման փոխադրման կարգը» նախագծին։
Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց «Էլեկտրաէներգետիկ համակարգի օպերատոր» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Մնացական Մնացականյանը, էլեկտրաէներգիայի տարանցիկ փոխադրումը ֆինանսական տեսանկյունից Հայաստանի համար բավականին շահավետ կլինի։
Նրա խոսքով` հայկական էներգահամակարգը էլեկտրահաղորդիչ գծերով կապված է Վրաստանի և Իրանի հետ։

«Ներկայում կառուցվում է 400 կՎտ հզորությամբ Հայաստան–Իրան երրորդ էլեկտրահաղորդիչ գիծը, իսկ հեռանկարում սպասվում է նոր 500 կՎտ հզորությամբ չորրորդ նոր ԷՀԳ–ն, որը կապելու է Հայաստանն ու Վրաստանը։ Սա թույլ կտա մեծ հզորություններ փոխանցել հարևան երկրներ», – նշեց նա։

Վրաստանի հետ բարձրավոլտ ԷՀԳ–ներ կառուցելու մասին որոշումը Հայաստանի կառավարությունն ընդունել է 2015 թվականի մարտի 16-ին 320 մլն եվրո ընդանուր արժողությամբ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրով։ Այս ծրագրի իրականացումը թույլ կտա բարձրավոլտ ԷՀԳ–ների հզորությունը հասցնել 350 ՄՎտ–ից մինչև 1050 ՄՎտ–ի` խոստանալով արդեն 2018 թվականին ապահովել երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի փոխադարձ տարանցիկ փոխադրում։

Ծրագիրն կիրականացվի  երեք փուլով, որից առաջինը մեկնարկել է 2014 թվականին և կտևի մինչև 2018 թվականը, երկրորդ փուլը կտևի մինչև 2021 թվականը, իսկ երրորդը` մինչև 2026 թվականը։
Առաջին փուլը նախատեսում է Հայաստանից Վրաստան բարձրավոլտ ԷՀԳ–ի կառուցումը, ինչը թույլ կտա բարձրացնել ներկայիս 200 ՄՎտ հզորության ցանցի  հզորությունը մինչև 700 ՄՎտ։

Ծրագրի առաջին փուլի արժեքը գնահատվում է 107 մլն եվրո, որոնցից 85 մլն եվրոն կտրամադրի KfW զարգացման բանկը դեկտեմբերին ստորագրած վարկային համաձայնագրի շրջանակներում, մնացած 20 մլն եվրոյի վերաբերյալ ստորագրվել են համաձայնագրեր, որոնց համաձայն, 10 մլն եվրոն կտրամադրի ԵՄ–ն դրամաշնորհի տեսքով, իսկ 10 մլն եվրո վարկը` Եվրոպական ներդրումային բանկը` 25-28 տարի մարման ժամկետով տարեկան 0,5% միջինացված տոկոսադրույքով։

Իրանի ուղղությամբ նախատեսվում է Հայաստան–Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցումը, որը կկապի երկու երկրների էներգահամակարգերը։ 107 մլն եվրո արժողությամբ պայմանագիրը նախատեսում է երկու տարվա մեջ 275 կմ երկարությամբ ԷՀԳ–ի կառուցում, ինչը թույլ կտա ավելացնել էլեկտրաէներգիայի փոխադարձ մատակարարման ծավալները։ -0-