ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

ՀՀ զինված ուժերն օգտագործելու են խոցման համարժեք միջոցներ

0

Ս.թ. սեպտեմբերի 25-ին 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծման է ենթարկվել ԼՂՀ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ: Հրետակոծման ժամանակ հակառակորդն առաջին անգամ կիրառել է 122մմ հրետանային միջոցներ` հարվածներ հասցնելով ոչ թե առաջնագծում տեղակայված դիրքապահ ուժերին, այլ նրանց թիկունքում տեղակայված ստորաբաժանումներին:

«Հակամարտության կարգավորման քաղաքական գործընթացին աջակցելու նպատակով մինչ այժմ ՀՀ զինված ուժերի զուսպ պահվածքը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ միջագային կառույցների արձագանքը որեւէ կերպ չեն ազգում հակառակորդի վրա հրադադարի ռեժիմի պահպանման հարցում, դեռ ավելին, նրա մոտ սեփական զինված ուժերի գերազանցության պատրանք են ստեղծում` հրահրելով անպատժելիության մթնոլորտում դիմելու նորանոր արկածախնդրությունների:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի կողմից իրադրության հետեւողական լարումը, որը պարբերաբար հանգեցնում է մարդկային կորուստների, ինչպես նաեւ միջազգային հանրության անհասցե քննադատությունը եւ մտահոգություններն անընդունելի են: Ուստի հակառակորդին լռեցնելու, նրա գործողությունները կանխարգելելու եւ դրանով իսկ բանակցային գործընթացին աջակցելու նպատակով ՀՀ զինված ուժերի կողմից այսուհետ օգտագործվելու են հրետանային եւ հրթիռային խոցման համարժեք միջոցներ` մշտական խոցման տակ պահելով ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, բոլոր զորաշարժերը, զինտեխնիկան եւ կենդանի ուժը», - ասված է ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: