Չեմպիոնների լիգա. 2-րդ տուրի ուղեցույց
Չեմպիոնների Լիգան այս շաբաթ կրկին խոստանում է հետաքրքիր ու անմոռանալի պահեր պարգեւել ֆուտբոլասերներին: Mediamax Sport-ն անդրադարձել է առաջիկա հանդիպումներին, վերլուծել թիմերի պատրաստվածությունն ու փորձել գուշակել խաղերի ելքը:
4 հանդիպումներ, որ պետք է անպայման դիտել
«Բարսելոնա» - «Բայեր»
29 սեպտեմբեր, 22:45, «Կամպ Նոու», Բարսելոնա
2012թ. «Բարսելոնան» սեփական հարկի տակ ոչնչացրեց «Բայերին» 7-1 հաշվով, իսկ Մեսսին այդ խաղում դարձավ ՉԼ-ի պատմության առաջին պենտատրիկի հեղինակը: Լեւերկուզենցիներն այս անգամ կարող են ավելի հանգիստ դուրս գալ «Կամպ Նոուի» խաղադաշտ, քանզի Մեսսին չի խաղալու: Արգենտինացին վերջին խաղում վնասվածք ստացավ եւ լքեց թիմին 7-8 շաբաթով՝ փոխանցելով գնդակը Նեյմար-Սուարես զույգին, ովքեր պետք է ապացուցեն, որ Մեսսիի ստվերից դուրս եւս բավականաչափ քաջ են ու հզոր:
«Մեսսիի նման խաղացողի հնարավոր չէ փոխարինել»,- ձեւականությունների հետեւից չընկնելով նկատեց մարզիչ Լուիս Էնրիկեն նախախաղյա ասուլիսին: Նրա խոսքերը հաստատում է նաեւ վիճակագրությունը՝ առանց արգենտինացու «Բարսելոնայի» հաղթանակների տոկոսը 70-ից իջնում է 62,5-ի, իսկ մեկ խաղում գոլերի միջին թիվը՝ 2,5-ից 2,1-ի:
[[gallery1]]
Ի ուրախություն մարզչի՝ խաղից առաջ շարք վերադարձան Կլաուդիո Բրավոն եւ Ժորդի Ալբան, ի դժբախտություն նրա՝ թիմում բավականաչափ որակյալ փոխարինողներ չկան, ուստի Լուչոն պետք է հույսը դնի ոչ միայն մյուս ֆուտբոլիստների, այլեւ սեփական ուղեղի վրա, որպեսզի խելամիտ լուծումներով չեզոքացնի «Ոսկե գնդակի» քառակի դափնեկրի պակասը:
Կանխատեսում՝ «Բարսելոնան» միավոր չի կորցնի սեփական հարկի տակ
«Պորտու» - «Չելսի»
29 սեպտեմբեր, 22:45, «Դրագաո», Պորտու
Ժոզե Մոուրինյոն վերադառնալու է «Դրագաո», որտեղ եւ սկսվեց նրա մարզչական թափավազքը, երբ 11 տարի նվաճեց Չեմպիոնների լիգան «Պորտուի» հետ: Անշուշտ, «Առանձնահատուկը» կցանկանար առավել ուրախ ու ինքնավստահ ներկայանալ պորտուգալացի երկրպագուներին, սակայն այս պահին նա ընդամենը Պրեմիեր լիգայի 15-րդ թիմի մարզիչն է: «Չելսին» տնային առաջնության նոր մրցաշրջանի 7 խաղերում վաստակել է ընդամենը 8 միավոր եւ ընդունել 18 գնդակ, ինչը փաստում է, որ Մոուրինիոյի ավտոբուսը վերանորոգման տալու ժամանակն է: Թեեւ «Պորտուի» դեմ լոնդոնցիների վիճակագրությունը դրական է (Հ4-Ո1-Պ1), սակայն այս պահին տանտերերը առավել մարտունակ թիմ են: Խուլեն Լոպետեգիի սաները անպարտելի են Պորտուգալիայի առաջնությունում, իսկ դարպասում ունեն Իկեր Կասիլյաս, որը կյանքն էլ կտա, միայն թե չպարտվի Մոուրինյոյին: Վերջինիս կարող է հուսադրել միայն հարձակվող Դիեգո Կոստայի վերադարձը, ով նախորդ խաղում ՉԼ իր առաջին գնդակը խփեց «Չելսիի» կազմում:
[[gallery2]]
Կանխատեսում՝ Մոուրինյոն պարտված չի լքի Պորտուգալիան
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վոլֆսբուրգ»
30 սեպտեմբեր, 22:45, «Օլդ Թրաֆֆորդ», Մանչեսթեր
«Մանչեսթեր Յունայթեդը» այս շաբաթ բարձրացավ Պրեմիեր լիգայի առաջին հորիզոնական՝ առաջին անգամ այն օրից ի վեր, երբ Ֆերգյուսոնի հրաժեշտի մրցաշրջանում նվաճել էր ոսկե մեդալները: Սա նաեւ Ռունիի վերադարձն էր, ով ավարտեց իր՝ 1000 րոպե տեւած առանց գոլի շարքը: Սակայն Չեմպիոնների լիգայում ամեն ինչ նույնքան հիանալի չէ, քանզի Լուի վան Գալը սկսել է պարտությունով, իսկ այս խաղում հանդիպելու է խմբային փուլում իր գլխավոր մրցակցին՝ «Վոլֆսբուրգին»: Գերմանացիները վերջին անգամ «Օլդ Թրաֆֆորդում» հաղթել են 14 տարի առաջ, մյուս կողմից էլ «գայլերը» կարծես դեռ ուշքի չեն եկել մեկ շաբաթ առաջ Լեւանդովսկու գործած հրաշքից հետո, սակայն սա դեռ չի նշանակում, որ վան Գալի սաներին հեշտ խաղ է սպասվում: «Մանչեսթեր Յունայթեդը» ստիպված է լինելու հերթական անգամ գործարկել ողջ հզորությունը, մոռանալով, որ առջեւում «Արսենալի» դեմ խաղն է:
[[gallery3]]
Կանխատեսում՝ «Յունայթեդը» կհաղթի
«Յուվենտուս» - «Սեւիլիա»
30 սեպտեմբեր, 22:45, «Յուվենտուս Ստեդիում», Թուրին
Այս տարվա երկու եվրագավաթների եզրափակչի մասնակիցները նոր սկսված մրցաշրջանի 12 խաղերում միասին վաստակել են ընդամենը 10 միավոր: «Յուվենտուսը» 15-րդն է Ա սերիայում, «Սեւիլիան»՝ 16-րդը Լա Լիգայում, իսկ ահա ՉԼ-ի մահվան խմբում այս թիմերը կիսում են առաջին հորիզոնականը: Նոր մրցաշրջանի մղձավանջից «Ծեր սենյորան» կարողացավ արթնանալ միայն «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում, որը հաղթեց 2-1 հաշվով, սակայն դա դեռ չէր նշանակում վերադարձ դեպի հաղթական ուղի: Նախորդ տուրում թուրինցիները կրկին պարտվեցին, այս անգամ՝ «Նապոլիին»: Նոր թիմը այդպես էլ չի կարողանում ձեռք բերել անհրաժեշտ խաղակցվածություն ու բալանս, չհարկադրված սխալները շատ են, հետեւանքները՝ անբեկանելի, իսկ վնասվածքներն էլ թույլ չեն տալիս ձեւավորել հիմնական կազմ: Ամեն դեպքում, «Յուվենտուսը» ՉԼ-ում Թուրինում վերջին անգամ պարտվել է 2013թ. եւ մտադիր չէ զիջել առաջատարների վաճառքից հետո ծանրաբեռնվածությունից ուժասպառ եղած «Սեւիլիային»: Թեեւ, եթե մրցավարները Ունայի Էմերիի թիմի օգտին նախորդ խաղի պատրաստակամությամբ 11 մետրանոցներ նշանակեն, «Յուվենտուսին» կարող է չփրկել նույնիսկ ամենահաս Բուֆոնը:
[[gallery4]]
Կանխատեսում՝ «Յուվենտուսը» ուշքի կգա եւ կհաղթի
4 հանդիպում, որ արժեր դիտել, եթե չլինեին նախորդ 4 հանդիպումները
«Լիոն» - «Վալենսիա»
29 սեպտեմբեր, 22:45, «Ստադ դե Ժերլան», Լիոն
Մեկնարկային տուրի անհաջողակ ֆավորիտները հանդիպելու են՝ փորձելով Եվրոպական ասպարեզում ցույց տալու ավելին, քան իրենց մոտ ստացվում է տնային առաջնություններում: «Լիոնը» ընդամենը մեկ հաղթանակ ունի վերջին 5 խաղերում, սակայն թիմը ՉԼ ողջ պատմության ընթացքում շատ հաջող է խաղում «Ժերլանում», ուստի հույս ունի վերականգնվել: «Վալենսիային» էլ վերջին տուրում օգնեց հաղթել աշխարհի չեմպիոն Շկոդրան Մուստաֆին, սակայն երբ թիմի լավագույն խաղացողը կենտրոնական պաշտպանն է, ուրեմն խնդիրները շատ են:
Կանխատեսում՝ «Լիոնի» հաղթանակ
«Արսենալ» - «Օլիմպիակոս»
29 սեպտեմբեր, 22:45, «Էմիրեյթս», Լոնդոն
«Արսենալը» նախորդ շաբաթ կարողացավ վերադառնալ հաղթական ուղի՝ առավելության հասնելով «Տոտենհեմի» նկատմամբ Լոնդոնի դերբիում եւ ջախջախելով «Լեսթերին»: Ժամանակն է կարգավորելու գործերը նաեւ ՉԼ-ում, որը Արսեն Վենգերը սկսեց Զագրեբում կրած անակնկալ պարտությունով: Վնասվածք ունեցող ֆուտբոլիստները ֆրանսիացի մարզչի թիմում ավանդույթի համաձայն շատ են, սակայն այս անգամ գումարվել է նաեւ նախորդ խաղում կարմիր քարտ ստացած Օլիվիե Ժիրուն: «Օլիմպիակոսը» այս մրցաշրջանում դեռ միավոր չի կորցրել տնային առաջնությունում, սակայն բրիտանական հողը հյուրընկալ չէ հույների նկատմամբ. թիմը պարտվել է Անգլիայում անցկացրած իր վերջին 12 խաղերում՝ խփելով 3 և ընդունելով 37 գնդակ:
[[gallery5]]
Կանխատեսում՝ «Արսենալը» հաղթանակ կտոնի
«Ատլետիկո» - «Բենֆիկա»
30 սեպտեմբեր, 22:45, «Վիսենտե Կալդերոն», Մադրիդ
Երկու թիմերն էլ առաջին տուրում նույն՝ 2-0 հաշվով հաղթանակ տարան խմբի մյուս երկու՝ արեւելյան թիմերի նկատմամբ: Երկու թիմերն էլ հաջորդող խաղերում մեկական պարտություն կրեցին իրենց սկզբունքային հակառակորդներից, եւ այժմ պետք է ամեն ինչ անեն, որ տնային առաջնության մարզավիճակը չտեղափոխվի եվրոպական ասպարեզ:
Կանխատեսում՝ տանտերերի հաղթանակ
«Բորուսիա» Մյունխենգլադբախ - «Մանչեսթեր Սիթի»
30 սեպտեմբեր, 22:45, «Բորուսիա Պարկ», Մյոնխենգլադբախ
Ամեն ինչ հիանալի էր «Մանչեսթեր Սիթիի» համար մինչեւ ՉԼ մեկնարկը, որից հետո թիմը պարտվեց 4 խաղից 3-ում: Պելլեգրինիին ակնհայտորեն պակասում են Սերխիո Ագուերոյի գոլերը, իսկ պաշտպանական գիծը առայժմ շարունակում է զարմացնել միայն իրենց գերագնահատված տրանսֆերային գումարներով: Իսկ ահա Մյունխենգլադբախի «Բորուսիան», 6 անընդմեջ պարտություններից ու Լուսիեն Ֆավրի հեռանալուց անմիջապես հետո սկսեց հաղթել, ընդ որում՝ բավականին վստահ, երկու խաղերում խփելով 7 գոլ եւ ընդունելով 3-ը: «Մանչեսթեր Սիթին» պետք է շատ զգույշ ու ուշադիր լինի, որպեսզի կարողանա առաջին միավորը վաստակել ՉԼ-ում, մրցաշարում, որ «քաղաքաբնակներին» երբեք չի հաջողվում սկսել առանց խնդիրների:
[[gallery6]]
Կանխատեսում՝ «Սիթին» կվաստակի առաջին 3 միավորը
4 հանդիպում, որտեղ բավարար է դիտել խփված գոլերը, իսկ դրանք քիչ չեն լինելու
ԲԱՏԵ - «Ռոմա»
29 սեպտեմբեր, 22:45, «Բորիսով Արենա», Բորիսով
