ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Պուտին. Մեր ներկայությունը Սիրիայում սահմանափակվում է միայն իշխանություններին զենք մատակարարելով

0
«Ռուսաստանը ռազմական օգնություն է ցուցաբերում միայն Սիրիայի նախագահ Բաշար ալ- Ասադի լեգիտիմ բանակին», - ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի լրագրող Չառլի Ռոուզի հետ հարցազրույցի ժամանակ:


Նա նշել է, որ Սիրիայում գոյություն ունի մեկ լեգիտիմ բանակ: «Դա Ասադի բանակն է: Իսկ ինչ վերաբերում է Սիրիայում մեր ներկայությանը, ապա այդ կերպ մենք զենք ենք մատակարարում Սիրիայի իշխանությանը, ուսումնական ծրագրեր ենք իրականացնում և մարդասիրական օգնություն ցուցաբերում», - ասել է Պուտինը:


Նրա խոսքով, Ռուսաստանը գործում է բացառապես ՄԱԿ-ի կանոնակարգով, այսինքն՝ առաջնորդվում է ժամանակակից միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներով, համաձայն որի, օգնությունը, այդ թվում՝ ռազմական, կարող է և պետք է ցուցաբերվի այս կամ այն երկրի միայն լեգիտիմ իշխանություններին՝ նրանց համաձայնությամբ, նրանց խնդրանքով կամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշմամբ:


«Այս պարագայում մենք գործ ունենք սիրիական իշխանությունների խնդրանքի հետ, ինչն էլ մենք իրագործում ենք՝ առանց միջազգային պայմանագիր խախտելու», - ասել է Պուտինը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանը տարածաշրջանային երկրներին համագործակցության կոչ է արել ԻՊ-ի դեմ պայքարում:


Հիշեցնենք, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել էր, որ Սիրիայում ռուսական զորքերի ներկայությունը Վաշինգտոնի համար միայն մեկ դեպքում քիչ թե շատ ընդունելի կլինի, եթե մերձավորարևելյան այս երկրում տեղակայված ուժերը պայքարեն բացառապես «Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» խմբավորման դեմ:


«Եթե ռուսներն այնտեղ են «Իրաքի և Սիրիայի իսլամական պետության», բացառապես «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար, դա այլ հարց է: Նույնիսկ եթե նրանք նախկինի պես աջակցություն են ցուցաբերում Բաշար Ասադին, բայց չեն բացառում «Իսլամական պետության» դեմ համագործակցության շուրջ բանակցությունների հեռանկարը, ապա կարող եմ ասել, որ մենք առաջիկա օրերին այս թեմայի շուրջ հաստատ կզրուցենք Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Բայց եթե ռուսներն այնտեղ են, որպեսզի քաջալերեն Ասադին, որպեսզի նա չգնա որևէ բանակցությունների, ապա դա լուրջ խնդրի է վերածվում Սիրիայի համար, մեզ համար, բոլոր այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են վերջ տալ այսքան լայնորեն ծավալված այս հակամարտությանը», - ասել է Քերրին: