ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

ԵՏՄ շրջանակում Հայաստանի անցումը միասնական արժույթի անխուսափելի է. փորձագետ

0
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը, ինչպես նաև ԵՏՄ մյուս երկրները, վաղ թե ուշ պետք է անցում կատարեն միասնական արժույթով առևտրի կազմակերպման կամ գոնե փոխհաշվարկի միասնական համակարգերի, չորեքշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը։

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 8–ին Գրոդնոյում Եվրասիական տնտեսության միության երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպմանն առաջարկել է միության երկրներին անցում կատարել ռուբլիով հաշվարկների ռազմավարական ապրանքների առևտուր իրականացնելիս` հրաժարվելով դոլարից։

«ԵՏՄ–ն, ինչպես և ցանկացած այլ տնտեսական միություն առաջարկում է միասնական տնտեսական միջավայրի ձևավորում, իսկ փոխադարձ հաշվարկի համակարգերն այդ միջավայրի անքակտելի մասն են։ Եվ Աբրահամյանի հայտարարությունը տեղին է եղել և բխել երկրի տնտեսական շահերից»,– նշեց նա։

Մելքումյանի խոսքով` խոսքը գնում է ռազմավարական կարևոր ապրանքների մասին, առաջին հերթին` էներգակիրների։ «Մենք Ռուսաստանից ներկրում ենք 1,7 մլրդ խմ գազ` տարեկան 350 մլն դոլարով։ Եթե հավելել նավթամթերքը` բենզին, դիզվառելիք, ապա ընդհանուր առմամբ էներգակիրների ներկրումը կազմում է մոտավորապես 600-650 մլն դոլար»,– ասաց նա և հավելեց, որ նման քանակությամբ դոլարով հաշվարկը գործնական առումով շահավետ չի Հայաստանին։

Նա նշեց, որ ռուբլով առևտրին անցում կատարելը զգալիորեն կկրճատի փոխարժեքի ծախսերը և ԵՏՄ երկրների հետ առևտրային հարաբերությունների համատեքստում կարող է շահավետ լինել Հայաստանի համար։

Մելքումյանի խոսքով` սկզբից փոխհաշվարկը կարելի է իրականացնել էլեկտրոնային փողերի միջոցով կամ այլ եղանակով։ «Դա համապատասխանում է Հայաստանի պաշտոնական դիրքորոշմանը, քանի որ մենք այդ տնտեսական տարածության մաս ենք»,– նշեց նա։

Իր հերթին ԱԺ փորձագետ, տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշեց, որ Հայաստանը, ստորագրելով ԵՏՄ–ին միանալու մասին պայմանագիր, իր վրա միասնական արժույթ կիրառելու պարտավորություններ չի վերցրել։ «Դա հնարավոր կլինի միայն միասնական ֆինանսական միջավայր ստեղծելուց հետո, իսկ մինչև այդ պետք է ստեղծել ազատ շուկայական տնտեսություն։ Մինչ այդ միասնական արժույթին անցնելն անհնար է»,– նշեց նա։

Նրա խոսքով` Բելառուսը և Ղազախստանն արդեն վաղուց Ռուսաստանի հետ առևտուր են իրականացնում ռուբլիով, և դա դրական է անդրադառնում նրանց տնտեսությունների վրա։ «Բելառուսն արտահանման 87 տոկոսը և ներկրման 57 տոկոսը հաշվում է ռուբլիով, իսկ Ղազախստանը` արտահանման 51 տոկոսը և ներկրման 75 տոկոսը։ Ինչպես երևում է, այդ երկրներում ռուբլիով առևտուրը փոխշահավետ է։ Կարծում եմ, որ մենք պետք է օգտվենք Բելառուսի փորձից»,– հավելեց նա։

Պարսյանը նշեց, որ ռուբլով հաշվարկին անցում կատարելիս Հայաստանը պետք է վերանայի բոլոր միջպետական պայմանագրերը, բոլորը վերածի ռուբլու, դրանից հետո հաշվարկներ կատարի։ «Իսկ դա բավական երկար և քրտնաջան աշխատանք է»,– հավելեց նա։-0-