Երեքշաբթի օրը Բորիսովում կրկին բացելու են ճոխ սեղանները եւ սպասելու հերթական հյուրին, որը կարող է մի լավ հյուրասիրվել, իսկ ապա շուռ տալ ու փշրել ամեն ինչ մեկնելուց առաջ: Թեեւ «Ռոման» վնասվածքների պատճառով կորցրել է Էդին Ջեկոյին, Ֆրանչեսկո Տոտտիին, ավելի վաղ՝ նաեւ Վոյցեխ Շեսնիին ու Սեյդու Կեյտային, սակայն «Բարսելոնայի» դեմ խաղում արձանագրած հաջողությունը կոգեշնչի հռոմեացիներին ԲԱՏԵ-ի դեմ խաղում, որի հետ միավորների կորուստը հավասար է ինքնաոչնչացման, իսկ մարզավիճակ հավաքած Ժերվինյոն ու Սալահը անպայման կցանկանան համալրել իրենց հաշիվները գոլերով և փոխանցումներով:
Կանխատեսում՝ «Ռոմայի» հաղթանակ
«Բավարիա» - «Դինամո» Զագրեբ
29 սեպտեմբեր, 22:45, «Ալլիանց Արենա», Մյունխեն
Թեեւ «Դինամոն» առաջին տուրում անակնկալ հաղթանակ տարավ «Արսենալի» նկատմամբ՝ առաջինը խորվաթական թիմի համար ՉԼ պատմության ընթացքում, սակայն «Բավարիայի» դեմ նրանք ավելի լավ է պառկեն գետնին եւ ձեռքերով փակեն գլուխները: Վերջում կարելի է ուղղակի նայել ցուցատախտակին եւ հաշվել՝ քանի անգամ է գրված Լեւանդովսկի ազգանունը, գուցե ֆուտբոլային լեքսիկոնում նոր տերմիններ ներդնելու ժամանակն է:
[[gallery7]]
Կանխատեսում՝ «Բավարիան» կջախջախի մրցակցին
«Շախտյոր» - ՊՍԺ
30 սեպտեմբեր, 22:45, «Լվով Արենա», Լվով
Ժամանակին «Շախտյորը» շատ ավելի լուրջ էր ընդունվում եվրոպական ասպարեզում, սակայն առաջատարների վաճառքից հետո այն այլեւս կորցրել է հսկաներին կծելու իր կարողությունը, մանավանդ որ վաղուց հանդես չի գալիս հարազատ տանը՝ «Դոնբաս Արենայում»:
Կանխատեսում՝ «Շախտյորին» դժվար կլինի խուսափել պարտությունից
«Մալմյո» - «Ռեալ»
30 սեպտեմբեր, 22:45, «Սվեդբանկ», Մալմյո
Թեեւ «Ռեալը» այս տարի արդեն 18 գնդակ է խփել, սակայն դրանցից 15-ը՝ երեք խաղերում, մինչդեռ մնացած 4 խաղերում՝ ընդամենը 3 գոլ: Ռաֆայել Բենիտեսի թիմը նախորդ խաղում վերջին 56 հանդիպմանն առաջին անգամ լքեց «Սանտյագո Բեռնաբեուն» առանց խփած գնդակի: Սակայն Մեսսին վնասվածք ունի, եւ իսկական ժամանակն է, որ Ռոնալդուն առաջ պոկվի ՉԼ պատմության լավագույն ռմբարկուների ցանկում՝ անցնելով 80 գնդակի սահմանը:
Կանխատեսում՝ «Ռեալը» վստահ հաղթանակ կտանի
4 հանդիպում, որոնց վրա ժամանակ ծախսել չարժե
«Զենիթ» - «Գենտ»
29 սեպտեմբեր, 22:45, «Պետրովսկի», Սանկտ-Պետերբուրգ
[[gallery8]]
Կանխատեսում՝ ոգեւորված «Զենիթը» կանգ չի առնի ու երկրորդ հաղթանակը կտոնի
«Մաքքաբի» Թ-Ա - «Դինամո» Կիեւ
29 սեպտեմբեր, 22:45, «Սամմի Օֆեր», Հայֆա
Կանխատեսում՝ հյուրերը 3 միավոր կվաստակեն
ԲԿՄԱ – ՊՍՎ
30 սեպտեմբեր, 22:45, «Արենա Խիմկի», Մոսկվա
Կանխատեսում՝ Ոչ- ոքի
«Աստանա» - «Գալաթասարայ»
30 սեպտեմբեր, 20:00, «Աստանա Արենա», Աստանա
Կանխատեսում՝ «Գալաթասարայը» փորձի հաշվին դժվարին հաղթանակ կտանի
Կարեն Ռաֆայելյան